Ինստիտուտներ vs անձեր. Էդմոն Մարուքյանի նախաձեռնությունը նոր տեսանյութ է ներկայացրել

23/09/2015

Յուրահատուկ մուտքով իր գոյությունը պաշտոնապես ազդարարած ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» նախաձեռնությունը շարունակում է պահել նույն սկզբունքը: Ապագայում կուսակցություն դառնալու նպատակ ունեցող «Լուսավոր Հայաստանի» երիտասարդ անդամները արդեն գործի են անցել ու տեսանյութերով ներկայացնում են նախաձեռնության տեսլականը, տեսանյութերով ազդարարվեց նաեւ նախաձեռնության մեկնարկը: Առաջին քարոզչական տեսահոլովակը կարելի է անվանել «Ինստիտուտներ vs անձեր»: Մանե Թանդիլյանն օրինակ ներկայացնում է, որ Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում այդպես էլ չի հաջողվել ձևավորել այնպիսի պետական ինստիտուտներ, որոնք կդառնային պետության զարգացման հիմնաքարը: «Կայացած ինստիտուտների բացակայությունը մեծացնում է անձերի մենիշխանությունը` քաղաքական պայքարը կենտրոնացնելով ոչ թե համակարգային խնդիրների, այլ անձերի շուրջ: Հայաստանի Հանրապետության երեք նախագահների օրոք էլ ընդդիմությունը մշտապես պնդել է, որ գլխավոր խնդիրը կայանում է նախագահի և նրա շրջապատի մեջ. եթե նախագահը հեռանա, խնդիրները կլուծվեն: Բայց այս օրակարգը ցույց է տվել իր քաղաքական անկենսունակությունը, իսկ ընդիմությունը 1991թ. սկսած` ոչ մի անգամ չի կարողացել հաղթանակ տանել ու ամրագրել իր հաղթանակը»: Հաջորդը տեսանյութում լսվում է Հայկ Կոջոյանի խոսքը.«Պետության մեջ անձերի իշխանությունը լավագույնս հնարավոր է սահմանափակել ինստիտուտներով: Սա աշխարհում վաղուց հայտնի քաղաքական օրինաչափություն է: Անգլիացիները դարեր շարունակ պայքարում էին թագավորների դեմ, բայց թագավորի միանձնյա իշխանությունը պահպանվում էր: Հետագայում նրանք թագավորի իշխանությունը սահմանափակեցին մեկ այլ պետական ինստիտուտի` պառլամենտի լիազորությունները մեծացնելով: Ինստիտուտների զարգացումը բերում է զսպումների և հակակշիռների առաջացմանը, որի արդյունքում առանձին անձերը չեն ունենում անսահմանափակ լիազորություններ: Դրա համար, հարկավոր է ստեղծել առողջ ինստիտուտներ և անձերի դեմ պայքարը տեղափոխել այնտեղ: Ինստիտուտների ներսում պայքարը ընթանում է ընդունված խաղի կանոններով, որը սահմանափակում է երկու կողմերի անսահմանափակ գործողությունները»: Դավիթ Խաժակյանն էլ գնահատում է.«Կուսակցությունների մեծ մասը Հայաստանում չեն կայացել որպես քաղաքական ինստիտուտներ, որովհետև չեն զարգացրել ներքին` կուսակցական ժողովրդավարությունը: Արդյունքում, դրանք հիմնվել են մեկ անձի վրա` դառնալով անձ-կուսակցություններ: Եվ այդ անձ-կուսակցությունները քաղաքական դաշտում ձևակերպել են միայն անձերի վրա հիմնված քաղաքական պահանջներ: Անձնավորված քաղաքական պայքարի պայմաններում, իշխանությունները հեշտությամբ չեզոքացրել են այդ անձերին. ոմանց փողով ու պաշտոններով, ոմանց սպառնալով ու ահաբեկելով: Անձերին չեզոքացնելով` չեզոքացվել են նաև կուսակցությունները: Ինստիտուտների բացակայության պայմաններում, իշխանություն չունեցողները դառնում են խոցելի, իսկ իշխանություն ունեցողները դառնում են անվերահսկելի»: Իսկ վերջում խոսում է Էդմոն Մարուքյանը.«Հայաստանի քաղաքական ուժերի հիմնական մասը մինչ այժմ չեն ձևակերպել ինստիտուտների ձևավորման երկարաժամկետ քաղաքական օրակարգ: Ուստի, հասարակության մեջ չի ձևավորվել ինստիտուտների գիտակցված պահանջարկ: Մենք համոզված ենք, որ ինստիտուտների զարգացումը Հայաստանը կարող է դարձնել արևմտյան մոդելի զարգացած պետություն, որտեղ անձերը ժամանակավոր որոշումներ կայացնողներ են, իսկ ինստիտուտները մշտական են և պահպանում են արդարության սկզբունքը բոլորի նկատմամբ` անկախ այս կամ այն անձի ունեցած դերից: Որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, մենք սահմանելու ենք ինստիտուտների կայացման քաղաքական օրակարգ և զբաղվելու ենք դրա շարունակական լոբբինգով` ձևավորելով դրանց զարգացման հասարակական պահանջարկը: Իսկ իշխանության լծակներ ստանալուց հետո, մենք զբաղվելու ենք ինստիտուտների ձևավորմամբ, որտեղ անձերի դերը հնարավորինս կնվազեցվի, իսկ պետական շահը վեր կդասվի ամեն ինչից»: Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանն» իր հիմնական գաղափարները ներկայացնելու է տեսանյութերի տեսքով: Ձեզ ենք ներկայացնում «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության 2-րդ տեսանյութը:

 

Աղբյուր՝ hraparak.am

Բաժին: featured, Մամուլ, Տեսանյութեր