Ինչո՞ւ Գալուստ Սահակյանը չի ցանկացել դեմ քվեարկել Էդմոն Մարուքյանի նախագծին

16/11/2015

Ազգային ժողովը այսօր մերժեց պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախագծերի բավականին մեծ փաթեթը, որն առաջարկում էր վերականգնել մարդուն սեփականությունից զրկելու դատական կարգը: 2014թ. հունվարին ուժի մեջ մտած կարգի համաձայն՝ մարդուն հնարավոր է սեփականությունից զրկել նաև շրջանցելով դատական համակարգը: Մոտ երկու տարի առաջ է կարգի նման փոփոխություն տեղի ունեցել կառավարության ներկայացրած օրենսդրական առաջարկությամբ, ինչը հաստատվել է ԱԺ կողմից:

Գործող կարգի համաձայն՝ արդեն երկու տարի է, ինչ մարդը զրկվում է իր սեփականության իրավունքից ընդամենը վարչական ակտի հիման վրա: Իսկ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն այդ ակտերի հիման վրա մարդուց բռնագանձում է իր սեփականությունը՝ անտեսելով իր իսկ կոչումը՝ ինչը ոչ թե վարչական, այլ դատական ակտերի հարկադիր կատարումն է:

Անցած ողջ տարին, ինչպես նաև այս տարի մեքենա ունեցող մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներ հանկարծ հայտնաբերում էին, որ Ոստիկանության ակտի և ԴԱՀԿ-ի պահանջի հիման վրա իրենց բանկային հաշիվները հայտնվել են կալանքի տաք: Պարզվում է, որ նրանք չեն վճարել ինչ-որ ժամանակ, անգամ մի քանի տարի առաջ կատարած ճանապարհային երթևեկության խախտման համար սահմանված տուգանքը: Չվճարելու արդյունքում այդ գումարի վրա ավելացել են նաև տույժեր և 5000-դրամանոց տուգանքը ամիսների ու տարիների ընթացքում բազմապատկվել է: Իսկ քաղաքացին տեղյակ չի եղել ոչ միայն այդ տույժ ու տուգանքների, այլև կատարած խախտման մասին, քանի որ Ոստիկանությունն այդ մասին ծանուցում չի արել: Արդյունքում այդ քաղաքացու բանկային հաշիվը հայտնվում է կալանքի տակ: Իհարկե, անցած տարի մի փոքր օրենսդրական փոփոխությամբ այնպես արվեց, որ կալանքի տակ է հայտնվում ոչ թե ոչ հաշիվը, այլ տույժ-տուգանքի չափով գումարը, բայց խնդիրը շարունակում է անհանգստացնել մեր քաղաքացիներին:

Բայց արտադատական կարգով մարդուն սեփականության իրավունքից զրկելը միայն այս խնդրին չի վերաբերում: Վերաբերում է բոլոր վարչական մարմինների՝ հարկային ծառայության, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների նման որոշումներին, որոնց հիման վրա ԴԱՀԿ-ը մարդուն զրկում է սեփականության իրավունքից: Ընդ որում՝ ԴԱՀԿ-ը քաղաքացու բանկային հաշվից միանգամից քաշում է նրա տույժ ու տուգանքի չափը՝ անկախ այն հանգամանքից քաղաքացին համաձայն է դրա հետ, թե ոչ:

Եվ արդյունքում հիմա Հայաստանում չկա մի վարորդ, որ նման մի քանի տուգանք չի կրել, տնտեսվարողները նույնպես հայտնվել են տույժ ու տուգանքի տակ: Ամեն օր ԴԱՀԿ այդ խնդրից դժգոհ հարյուրավոր քաղաքացիներ են այցելում: Հազարավոր քաղաքացիներ հանկարծ հայտնաբերում են, որ իրենց հաշվից գումար է քաշվել ու այդպես շարունակ: Եվ այս դեպքում ոչ թե վարչական մարմինն է քաղաքացուն ապացուցում, որ նա մեղավոր է ու պետք է վճարի դրա համար, այլ այդ կառույցը նախ ԴԱՀԿ-ի միջոցով քաղաքացուց գանձում է իր հասանելիքը, այնուհետև քաղաքացուն ասում՝ եթե համաձայն չես, կարող ես սահմանված ժամկետում բողոքարկել: Իսկ այդ բողոքարկման կարգն այնքան բարդ է ու շատերի համար անհասանելի, որ շատ դեպքերում քաղաքացին գերադասում է վճարել չկատարած խախտման կամ սխալի համար, քան թե գլուխ դնել պետական մարմինների ու դատարանների հետ: «Եվ մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներ են տեղի ունենում, միլիոնավոր են այդ ակտերը և միլիարդավոր տուգանքները: Էլ չեմ ասում, որ մեկի վրա կրկնակի տուգանք են դնում, մյուսից կրկնակի են բռնագանձում: Սրանք համակարգի կիքսերն են, որը ծավալով է պայմանավորված: Եթե այդ ծավալի չլիներ, հավանաբար այդպիսի կիքսեր չլինեին»,- ասում է Է. Մարուքյանը:

Պատգամավորի կարծիքով՝ օրենսդրական այն փոփոխությունը, որը նման իրավիճակ է ստեղծել, հակասահմանադրական է, քանի որ ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված է, որ քաղաքացուն սեփականության իրավունքից պետք է զրկել դատական կարգով: Անցած տարի, սակայն, Սահմանադրական դատարանն այդ փոփոխությունը հակասահմանադրական չի ճանաչել, այդ պատճառով էլ պետական կառույցները շարունակում են վարչական ակտի հիման վրա մարդկանց զանգվածաբար զրկել իրավունքից:

Եվ սա այն դեպքն է, երբ նման խնդրի առաջ կանգնում են ոչ միայն շարքային քաղաքացիները կամ ընդդիմության ներկայացուցիչները, այլ նաև պետական պաշտոնյաները, անգամ բարձրաստիճան պաշտոնյաները: Հավանաբար հենց դա էր պատճառը, որ Է. Մարուքյանի այդ նախագիծը երեկ ԱԺ-ում մերժվեց ընդամենը երկու ձայնի տարբերությամբ՝ 51 դեմ, 41 կողմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ: ԱԺ ոչ իշխանական ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Ժառանգություն» և «Դաշնակցություն» խմբակցությունները կողմ են քվեարկել նախագծին, դեմ է քվեարկել միայն Հանրապետական խմբակցությունը:

Ընդ որում՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով քվեարկության էր դնում Է. Մարուքյանի այդ նախագիծը, չի քվեարկել՝ հավանաբար այն պատճառով, որ դեմ չքվեարկի: Իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կողմ է քվեարկել, դեմ է քվեարկել միայն Հերմինե Նաղդալյանը: Նախագծին կողմ է քվեարկել անգամ Մհեր Սեդրակյանը: Ընդ որում՝ հանրապետականներից մի շարք պատգամավորներ ներկա էին դահլիճում, բայց չեն քվեարկել: Եվ սա այն դեպքերից է, որ խորհրդարանական մեծամասնությունը թեև մի կերպ մերժում է ոչ իշխանական պատգամավորի նախագիծը, սակայն ցուց է տալիս, որ չի ցանկանում դեմ քվեարկել ու կատարել իր կառավարության ցանկությունը:

Աղբյուր՝ 1in.am

Բաժին: featured, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ