Վանաձորի քաղաքապետը չի ցանկանում արձանագրել այն հանգամանքը, որ վանաձորցիների պահանջը բավարարվել է

04/11/2015

Վանաձոր քաղաքի լուսավորության խնդրի մասին արդեն տեղեկացրել ենք, որ այն, համաձայն քաղաքապետ Սամվել Դարբինյանի որոշման, կրճատվել է 2 ժամով՝ 01.00-ից 23.00-ի:

 

Խնդրի մասին զրուցել էինք ինչպես քաղաքապետի, այնպես էլ մարզպետի հետ. վերջինս մեզնից էր տեղեկացել այդ որոշման մասին՝ խոստանալով ուսումնասիրել նման որոշման անհրաժեշտությունը:

 

Մեզ հետ զրույցում քաղաքապետ Սամվել Դարբինյանը ներկայացրեց լուսավորության կրճատման պատճառը. համայնքը ֆինանսական խնդիրներ ունի, սակայն, քաղաքապետը մեծ հպարտությամբ էր խոսում այդ որոշումից մի քանի օր առաջ քաղաքի օրվա համար ծախսված 6.180.000 դրամի մասին.

 

«Ուրեմն քաղաքի տոնը պիտի չանեինք լուսավորություն անեինք հա՞, մենք ամեն ինչ էլ անում ենք, ինչքան հասցնում ենք»,-մեզ հետ զրույցում ասել էր Սամվել Դարբինյանը:

 

Վանաձորի լուսավորության խնդրի մասին բարձրաձայնել էր Վանաձորից ընտրված անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ պահանջելով լուսավորության նախկին ռեժիմը:

 

Վանաձորցի մեկ այլ պատգամավոր, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը, սակայն, ըմբռնումով էր մոտենում քաղաքապետի որոշմանը՝ հասկանալով ֆինանսական խնդիրները, իսկ ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք «Այո»-ի քարոզարշավը մթության պայմաններում են անելու, այդ պատկերը ևս չվախեցրեց ՀՀԿ խմբակցության ղեկավարին:

 

Տեղեկացնենք, որ Վանաձորի լուսավորությունը կարծես թե վերականգնվել է, քանի որ գրեթե մեկ շաբաթ է, ինչ քաղաքի կենտրոնական փողոցների լուսավորությունն առկա է մինչ 24.00-ն, սակայն Վանաձորի պաշտոնական կայքում այս մասին ոչինչ չկա:

 

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մեզ հետ զրույցում կրկին նկատեց, որ Վանաձորի բյուջեում ֆինանսական սղություն է նկատվում, սակայն որոշումը փոխվել է.

 

«Քաղաքապետն ավագանու հետ որոշումը վերանայել է, և հիմա լուսավորությունը նախկինի պես, ըստ թաղամասերի գործում է. կամ մինչ 24.00-ն կամ 01.00-ն»,-ասաց մարզպետը:

 

Մեր դիտարկմանը, թե տեղյա՞կ եք արդյոք, որ քաղաքապետի թե՛ նախորդ, թե՛ ներկա որոշումները եղել են ոչ թե ավագանու, այլ իր որոշումը, մարզպետը տեղյակ չէր:

 

Խնդրի մասին զրուցեցինք նաև Էդմոն Մարուքյանի հետ՝ հետաքրքրվելով, թե արդյոք քաղաքապետին ուղղված իր նամակին պատասխան եղե՞լ է, թե՞ ոչ:

 

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանի և Սավել Դարբինյանի միջև լրատվամիջոցների միջոցով բանավեճ էր ծավալվել. Դարբինյանը խորհուրդ էր տվել պատգամավորին իր գործով զբաղվել: Մարուքյանը տեղեկացրեց, որ նամակին պատասխան չի եղել.

 

«Մյուս կողմից տեսանելի է, որ խնդիրը բարձրաձայնելուց հետո, մամուլի տարբեր միջոցներով քննադատության առարկա դարձնելով քաղաքապետի այդ որոշումը, նա նաև պատասխանեց իր հարցազրույցով, ամեն դեպքում, այդ լոբբինգը բերել է նրան, որ մեկ ժամ հետաձգվել է գիշերային լուսավորության անջատումը: Կարծում եմ, սա վանաձորցիների համար հաղթանակ կարելի է արձանագրել, որովհետև որևէ բողոքի ձայն հենց այնպես չի անցնում, իր արձագանքն ունենում է»,-ասաց Մարուքյանը:

 

Մեր նկատառմանը, որ մարզպետի խոսքով քաղաքի լուսավորությունն անցել է նախորդ ռեժիմին, բայց քաղաքապետարանի կայքում նոր ռեժիմին անցման որևէ տվյալ չկա, ստացվում է ըստ Վանաձորի քաղաքապետարանի կայքի լուսավորությունը գործում է մինչ 23.00-ն, ստացվում է կամ քաղաքապետը չի ուզում բարձրաձայնել այն մասին, որ անցել են նախորդ ռեժիմին կամ էլ ինքն իր որոշմանը չի հետևում, պատգամավորը պատասխանեց.

 

«Եթե նախորդ ռեժիմին անցնեին, պետք է մինչ 01.00-ն լիներ, բայց որքանով մենք ենք ստուգել, հետևել, ժամը 24.00-ին է անջատվում, ուղղակի մեկ ժամ պահպանվել է, ինչ վերաբերում է կայքում որոշումներին… Ես կարծում եմ, որ քանի որ նման ամոթալի որոշում էր կայացրել քաղաքապետը, հիմա ինքն իր որոշումը պրակտիկայում դե ֆակտո փոխել է, դե յուրե թողել նույն կարգադրությունը, քանի որ չի ցանկանում արձանագրել այն հանգամանքը, որ վանաձորցիների պահանջը բավարարվել է, թեկուզ մասամբ, բայց բավարարվել է, նրանք չեն ուզում ընդունել, որ ժողովրդի պահանջով կամ քաղաքապետի պատգամավորի պահանջով ինչ-որ բան արել են. դա է խնդիրը, սակայն ինձ համար դա որևէ նշանակություն չունի, կարևորը արդյունքն է»,-ասաց Մարուքյանը:

 

Սեդա Ղուկասյան

Աղբյուր՝ irakan.info

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ