Չեմ կարծում՝ Հայաստանում կլինի որևէ անձնավորություն, ով դրական չվերաբերվի նման նախաձեռնությանը. Էդմոն Մարուքյան

21/05/2015

ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ ու կառավարությանն առաջարկել փոփոխություններ կատարել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծում՝ առաջարկելով զինծառայողների բուժումն արտերկրում կազմակերպելը դարձնել պետության պարտականություն:

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց պատգամավորի ներկայացրած օրինագիծը, որով նախատեսվում է մարտական գործողության իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, խեղված կամ հիվանդություն ձեռք բերած զինծառայողների բուժումն արտերկրում վերցնել պետական հոգածության ներքո:

Էդմոն Մարուքյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ շրջանառության մեջ դրված նախագծի անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ հակառակորդի կողմից հրազենային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Գևորգ Եղիազարյանի բուժումը արտերկրում կազմակերպելու համար խնդիրներ առաջացան:

Է.Մարուքյանի խոսքերով՝ նախագիծը ներկայացնելուց հետո ինքն աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ, քննարկումներ են իրականացվել և արդեն ակնկալել է, որ նախագծին դրական եզրակացություն կտրվի:

«Մյուս կողմից չեմ կարծում, որ Հայաստանում կլինի որևէ անձնավորություն, ով դրական չվերաբերվի նման նախաձեռնությանը»,- ասաց Է.Մարուքյանը:

Ըստ պատգամավորի՝ քննարկման արդյունքում նախանշվել է, թե ում վրա է օրենքը տարածվելու:

Նշենք, որ ըստ նախագծի՝ օտարերկյա պետությունում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու իրավունքից օգտվում են մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողները, բացառությամբ եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետևանքով ծագած հիվանդությունը նրանց կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է: Այն դեպքերում, երբ զինծառայողի բուժումը օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի առկայություն, ապա հատուցվում է նաև ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցությունը օտարերկրյա պետությունում:

Հարցին, թե արդյոք օրենքից կօգտվեն ոչ ճիշտ շահառուները, Է.Մարուքյանը նշեց, որ չի կարծում, թե օրենքն ուժ մեջ մտնելուց հետո կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն այն շահարկել:

«Կառավարության որոշմամբ հստակ կսահմանվի, թե ովքեր են օգտվելու: Չեմ կարծում՝ սա այն դեպքն է, որ կարելի է շահարկել: Եղել են այնպիսի դեպքեր, որ Հայաստանի բուժհիմնարկներում անհնար է եղել վիրավոր զինվորների բուժումը կազմակերպել, խոսքը վերաբերում է պրոթեզավորմանը և այլն: Այսինքն՝ բուժման կմեկնեն նրանք, որոնք արտերկրում բուժման կարիք ունեն: Ես կասկած չունեմ, որ այդպես էլ լինելու է, քանի որ պետությունն այդքան ռեսուրս չունի և չի կարող նման ճոխություն թույլ տալ»,- ասաց Է.Մարուքյանը:

Նշենք նաև, որ պատգամավորը իր ֆեյբուքյան էջում անդրադարձել է կառավարության որոշմանը՝ նշելով, որ «Միայն այս նախաձեռնության համար արժեր պատգամավոր ընտրվել»:

Հիշեցնենք, որ գործադիրի այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ կառավարությունը կիսում է պատգամավորի մտահոգությունները:

Նախորդող հրապարակումներ՝

Կառավարությունը հավանություն տվեց Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությանը
Պատգամավորն առաջարկում է զինծառայողների բուժումն արտերկրում կազմակերպելը դարձնել պետության պարտականություն
Գևորգ Եղիազարյանի վիճակը կայունանալուն պես կմեկնեն Գերմանիա

Աղբյուր` Panorama.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ