Կառավարությունը խտրական վերաբերմունք ունի. Նաիրիտի պարտքը մարվեց, Քիմպրոմինը՝ ոչ. Էդմոն Մարուքյանը
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ԱԺ հայտարարությունների ժամին այսօր անդրադարձավ Վանաձորի Քիմպրոմի չլուծված խնդրին, երբ շուրջ 200 աշխատող ինը ամիս աշխատավարձ չի ստացել։
Նա նշեց, որ Վանաձորում հանդիպել է աշխատակիցների հետ, ովքեր օրեր առաջ մի քանի ակցիաներ են արել, փորձել են փակել Վանաձոր-Ալավերդի ճանապարհը, սակայն չի ստացվել:
«Ակցիաները շարունակվում են, սակայն որևէ մեկը չի լսում, խտրական վերաբերմունք է ձևավորվում քիմիական մյուս հսկայի հանդեպ, երբ «Նաիրիտ»–ի պարտքը մարվեց, իսկ «Քիմպրոմ»–ինը՝ ոչ»,-ասաց նա:
Մարուքյանը շեշտեց, որ նույնիսկ «Քիմպրոմ»–ի գույքը չի բռնագանձվում՝ աշխատակիցները պարտքերը վճարելու համար:
Պատգամավորը հիշեցրեց, որ նաիրիտցիները երկար ժամանակ ակցիաներ էին անում կառավարության շենքի դիմաց, ինչն էլ իր արդյունքը տվեց:
«Իսկ Քիմպրոմի աշխատակիցները Վանաձորից գալու նույնիսկ հնարավորություն չունեն հանրային տրանսպորտի. կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի»,-ասաց նա՝ ուշադրություն հրավիրելով աշխատակիցների այն հայտարարությունների վրա, որ գործարանի տնօրենն այս տարիների ընթացքում միլիոններ է կուտակել՝ այն էլ չաշխատող գործարանի միջոցով:
«Եթե գործարանը չի աշխատում՝ ինչպե՞ս է տնօրենը հարստանում, կարծում եմ՝ իրավապահ մարմինները գործ ունեն անելու»,- ասաց նա և պահանջեց, որ կառավարությունը համապատասխան քայլեր ձեռնարկի, ինչպես եղավ «Նաիրիտ»–ի դեպքում:
Աղբյուր՝ tert.am