Պերմյակովի՝ օլիգոֆրենիկ լինելու մասին տեղեկության հայկական արձագանքը

05/02/2015

Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի՝ օլիգոֆրենիկ լինելու լուրը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահին «արդեն դուր չի գալիս», քանի որ նա այստեղ տեսնում է նախաքննության ուղղորդման միտում: Նման տեսակետ հնչեցրեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Ի՞նչ են ասում, լավ է՝ մանիակալ դեպրեսիայով չեն բանակ զորակոչել »,– հեգնեց Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ռուսաստանյան Комсомольская Правда պարբերականի և gazeta.ru կայքի այն տեղեկատվությանը, որ Պերմյակովը չէր կարող բանակ զորակոչվել, քանի որ տառապում է օլիգոֆրենիայով:
Tert.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը հավելեց. «Ու տենց՝ օլիգոֆրենիկ-օլիգոֆրենիկ բանակ են տարել: Էն, ինչ որ սպասելի էր, էլի, որ կպարզեն, որ հոգեկան հիվանդ է: Այլևս ինձ դուր չի գալիս այն, ինչ կատարվում է այդ հանցագործության շուրջ՝ ուղղորդումներ, հովանավորչություն: Բացարձակ այն չէ, ինչ սպասում էր հասարակությունը, ու ես արդեն խիստ կասկածում եմ, որ ինքը մենակ է եղել ու մտավախություն ունեմ, որ իրեն քավության նոխազ են սարքում: Առավել ևս՝ այդպիսի ախտորոշմամբ: Նման ախտորոշմամբ մարդուն բանակ չեն տանում, առավել ևս՝ օտար երկրի ռազմաբազա ուղարկում»:
Նշենք, որ gazeta.ru -ն «Պարզվում է՝ Պերմյակովը օլիգոֆրենիկ է» վերնագրով հոդվածումհղում անելով իր աղբյուրին՝ գրում է, որ ՌԴ Գլխավոր զինդատախազությունը պահանջել է նրան բանակ զորակոչած, ավելի շուտ՝102-րդ ռազմաբազա ուղարկած զինկոմիսարիատի մեղավորներին ենթարկել (ավելի ուշ հաստատվեց, որ քրեական գործ է  հարուցվել  Բալեյ քաղաքի զինկոմիսարիատի բաժնի ղեկավար Ալեքսանդր Լոգինովսկու, ինչպես նաև՝ զորամասի հրամանատար Եվգենի Սոցկովի դեմ):

 

«Նախկինում նրա մոտ ախտորոշվել է օլիգոֆրենիա: Նրան, առհասարակ, իրավունք չունեին զորակոչել, առավել ևս մարտական զենքով՝ մարտական հերթապահության կանգնեցնել: Այնտեղ կանգնեցնում են ադեկվատներին»,-պարբերականին մեկնաբանել է իր աղբյուրը:
Իսկ ռուսական լրատվամիջոցն էլ մի շարք հարցականներ է դնում` ինչո՞ւ է Պերմյակովը կրակել, եթե նրան պետք է եղել փող ու քաղաքացիական հագուստ, ինչի մասին նշել է իր ցուցմունքում, ինչո՞ւ է թողել իր անվան ու ազգանվան սկզբնատառերով հագուստն ու սապոգները:

 

Tert.am-ի հետ զրույցում իրավապաշտպան, «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ –ի նախագահ Ավետիք Իշխանյանը նկատեց, որ ՌԴ իրավական համակարգի ներկայացուցիչներն այն վարկածը շրջանառության մեջ մտցրին, որ մեղավորը Պերմյակովն է, թեև դեռևս դատարանում որևէ բան չի ապացուցվել, և ոչ էլ փորձաքննություն է կատարվել:
«Ինձ համար առանձնապես մեծ նշանակություն չունի՝ նա կդատվի որպես կատարո՞ղ: Այդ ամենը կասկածների տեղիք է տալիս»,-ասաց իրավապաշտպանը: Նրա խոսքով՝ ռուսական կողմն իրավունք չուներ միանգամից նման բնորոշում, որակումներ տալ, քանի դեռ դատական գործընթաց չի ընթացել:
«Այս ամեն ինչը հասարակությանը նախապատրաստելն է, որ նա է եղել ու վերջ, ու որ որևիցե այլ վարկած շրջանառության մեջ չլինի»,-ասաց նա:
Ավետիք Իշխանյանը նշեց, որ կարևորն այն չէ, թե նրան կճանաչեն մեղսունակ և կտան ցմահ ազատազրկում, թե՞ կճանաչեն անմեղսունակ, այլ իրավապահ համակարգի համար կարևորը հասարակության մեջ այդ վարկածն ամրապնդելն է, իսկ մնացածը երկրորդական հարցեր են:
Իսկ այն, որ ռուս քննիչները քրեական գործ են հարուցել  Բալեյ քաղաքի զինկոմիսարիատի բաժնի ղեկավարի դեմ, Ավետիք Իշխանյանը նույնպես երկրորդական հարցեր համարեց:

 

«Դա ևս ընդհանուր վարկածի տրամաբանության մեջ է մտնում: Եթե հոգեկան հիվանդ է, ապա նրան ուղարկողները պետք է ինչ-որ պատիժ կրեն, որը էական նշանակություն չունի գործի բացահայտման համար: Գլխավորն այն է, որ իմ կասկածները ոչ մեկ չի կարող փարատել»,-ասաց նա։
ԱԺ պատգամավոր, իրավաբան  Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում միայն ասաց, որ մի բան ակնհայտ է. եթե նա բանակ է զորակոչվել, ապա լինի օլիգոֆրենիկ, թե շիզոֆրենիկ, պետք է ճանաչվի մեղսունակ:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ով Գյումրիի պոռթկման օրերին մեկնաբանում էր, թե ինչ է ցանկանում Գյումրիի ժողովուրդը, ի պատասխան Tert.am-ի այն հարցի, թե ինչպես կմեկնաբանի ռուսական լրատվամիջոցներից նման նյութի տիրաժավորումը, նկատեց, որ դրանք լրատվամիջոցների տեղեկություններն են, ոչ պաշտոնական:
«Շտապում եք հետևություններ անել, դա հանձնաժողովի ինչ-որ եզրակացություն չէ, դատաբժշկի եզրակացություն չէ: Դա լրագրողական ինչ-որ բան է: Շատ վաղաժամ է այդ հայտարարությամբ եզրակացություն անելը»,-ասաց Միքայել Աջապահյանը:
Նա նաև որևէ ուղղորդում չի տեսնում հենց «օլիգոֆրենիկ» ախտորոշման մեջ. «Իսկ Դուք կարծում եք, որ նորմալ պսիխիկա ունեցող մարդը ի վիճակի է նման հանցագործությու՞ն գործել»:
Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնել էր, որ Վալերի Պերմյակովի մտավոր հետամնացության վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը՝ Քննչական կոմիտեն, որևէ տվյալ չունի, թեպետ նրա առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կատարվել են հարցումներ, սակայն պատասխանները դեռ չկան:

 
Ի դեպ, gazeta.ru–ի նույն հոդվածում ՌԴ ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն վստահորեն պնդում է, որ ՌԴ-ում հոգեպես շեղված մարդու զորակոչի փաստը հավասար է զրոյի:

 

Պաշտպանության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ի պատասխան հարցի, թե նման կասկածների դեպքերում հարցն ինչպե՞ս է կարգավորվում, նշեց, որ տեղյակ չէ ռուսական օրենսդրությունից, սակայն Հայաստանում «հոգեբուժարանից դուրս եկածին բանակ չեն զորակոչում»:
Չնայած սրան, Tert.am-ի հետ զրույցում Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը տեղեկացրեց, որ օլիգոֆրենիան  մտավոր հետամնացություն է, որի թեթև աստիճանի դեպքում սովորաբար տղաները զորակոչվում են բանակ, եթե այն չի ուղեկցվում այլ խանգարումներով:
«Այս հիվանդության առկայության դեպքում մարդու բանականությունը, ինտելեկտը ցածր է լինում:Սա առաջին հայացքից նկատելի հիվանդություն չէ, շատ օլիգոֆրեններ կան, որոնք կարող են բավական բարձր դիրքեր գրավել հասարակության մեջ, երբ որոշակի հմտություններ են ձեռք բերում»,-ասաց նա:
Հարցին, թե նման մարդը հանցագործություն կատարելիս մեղսունակ կարո՞ղ է ճանաչվել, հոգեբույժը պատասխանեց. «Անմեղսունակությունը առանձին կատեգորիա է և սովորաբար որոշվում է միայն տվյալ դեպքի նկատմամբ՝ համապատասխան մասնագիտական հանձնաժողովի կողմից: Ոչ մի առանձին հոգեբույժ, ոչ մի լրագրող կամ որևէ այլ մասնագետ միայն լսելով չի կարող ասել, թե տվյալ մարդը մեղսունակ է, թե անմեղսունակ: Դա բավականին պատասխանատու իրավաբանական հասկացություն է, որը համապատասխան սահմանված կարգով է որոշվում: Ամբողջ կյանքի ընթացքում անմեղսունակ հասկացություն գոյություն չունի»:

Աղբյուր՝ tert.am

Բաժին: Մամուլ