Դուրս է գալիս, որ աղքատ երկրի կառավարության դահլիճը ոսկեպատ է, ինչն անհասկանալի է. Է. Մարուքյան
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը 2016 թվականի բյուջեի քննարկմանը կրկին բարձրացրեց Կառավարության վերանորոգման հարցը` այս անգամ նույն հարցով դիմելով Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին. «Կառավարության պատերը ոսկեզօծելու հարցը նաև Պավել Սաֆարյանին եմ տվել, որովհետև խորհրդարանի վերահսկողական ֆունցիայից մենք զրկված ենք եղել, ի՞նչն էր խանգարում, որ նույն դահլիճում նիստ լիներ կամ կահույքն ինչի՞ է փոխվել, որովհետև դուրս է գալիս, որ աղքատ երկրի կառավարության դահլիճը ոսկեպատ է, ինչն անհասկանալի է»,-ասաց Մարուքյանը:
«Իհարկե, գեղեցիկ է հնչում ոսկեզօծ դահլիճ արտահայտությունը, բայց խոսքը վերաբերում է ոսկեզօծ գույնին, այլ ոչ թե ոսկուն, չի նշանակում, որ ոսկի է գցած պատերին»,-աաձագանքեց Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ կառավարության դահլիճների վիճակն իսկապես ոչ բարվոք է եղել, ինչը երկրի մակարդակի մասին է խոսում: «Ես չասեցի, որ պատերի վրա ոսկի են կպցրել, խոսքը գնում է պատերի երեսպատման մասին մասին»,-արձագանքեց Մարուքյանը՝ հավելելով, որ կառավարությունն, օրինակ, կրճատում է մարզեր ուղղվող գումարները և դրա փոխարեն նման ճոխություններ թույլ տալիս:
«Հարկատուն չի կարողանում ըմբռնումով մոտենալ կառավարության ծախսերին, ես հարկատուի ձայնն եմ հնչեցնում»,-ասաց Մարուքյանը՝ առաջարկելով կրճատել օրինակ ուռճացված պետական ապարատը: «Երբ խոսում ենք պետական ապարատի կրճատման մասին, իհարկե, կարելի է կրճատել, բայց խնդիրն այն է, թե արդյունք կունենա այն. մեկը կարող է ասել, որ այն ադյունավետ կարող է լինել, մյուսը` հակառակը»,-ասաց Դավիթ Հարությունյանը՝ ընդգծելով, պետական ապարատի կազմաքանդման հարցում մի քանի չափորոշիչներ կան, ինչպես՝ պետական ապարատ-բնակչություն և ծախսեր հարաբերակցություն, իսկ այդ վերլուծության ուսումնասիրությունն ապացուցում է, որ ՀՀ-ն պետական ապարատի կազմով ներքևում է գտնվում:
Ի դեպ, Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով պատգամավորի այն դիտարկմանը, որ ցանկացած նման շռայլություն Կառավարության կողմից քննադատվելու է ու թիրախ է դառնալու, նկատեց, որ դա Կառավարության թափանցիկ աշխատանքի մասին է խոսում, ինչն էլ, իր խոսքով, նախորդ վարչապետի օրոք է ներդրվել:
Աղբյուր՝ irakan.info
Բաժին: Մամուլ