Նման վերնագիրն արդեն նշանակում է, որ զեկույցն օբյեկտիվ չի լինելու. Էդմոն Մարուքյան
Այսօր լրագրողների հետ զրույցում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԽԽՎ նախապատրաստվող զեկույցի մասին իր կարծիքը հայտնեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարությանը: Նշենք, որ այսօր ԱԺ-ում ԵԽԽՎ նախագահը հույս է հայտնել, որ հայկական կողմն ակտիվորեն կմասնակցի զեկույցի պատրաստման գործընթացին, որպեսզի երաշխավորվի զեկույցի պատրաստման հավասարակշռված մոտեցումը: Հայկական կողմը դեմ է զեկույցի վերնագրին և պահանջում է փոխել «Բռնության սրացումը ԼՂ-ում և Ադրբեջանի այլ բռնագրավված տարածքներում» ձեւակերպումը: Էդմոն Մարուքյանը նախ հիշեցրեց, որ ինքը ԵԽԽՎ պատվիրակության անդամ չէ, ապա հավելեց. «Ես ինչքան գիտեմ, հայկական կողմը դեմ է նման վերնագրով զեկույցի քննարկմանը, փորձ է արվել վերնագիրը փոխել, այնպես, որ զեկույց լինի, բայց ոչ այդ վերնագրով: Հայկական կողմը նշել է, որ այդ վերնագրի լույսի ներքո չի կարող գրվել օբյեկտիվ զեկույց, եթե վերնագիրն ինքնին արդեն կանխակալ մոտեցում ունի ԼՂ հակամարտության խնդրին»: Պատգամավորի խոսքով` այդ վերնագիրն արդեն կանխատեսում է, թե ինչպիսին պետք է լինի զեկույցը: «Բռնությունների սրացումը ԼՂ-ում և Արդբեջանի գրավյալ տարածքներում» նշանակում է, որ ունենք փաստ, որ կան բռնություններ, հիմա քննարկում են դրանց սրացման հարցը: Ու երկրորդ փաստը, ըստ պատգամավորի, որ պետք է քննարկենք, որ կան գրավյալ տարածքներ: Վերնագրի մեջ նման ձևակերպումը արդեն իսկ նշանակում է, որ զեկույցը չի լինելու օբյեկտիվ: «Օբյեկտիվ զեկույցի համար պետք էր ունենալ օրինակ այսպիսի վերնագիր` «Իրավիճակը ԼՂ-ում»: Այնպես որ` հայկական կողմը պետք է պահպանի այն դիրքորոշումը, ինչ եղել է մինչ հիմա, ավելին` ՀՀ-ն որևէ ազդեցություն այս առումով չի կարող ունենալ ԼՂ-ի նկատմամբ, որովհետև ՀՀ-ն է ԵԽ անդամ, և ՀՀ-ն այդ առումով ունի պարտավորություններ ԵԽ-ի նկատմամբ, այլ ոչ թե ԼՂ-ն: Նման ցանկություն եթե ունեն, թող ԼՂ-ն մտցնեն ԵԽ կազմի մեջ, հետո էլ ինչ-որ բաներ պահանջեն»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Աղբյուր՝ yerkir.am
Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ