Պատգամավոր. Թող ստվեր լինի, բայց մարդ լինի այդ գյուղերում, որ մեր զինվորը թիկունք ունենա

21/10/2014

Ազգային Ժողովում այսօր սկսեցին քննարկել Կառավարության ներկայացրած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ու հարակից նախագծերի փաթեթը, որով սահմանվում է սահմանամերձ համայնքներին մի շարք արտոնություններ տրամադրել: Քննարկման ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ֆինանսների նախարարի տեղակալից հետաքրքրվեց` ամրագրված են արդյո՞ք ժամկետային սահմանափակումներ, թե որքան ժամանակ Կառավարությունը չի փոխի օրենքը` այդպիսով երաշխիքներ տալով գործարար միջավայրի զարգացմանը:
Panorama.am-ը զրուցեց պատգամավորի հետ այս թեմայի շուրջ:

-Պարոն Մարուքյան, նախագծի քննարկման ժամանակ Դուք երաշխիքների մասով հարց բարձրացրեցիք: Ուրիշ ի՞նչ թերություն ունի նախագիծը:
-Իմ համար ամենամեծ սկզբունքային թերությունը դա է և այս առումով առաջարկությունն արդեն պատրաստել եմ: Դրա միտքը հետևյալն է. մենք առաջարկում ենք որոշակի հարկերից ազատում սահմանամերձ որևէ համայնքում` խոսքը շուրջ 47 համայնքների մասին է: Պատկերացնենք քաղաքացին 2 մլն դոլար է ներդնում և որևէ համայնքում կառուցում է պահածոների գործարան: Պետությունը երկու տարի հետո, տեսնելով, որ այդ պահածոների գործարանից առաջացող գումարները կարող էր հարկել, բերում է օրենքը խորհրդարան և նորից այն փոխում` պահանջելով հարկ վճարել: Գործարանն արդեն կառուցված է, հունի մեջ է ընկել և ահա` փաստի առաջ է տնտեսվարողը կանգնում: Դրա համար ես ասում եմ` ի՞նչ երաշխիքներ ենք մենք տալիս, որ ներդրողները օգտվեն նաև այս նախագծով նախատեսվող հնարավորությունից ու ներդնեն կամ թեկուզ գործարանները տեղափոխեն սահմանամերձ համայնքներ:

Ի վերջո, ամբողջ միտքը նրանում է, որ մարդկանց կարողանանք պահել այդ հողի վրա` սահմանամերձ գյուղերում: Եվ եթե չենք տալիս երաշխիքներ և մեր բոլոր տնտեսվարողներն էլ գիտեն, որ մենք այստեղ շաբաթը մեկ հարկային օրենսդրություն ենք փոխում, այս նախագիծը հնարավոր է այդ ազդեցությունը չունենա: Այսինքն` լավ բան ենք անում, մինչև վերջ դա անենք: Հայտարարենք, օրինակ, որ 20 տարի այդ երաշխիքները չեն փոխվելու, դրանք ուժի մեջ են մտնելու 2015թ-ի հունվարից և մինչև 2035թ-ը սա չի փոխվելու: Հետո այն ժամանակ կքննարկենք` կփոխենք, չենք փոխի, դա արդեն այն ժամանակ կերևա: Ի վերջո, քսան տարի էլ անցնի թուրքը մնում է թուրք: Ադրբեջանը թշնամի է, այսինքն` սահմանամերձ համայնքների խնդիրը մենք միշտ էլ ունենալու ենք, քանի տարի ուզում է անցնի: Հետևաբար որպեսզի այս ամենը չդառնա իմիտացիա, թե լավ բան ենք անում` չորս խանութ, երեք բուդկա հարկից ազատենք, այլ ռեալ երաշխիքներ տանք` ապացուցելով, որ չենք փոխելու այդ օրենքը: Այնպես որ` ես առաջարկելու եմ, որ առնվազն քսան տարի արտոնություններ սահմանող դրույթները վերանայման հնարավորություն չունենան:

-Ֆինանսների նախարարի տեղակալի հետ Ձեր երկխոսությունից հասկացա, որ Կառավարությունը նման երաշխիքներ պատրաստ չէ տալ:
-Ավելին` Վախթանգ Միրումյանի պատասխանից ես հասկացա, որ իրենք անգամ պատրաստ չէին այդ հարցը լսել և չէին մտածել այդ ուղղությամբ, որ հնարավոր է նման հարց առաջանա: Իրավական պետության հիմնական բաղադրիչներից մեկը կանխատեսելիությունն է. եթե ես գործարար եմ, պետք է վարկ վերցնեմ ու գնամ գործարան կառուցեմ, պետք է գոնե մի քիչ կանխատեսեմ, որ դա այդ ձև կաշխատի: Ելնելով մեր այս իրավիճակից, որևէ մեկը կանխատեսելիություն չունի: Տեսեք` «Շրջանառության հարկը» նոր է ընդունվել, բայց այն արդեն բերել ենք, որ հետաձգենք մինչև փետրվար: Մեզ մոտ ամեն ինչ կարող է ցանկացած պահի քաղաքական նկատառումներով, բողոքի ցույցերով փոխվել: Այնպես որ` շատ կարևոր է, որ այս երաշխիքները դրվեն օրենքի մեջ:

-Պարոն Մարուքյան, ներկայացվեց, որ օրենքում մեխանիզմներ կան, որոնք իբրև թե սահմանափակում են գործող բիզնեսի տեղափոխումը սահմանամերձ այդ համայնքներ, ինչը միտված է ստվերը զսպելուն:
-Դա լավ է…

-Բայց իսկապե՞ս հնարավոր է այդ մեխանիզմներով զսպել:
-Չեմ կարծում, թե նոր ստվերի խնդիր կարող ենք ունենալ: Անգամ եթե լինի էլ, ապա ամեն դեպքում ես կարծում եմ, որ եթե 50, 100, 200 մարդ սահմանամերձ գյուղերում աշխատանք կունենա, ապա թող մի քիչ էլ ստվեր լինի, ի՞նչ անենք: Ի՞նչ է, ստվեր չկա Երևանում: Սահմանամերձ գյուղերում իսկապես խնդիր ունենք, մարդ չի մնացել, գնում ես այնտեղ` գիշերը լույս չի վառվում: Ստվերը դարձել է մի այնպիսի երևույթ, որ բոլորը ստվերից են խոսում, ամբողջ երկիրը ստվերի մեջ է, հիմա էլ սահմանամերձ համայնքների ստվերից պետք է խոսենք: Ես կարծում եմ` թող ստվեր լինի, բայց մարդ լինի այդ գյուղերում, որ թշնամին ուզենա հարձակվի, մեր զինվորը թիկունք ունենա, ոչ թե իմանա, որ ինքն ու իր դիրքերն են , իսկ հետևում մի քանի կիլոմետր մարդ չկա: Սա ամենասարսափելին է, որ կարող է լինել:

Նախորդող`
Հարցականներ առաջ քաշող հարկային արտոնություններ սահմանամերձ համայնքներին

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Լիա Խոջոյան

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ