ՎՊՀ հենակետային վարժարանն անվանակոչվեց հերոս Զորիկ Գևորգյանի անունով

26/11/2014

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հենակետային վարժարանի մուտքը նոյեմբերի 25-ին լի էր բազմությամբ: Մի շարք պետական ու հոգևոր այրեր, համալսարանի աշխատակիցներ, ուսանողներ և աշակերտներ հավաքվել էին ներկա լինելու ոգեշնչող ու հուզումնալից արարողության՝ հենակետային վարժարանի անվանակոչությանը: ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկով և ՎՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի համաձայնությամբ ՎՊՀ հենակետային վարժարանը անվանակոչվեց վարժարանի շրջանավարտ, հայ զինվորական, հետախույզ-կապիտան Զորիկ Գևորգյանի անունով, ով իր կյանքը նվիրաբերեց հայրենիքին` թշնամու հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս: Հերոսը 2004-2006 թթ. սովորել է տվյալ վարժարանում, որն այսուհետ կրելու է իր անունը: Անվանակոչման արարողությանը ներկա էին ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը, ՎՊՀ հենակետային վարժարանի տնօրեն Սամվել Աղաջանյանը, Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ԼՄ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, ՀՀ զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսից ներկայացուցիչներ, Զորիկ Գևորգյանի ընտանիքի անդամները, հարազատները, դասախոսներ, ուսանողներ, աշակերտներ: Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին 2014թ. օգոստոսի մեկի լույս երկուսի գիշերը Մարտակերտի շրջանում թշնամու հարձակումը կասեցնելիս զոհված հերոսի անմար հիշատակը, ով իր կյանքը նվիրաբերեց հայրենիքի սահմանների պահպանմանը: Սա ևս մեկ քայլ է, որով մեր հայ մարտիկը, մեր վարժարանի շրջանավարտը, մեր հերոսը հավերժ կմնա բոլորիս սրտերում՝ նշեց ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը. «Այսօր մեր համալսարանում իրադարձային օր է նրանով, որ հենակետային վարժարանը պետք է անվանվի մեր վարժարանի սան, իր արիությամբ աչքի ընկած, քաջազուն Զորիկ Գևորգյանի անունով: Այո’, արիությունը, սխրագործությունը բոլորին չէ հատուկ: Ես ուզում եմ իմ խոնարհումը բերել նրա ծնողներին, այն արմատներին, որտեղից նա ընձյուղվել է, այն ուսուցիչներին, այն ընկերներին, այն շրջապատին, որտեղ նա մեծացել է: Շնորհակալություն նաև պարոն Մարուքյանին նման նախաձեռնության համար: Եվս մեկ անգամ շնորհակալություն Զորիկի ծնողներին, շնորհակալ ենք, որ նման որդի եք դաստիարակել»: ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ անչափ հպարտ է Վանաձորցի քաջարի մարտիկի նման հերոսական քայլով. «Ես հպարտ եմ, իրապես, որ Վանաձոր քաղաքը հերոս է տվել և կարևոր հանգամանք է, որ մենք մեր հերոսներին ճանաչում ենք: Սա նաև լուրջ խթան կարող է հանդիսանալ մեր մյուս հերոսներին ճանաչելու, հարգելու և արժանին մատուցելու համար: Ես շնորհակալ եմ համալսարանի ղեկավարությանը այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար: Մենք պետք է սիրով հիշենք, մեր որդիներին դաստիարակենք այն ոգով, որով առաջնորդվեց Զորիկ Գևորգյանը»: Հենակետային վարժարանի տնօրեն Սամվել Աղաջանյանը իր խոսքում նշեց, որ այսուհետ ամեն ուսումնական տարի «Ռազմագիտություն» առարկայի առաջին դասերը կնվիրվեն Զ. Գևորգյանի կենսագրությանն ու մարտական ուղուն. «Այսօր ինձ համար շատ դժվար է խոսել, մենք պարուրված ենք հակասական զգացմունքներով. մի կողմից մենք ողբում ենք երիտասարդի կորուստը, մյուս կողմից հպարտության զգացումն է, որ ևս մեկ անգամ վկայում է` հայոց գենը չի դադարում հերոսներ ունենալ, հայ զինվորը մարտունակ է»: Հենակետային վարժարանի 12-րդ դասարանի աշակերտուհի Ալինա Խաչատրյանը ներկայացրեց թիվ 26 դպրոցի աշակերտների կողմից գրված բանաստեղծությունը՝ նվիրված Զորիկ Գևորգյանի հիշատակին: Ելույթով հանդես եկավ նաև ՀՀ զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով ավագ սպա, մայոր Կարեն Քիքանյանը: Նա նշեց, որ ամենքս էլ պետք է ոգեշնչվենք հայրենասիրությամբ, քանի որ խաղաղության ջատագովը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմների: Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը կոչ արեց ներկաներին միասնաբար աղոթք հղել առ Աստված` հավերժ հերոս Զորիկ Գևորգյանի անմար հիշատակի, նրա հոգու հանգստության համար: Վարժարանի ցուցանակի բացման համար հրավիրվեցին ՎՊՀ ռեկտոր Գուրեն Խաչատրյանը, Զորիկ Գևորգյանի քույր Անի Գևորգյանը և վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Անդրանիկ Փոթինյանը: Չկարողանալով զսպել հուզմունքը՝ Զորիկ Գևորգյանի քույրը նշեց. «Սիրտս դողում է, երբ վարժարանի աստիճանները բարձրանում եմ ու կարդում Զորիս անունը: Ես խաղաղ ու երջանիկ ընտանիք ունեի: Մենք Զորիս հետ վարժարան ենք մտել ժպիտով, հիմա վարժարան եմ մտնում արցունքներով … Այդ խեղդող ցավը երբեք ոչ-ոք թող չզգա… Վարժարանը հիմա հերոսիս անունն է կրում, իմ Զորը միշտ է հերոս եղել : Ես ինչ-որ խոսքեր չեմ կարող ասել, որովհետև…որովհետև ես Զորիս եմ ուզում…»: Ցուցանակի բացման արարողությունից հետո ներկաները հրավիրվեցին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի Զորիկ Գևորգյանի անվան հենակետային վարժարան ՝ ծանոթանալու Զորիկ Գևորգյանի հուշանկյունին: Միջոցառումն, իսկապես, հուզումնառատ էր. ներկաների թաց աչքերն ու շփոթահար, դողացող ելույթները վկան էին այն բանի, որ Զ. Գևորգյանի կորուստը միայն իր ընտանիքի ցավը չէ, այդ վիշտը ամենքինս է, որը կարող ենք փոքր ինչ սփոփել հերոսի հիշատակը վառ պահելով: Հիշեցնենք, որ Զորիկ Գևորգյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 29-ին ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում, այնուհետ մշտական բնակության տեղափոխվել ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաք։ Հայրը եղել է զինվորական։ 1996 թվականին միակ քրոջ՝ Անի Գևորգյանի (ծն. 1990թ.) հետ հաճախել են Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան թիվ 26 դպրոցը, երկուսով սովորել են նույն դասարանում։ 2004 թ.-ին 8-րդ դասարանը ավարտելով՝ քույր ու եղբայր տեղափոխվում են ՎՊՄԻ հենակետային վարժարան: 2006թ. ավարտելով 10-րդ դասարանը՝ Զորիկն ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ՝ սկզբում ընտրելով հետևակի մասնագիտությունը, այնուհետ` հետախույզի։ 2010 թվականին լետենանտի կոչումով անցնելով ՀՀ ԶՈՒ շարքերը՝ ծառայության է անցել N զորամասում որպես հետախուզական դասակի հրամանատար։ 2013 թվականին բարեխիղճ ծառայության համար արժանանում է ավագ-լետենանտի զինվորական կոչման և տեղափոխվում N. զորամաս՝ որպես վաշտի հրամանատար։ 2014 թ. օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը՝ Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս արիաբար զոհվում է քաջարի սպան։ Զորիկ Գևորգյանին հետմահու շնորհվել է կապիտանի կոչում։ ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ ԼՂՀ Նախագահի հրամանագրով՝ «Արիության համար» մեդալով: Ըստ vsu.am կայքի

Աղբյուր՝ lorinews.am

Բաժին: featured, Մամուլ