Հայաստանի ապագան տեսնում եմ միայն ԵՄ կազմում. Էդմոն Մարուքյան

19/03/2015

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ընթացքում Աժ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում ասաց, որ ասոցացման համաձայնագրի կնքումը Հայաստանին շատ ավելին կտար, քան հիմա ունենք:

«Միանշանակ, բոլորի համար է պարզ, որ Եվրոմիության հետ ասոցացման համաձայնագիրը ավելի լավ հնարավորություններ կտար Հայաստանին, քան այն, ինչ հիմա ունենք: Ըստ էության, եթե ներդրողը տեսնում է, որ մի երկրում դատական համակարգը գտնվում է վատ վիճակում, այնտեղ չի էլ ցանկանում կատարել ներդրում: Ամեն կերպ փորձել եմ խոչընդոտել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Իմ գործընկերներին հորդորում եմ` ստեղծել այն իրավական միջավայրը, որը կլինի հիմք ԵՄ- Հայաստան հարաբերությունների խորացման համար»,- ասաց նա:

Պատգամավորը հավելեց նաև, որ Հայաստանի ապագան տեսնում է միայն ԵՄ կազմում:

«Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- ասաց նա:

Ի պատասխան հնչած դիտարկումներին, ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության վարչության պետի տեղակալ Ադրիանո Մարտինսն ասաց, որ ԵՄ-ն բավական երկար է սպասել, որպեսզի Հայաստանը հստակություն մտցնի երկկողմ համագործակցության հեռանկարներում:

Աղբյուր՝ araratnews.am

Բաժին: Մամուլ