ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐՑԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍՏՈՐԱԴԱՍՎԵԼ ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

04/11/2014
Մեր հարցերին պատասխանում է ԱԺ անկախ պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ

-Ճի՞շտ է, որ պատրաստվում եք դառնալ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնութան անդամ։
-Այս պահին նպատակադրում չունեմ այս կամ այն քաղաքական ուժին միանալու։ Ուրիշ բան, որ ինքս իմ մեջ մտորումներ ունեմ՝ որքանո՞վ նպատակահարմար է միայնակ գործունեություն ծավալել՝ լինելով քաղաքականության մեջ։ Այնպես որ ժամանակը ցույց կտա՝ որ քաղաքական թիմի հետ կկապեմ իմ ապագան. ես տեսլական ունեցող մարդ եմ ու չեմ կարող իմ քաղաքական ապագան ժամանակավոր ինչ-որ հանգամանքներով պայմանավորել։
-Ինչպե՞ս եք վերաբերվում եռյակի որդեգրած այն մոտեցմանը, թե քաղաքական այս փուլում պետք է շրջանցել ինտեգրացիոն վեկտորի ընտրության հետ կապված տարաձայնությունները եւ կենտրոնանալ բացառապես այն հարցերի վրա, որտեղ կան ընդհանուր մոտեցումներ, այն է՝ իշխանափոխություն եւ արտահերթ ընտրություններ։
-Կարծում եմ՝ շատ սխալ մոտեցում է։ Այս կամ քաղաքական ուժի հետեւորդը լինելուց առաջ պետք է հասկանալ՝ ինչ է ուզում այդ ուժը անել։ Արտաքին հարցերը չեն կարող ստորադասվել ներքին խնդիրներին՝ սոցիալական, տնտեսական եւ այլն։ Սոցիալական, տնտեսական հարցերը շատ կարեւոր են, բայց դրանց լուծումը մեծապես կախված է նաեւ արտաքին քաղաքական գործընթացներից։
Այդ առումով քաղաքական ուժերը շատ հստակ պետք է ասեն՝ ինչպես են տեսնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարը, ինչպես են պատկերացնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, Հայաստանի հետագա զարգացումը։
Ռեգիոնալիզմի շրջանակներում աշխարհի տարբեր տարածաշրջաններում տարբեր միություններ են ստեղծվել, որոնք փորձում են դեպի իրենց տանել երկրներին, եւ շատ կարեւոր է, որ քաղաքական ուժերը ոչ միայն ներկայացնեն իրենց դիրքորոշումը այդ հարցերի վերաբերյալ, այլեւ կոնկրետ հիմնավորումներ ներկայացնեն, ոչ թե հայտարարեն՝ ԵՏՄ անդամակցությունն ընդունեք որպես կատարված փաստ, մի խումբ մարդիկ ջղաձգվում են եւ այլն։
Այդ տեսակետից անընդունելի է, երբ ասվում է՝ այս պահին խոսենք միայն ներքին հարցերից, իսկ արտաքին խնդիրները կսպասեն։ Եթե դու հրապարակային օֆերտա ես հայտարարում՝ առաջարկ ես ներկայացնում քաղաքացուն, նա պետք է հասկանա եւ կարողանա կանխատեսել, թե հետագայում ուր ես իրեն տանելու։
Հանրահավաքում հնչած վերջին հայտարարություններից հետո պարզ է, որ այստեղ, ըստ էության, զատման գործընթաց է գնում՝ մարդիկ, ովքեր իրենց տեսլականով համաձայն չեն ԵՏՄ-ի անդամակցության, ԵՏՄ-ի շրջանակներում Հայաստանի զարգացման տեսլականին եւ ունեն խորը վերապահումներ, կարծում եմ, չեն կարող աջակցել այն ուժերին, որոնք դրա ջատագովն են։
-Համարում եք, որ եռյակը միանշանակ դիրքորոշո՞ւմ ունի այդ հարցում։ Օրինակ, «Ժառանգությունը» Հայաստանի եվրաինտեգրացման ջատագով է, ինչպես եւ դուք, բայց դա կարծես թե չի խանգարում եռյակի «եռամիասնությանը»։
-Դա, իհարկե, «Ժառանգության» խնդիրն է, բայց արդեն այն, որ Հայաստանի արտաքին կողմնորոշման, ասել է թե՝ զարգացման տեսլականի հետ կապված, եռյակի ուժերից երկուսը մի՛ կարծիք ունեն, մյուսը՝ բոլորովին այլ, վկայում է, որ ինչ-որ փուլում նրանց ճանապարհները բաժանվելու են։
-Եռյակն ասում է՝ թող իշխանությունը հրաժարական տա, նշանակվեն արտահերթ ընտրություններ։
-Եթե համարում են, որ այս պահին գլխավոր հարցը արտաքին քաղաքական կողմնորոշումը չէ, այլ արտահերթ ընտրությունների կազմակերպումը, դա էլ է դիրքորոշում։ Այդ առումով խնդիր չեմ տեսնում, բայց իմ վերլուծությունները տանում են նրան, որ նման տարաձայնություններ ունենալով՝ երկար չեն կարող շարունակել համատեղ գործունեությունը։ Հնարավոր է, որ դա ձգվի մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններ, հնարավոր է՝ կեսից բաժանվեն։ Ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, դրա համար պետք է լինեն պայմաններ։ Գործող սահմանադրությունը 1995թ. սահմանադրությունը չէ, որով կարելի էր ուզած պահին ցրել Ազգային ժողովը։ Այնպես որ արտահերթ ընտրությունների նախադրյալներ չեմ տեսնում, եւ, ի դեպ, ընդդիմության գործողություններից էլ չի երեւում, թե գնում են արտահերթ ընտրություններին։
Նրանք ուժերի կոնսոլիդացիա են իրականացնում, որը տանելու է 2017թ. խորհրդարանական ընտրություններին, ինչը նորմալ է։ Այդ ընտրությունները կլինեն փոփոխված սահմանադրությամբ թե գործող՝ չեմ կարող ասել, բայց որ կոնսոլիդացիան ուղղված է 2017թ. ընտրություններին՝ կասկած չունեմ։
-Վերջերս հաճախ է խոսվում, որ հրապարակում գործող ընդդիմությունն ապագաղափարական է՝ պետք է ստեղծվի «գաղափարական» ընդդիմություն, որը միավորված կլինի աշխարհաքաղաքական կենտրոններից մեկին, այս դեպքում՝ արեւմտյան կողմնորոշման շուրջ։ Սա վտանգավոր միտում չե՞ք համարում։
-Հակառակը, վտանգավոր եմ համարում միաբեւեռ քաղաքական դաշտ ունենալը։ Մենք հիմա ունենք արտաքին քաղաքական կողմնորոշման առումով միաբեւեռ քաղաքական դաշտ. բոլոր հիմնական ուժերը մի՛ կարծիքի են, եւ կան մի քանի մանր-մունր քաղաքական ուժեր, որոնք այլ կարծիքի են։
Այս առումով չեմ կարծում, թե հասարակական տրամադրությունները համապատասխանում են քաղաքական դաշտում ձեւավորված ուժերի հարաբերակցությանը։ Այսինքն՝ հասարակության մեջ Հայաստանի եվրաինտեգրացման կողմնակիցների «չափաբաժինն» այնքան նվազ չէ, որքան ներկայացված է քաղաքական դաշտում։
-Արեւմտյան կողմնորոշման շուրջ երկրորդ ընդդիմադիր բեւեռի ձեւավորումը պարարտ հող չի՞ ստեղծի արտաքին միջամտության համար. նույն Արեւմուտքը բոլոր հնարավոր միջոցներով չի՞ սատարի այդ ընդդիմությանը՝ միջամտելով մեր ներքին գործերին։
-Չեմ կարծում, թե Արեւմուտքը կփորձի սատարել որեւէ ուժի Հայաստանում կամ խառնվել Հայաստանի ներքին գործերին։
-Եթե Ուկրաինայում սատարեց, Հայաստանո՞ւմ ինչու չպետք է սատարի։
-Որովհետեւ Ուկրաինան Ուկրաինա է, Հայաստանը՝ Հայաստան։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

 

Բաժին: Մամուլ