Հռոմի պապի խոսքերը քաղաքական արժեք ունեն և չեն կարող անհետևանք մնալ. Էդմոն Մարուքյան

13/04/2015

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ներկայությամբ պատարագ է մատուցել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Պատարագի ընթացքում Հռոմի պապը ոգեկոչել է զոհերի հիշատակը, իսկ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»։ Պապի, այս հայտարարությունը, բնականաբար, չէր կարող Թուրքիայի վրդովմունքն ու դժգոհությունը չհարուցել: Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, թե խորապես հիասթափված և վշտացած է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Ֆրանցիսկոս պապի խոսքերից:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է՝ թե´ պատարագը, թե´ Սուրբ Գրիգոր Նարեկացուն՝ «Տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս շնորհելը աննախադեպ քայլեր էին մեր ժողովրդի համար:

«Հռոմի պապը ոչ միայն երկրի ղեկավար է, այլև բազմամիլիոնանոց կաթոլիկ համայնքի առաջնորդը, ուստի նրա խոսքերը չեն կարող անհետևանք մնալ և գլոբալ առումով ունեն մեծ քաղաքական արժեք»,- araratnews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավորն ու հավելեց՝ Թուրքիայի արձագանքը սպասելի էր:

Էդմոն Մարուքյանի պնդմամբ՝ միշտ էլ այդպես է եղել, երբ ինչ-որ երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը կամ խոսել այդ մասին, տվյալ երկրի դեսպանին հրավիրել են իրենց արտգործնախարարություն՝ դժգոհություն հայտնելու:

Հարցին, թե էլ ի՞նչ քայլերի կարող է Թուրքիան դիմել, պատգամավորն ասաց. «Դրանից ավել որևէ քայլ Թուրքիան չի կարող անել. Հռոմի պապն ասաց այն, ինչ ասաց, և վերջ: Արված հայտարարությունն ունենում է իր ազդեցությունն ու դեռ ունենալու է»:

Նրա խոսքով՝ Վատիկանը, Հռոմի պապն այն մակարդակում են, որ Թուրքիայի ազդեցությունը շատ փոքր է. «Իրենք ինչքան էլ փորձեր արեցին պատարագը կանխել, չստացվեց»:

Անդրադառնալով Քարդաշյանների՝ Հայաստան կատարած այցին Էդոմ Մարուքյանն ասաց՝ այդ այցն ունեցավ իր PR մեծ ազդեցությունը և դեռ ունենալու է:

«Այստեղ նկարահանված տեսանյութերը կօգտագործեն իրենց շոուներում և դա էլ դեռ ազդեցություն կունենա»:

Աղբյուր՝ araratnews.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ