Էդմոն Մարուքյանը՝ Փոստանջյանին. «Սրա իմաստը ո՞րն է, ի՞նչ խնդիր եք ուզում լուծել, չեմ հասկանում» (Տեսանյութ)

11/11/2014

«Հույս ունեմ, որ իմ գործընկեր Զարուհի Փոստանջյանն այլեւս այս նախագիծը չի ներկայացնի: Ես երկու անգամ բոյկոտել եմ եւ չեմ մասնակցել քվեարկությանը, բայց այս հարցն ամեն անգամ բերելով՝ հարցն արժեզրկում ենք: Ամեն անգամ հարցը մտցնել ԱԺ օրակարգ՝ հարցի արժեզրկում է, սա ոչ մի լավ բան չի տալիս»,- այսօր այսպիսի կարծիք հայտնեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ Զարուհի Փոստանջյանի հեղինակած «ԼՂ եւ ՀՀ անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծի վերաբերյալ, որով առաջարկվում է ճանաչել ԼՂՀ անկախությունը: Ըստ Էդմոն Մարուքյանի, իրավական առումով ԱԺ-ն չի կարող նման որոշում ընդունել: Իրավական առումով այն անընդունելի է, նման լիազորություն ԱԺ-ն չունի. «Մենք կարող ենք ընդունել օրենք կամ հայտարարություն, բայց ոչ որոշում»: Բացի այդ, ըստ պատգամավորի, նախագծում անհարկի շահարկվում է օտարերկրյա զորքերի հարցը. «Այստեղից ի՞նչ ուղերձ եք ուզում անել արտաքին աշխարհին, ուզում եք ասել, թե զո՞րք է պետք, պետք չի: Այդ հարցի քննարկումը վնասակար մաս է մեզ համար: ԵՏՄ անդամակցությանը ես ինքս դեմ եմ, բայց մաքսակետերի այդ հարցը անընդհատ բերել քննարկման առարկա դառնա, ի՞նչ եք ուզում, որ մյուս գործընկերներն ասեն՝ դուք էլ եք այս հարցը քննարկում, այդ մաքսակետերը պետք է դնե՞ք: Իմաստը ո՞րն է անընդհատ այս հարցը շահարկելու: Մեր թշնամական պետությունն ամբողջ աշխարհում փորձում է արժեզրկել եւ կասկածի տակ դնել Մինսկի խումբը: Սրանով մենք ինքներս ենք կասկածի տակ դնում Մինսկի խումբը, արժեզրկում ամբողջ բանակցային պրոցեսը, մեկուսանում եւ սահմանի վրա կանգնած զինվորի համար լուրջ խնդիր առաջացնում: Ես ինքս կանգնել եմ սահմանի վրա, գիտեմ դա ինչ է: Սրա իմաստը ո՞րն է, ի՞նչ խնդիր եք ուզում լուծել, չեմ հասկանում: Ես այն ժամանակ խնդրել եմ Զարուհի Փոստանջյանը հետ վերցնի, բայց հետ չի վերցրել, ավելին՝ արտահերթ է ներկայացրել: Հիմա էլ խնդրում եմ այլեւս չներկայացնի»:

Զարուհի Փոստանջյանը չհամաձայնեց Մարուքյանի հետ. «Օգոստոսի իրադարձությունները հաշվի առնելով՝ մեր ՊՆ նախարարի շուրթերից հնչեց, որ մենք չենք ուզում այստեղ գան խաղաղապահ ուժեր: Այս հարցն օրակարգային է, կարմիր գծով գնում է: Իհարկե, բոլորի կողմից կա գայթակղություն այնտեղ բերել իրենց ուժերը, մենք դա թույլ չենք տվել: Ինչ վերաբերում է մաքսակետին, դուք իրավաբան եք, ծանոթ չե՞ք պայմանագրին, չգիտե՞ք, որ պայմանագրով պետք է տեղադրվի: Եթե չեն ասում, դա նշանակում է չի՞ տեղադրվելու: Դա փաստաթուղթ է եւ կատարվելու է: Միգուցե բանավոր ասում են, որ տեղի չի ունենալու, բայց փաստաթղթով տեղի ունենալու է: Մենք պետք է հասկանանք, որ Ղազախստանը Ադրբեջանի բարեկամ պետություն է, Ադրբեջանը կարող է մի օր չորոշե՞ն բերել այնտեղ իրենց մաքսավորներին տեղադրել: Ունենալու է զենք, հատուկ միջոցներ, այդ սահմանը վերահսկելու է: Ինչպե՞ս ենք այդ սահմանով զինամթերք փոխանցելու, ապրանքներ փոխանցելու: Չե՞ք իմանում: Հատուկ գիտելիքների տեր չպետք է լինել, որ դա չգիտակցենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Աղբյուր՝ aravot.am

Բաժին: Մամուլ, Տեսանյութեր