Ո˚Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼՈՒ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՔ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ 12 ՏԱՐԻ ՉՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

18/09/2012

«Պետությունը գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի տալիս է հավելավճար, որի չափը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը»:

Ավելի քան 12 տարի ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի վերոհիշյալ նախադասությունը միայն ձևակերպում է: 2000 թվականից մինչ օրս Կառավարությունը չի սահմանել կենսաթոշակային տարիքի գիտնականների համար նախատեսված հավելավճարի չափը և կարգը:

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկոս Արթուր Իշխանյանի խոսքով` այս հանգամանքը խոսում է միայն գիտության նկատմամբ ունեցած վատ վերաբերմունքի մասին:

«Ես պարբերաբար բարձրաձայնել եմ այն մասին, որ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» 2000 թվականին ընդունված օրենքով կենսաթոշակի անցած գիտական կոչում ունեցող մարդիկ պետք է հավելավճար ստանան: Բայց ամեն անգամ ինձ ասել են, որ հավելավճարի սահմանման կարգը չկա: Ազգային ժողովի 2000 թվականին ընդունած օրենքի կարգը մինչ 2012 թվականը չկա…»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյան:

Բացի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքից, Հայաստանը միացել է նաև 2008 թվականի նոյեմբերի 25-ին ընդունված «Գիտնականների և գիտաշխատողների կարգավիճակի մասին մոդելային օրենք»-ին, որով ԱՊՀ երկրները պարտավորվել են ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ գտնել գիտնականների թոշակները նրանց աշխատավարձի 75-90%-ով ապահովելու նպատակով:

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Իրավաբան.net-ին հայտնում է, որ ԱՊՀ կողմից ընդունված մոդելային օրենքները կրում են խորհրդատվական և ուղղորդող բնույթ ներքին օրենսդրության ձևավորման համար: Տվյալ պարագայում, եթե պետությունը չի օգտվում նշված խորհրդատվական փաստաթղթից, ապա դա չի կարող պատասխանատվության հիմք հանդիսանալ տվյալ պետության համար:

«Ես` որպես նորընտիր պատգամավոր, կարող եմ պաշտոնապես դիմել Կառավարությանը, ներկայացնել նշված խնդիրը և առաջարկել, որպեսզի Կառավարությունը սահմանի տրամադրվելիք հավելավճարի չափը և տրամադրման կարգը, որը կարող է նախատեսվել արդեն 2013թ. պետական բյուջեով»,- ասում է Էդմոն Մարուքյանը:

Իրավաբան.net-ի հիմնադիր Հայաստանի երիտասարդ իրավաաբանների ասոցիացիան օգոստոսի 31-ին արդեն պաշտոնական նամակով դիմել է Վարչապետին` «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում ամրագրված հավելավճարի չափի և տրամադրման կարգի չսահմանման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով:

Մասնավորապես մեզ հետաքրքրել է.

Ի˚նչ պատճառով չի ընդունվել ՀՀ կառավարության այն որոշումը, որը պետք է կանոնակարգեր հիշյալ հարցերը:

Ո˚ր պաշտոնատար անձն է պատասխանատու եղել համապատասխան որոշման նախագծի մշակման համար և արդյո˚ք նշված անգործության արդյունքում որևէ պաշտոնատար անձ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:

Կառավարության գործունեության առաջիկա ծրագրում նախատեսվո˚ւմ է նման որոշման ընդունումը:

Նամակի պատասխանը ստանալուն պես` այն կհրապարակենք:

Տեղեկացնենք նաև, որ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն բաց հանրային քննարկման է ներկայացրել «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծ: Մինչև սեպտեմբերի 25-ը օրենքի նախագծի վերաբերյալ հնարավորություն կա հանդես գալու առաջարկություններով:

Նունե Հովսեփյան

Աղբյուրը Իրավաբան.net

Բաժին: Մամուլ