Ի տարբերություն Հալեպի՝ Քեսաբի հարցում արձագանքը սուր էր, որովհետև ակնհայտ էր Թուրքիայի աջակցությունն ահաբեկիչներին. Է.Մարուքյան
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը պնդում է, որ ի տարբերություն Հալեպի, մասնավորապես՝ Նոր Գյուղի շրջանում տեղի ունեցող աղետալի իրադարձությունների՝ մարդկային զոհեր, հայկական եկեղեցիների ու դպրոցների ավերում, Քեսաբի հարցում հայկական կողմի արձագանքն ավելի սուր էր, քանի որ այդտեղ ակնհայտ էր Թուրքիայի աջակցությունն ահաբեկիչներին։
«Հալեպի խնդրով էլ չենք լռում, տարբեր մակարդակներով տարբեր հարթակներում այդ հարցը բարձրացվել է՝ և´ միջազգային հարթականերում, և´ խորհրդարանական դիվանագիտության շրջանակում։ Քեսաբի հարցում ինչու՞ էր մեր պատասխանն այդքան սուր եղել՝ զուտ այն պատճառով, որ Թուրքիայի սահմանից մասնակցություն է եղել: Հալեպի պարագայում մինչև Քեսաբի դեպքերն էլ եղել են ծայրահեղ վայրագություններ: Սա է պատճառը, որ արձագանքը սուր է եղել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Իհարկե՝ անկախ պատգամավորը տեղյակ է, որ Թուրքիան ոչ պակաս մասնակցություն ունի նաև Հալեպի հարցում, բայց նկատեց, թե մի բան է, որ զինում են, մեկ այլ բան, որ սահմանի վրա ակնհայտ աջակցում են ՝ տարածք տալով։
«Հալեպի պարագայում եթե կարող էին ասել, թե մենք կապ չունենք, Քեսաբի պարագայում չէին կարող վիճարկել, այնտեղ անգամ կային տեսանյութեր, ձայնագրություններ»,-նշեց նա։
Հարցին, թե գուցե Քեսաբում հաջողությունը հաշվի առնելով՝ ՀՀ ԱԺ պատգամավորներն այցելեն նաև հալեպահայությանը, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ ոչինչ չի բացառում, իսկ թե ինչն է խանգարում դրան՝ պատասխանեց. «Նախաձեռնությունը։ Ժամանակին, երբ մենք նախաձեռնել էինք դա, մեզ քննադատում էին, ասում էին՝ ներկայացուցչական չէր, դե՝ հիմա թող նախաձեռնողներ լինեն ու նախաձեռնեն, ո՞վ է ում ձեռքը բռնել»։
Աղբյուր՝ թերթ.am
Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ, Քեսաբ (Սիրիա)