Պատգամավորին ծեծելը լուրջ ստվեր կգցի Արցախի հեղինակության վրա. Էդմոն Մարուքյան

06/06/2016

ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելը լուրջ ստվեր կգցի Արցախի հեղինակության վրա: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Բնականաբար, պետք է Արցախի իրավապահ մարմինները քրեական գործ հարուցեն անմիջապես եւ մեղավորներին հայտնաբերեն ու պատասխանատվության ենթարկեն: Եթե դա չարվի, ուրեմն կարող ենք խոսել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ կապված լրջագույն խնդիրների մասին»,-ասաց նա:

Ըստ Մարուքյանի` այս դեպքը «շատ լուրջ ստվեր կգցի եւ կվնասի Արցախի հեղինակությունը»:

«Մենք միշտ հպարտանում էինք Արցախում տեղի ունեցած ընտրություններով եւ ժողովրդավարական պրոցեսներով, սա լրջագույնս ռեգրեսի կտանի Արցախի քաղաքացիական կամ քաղաքական համակարգի զարգացումը, հետեւաբար շատ արագ պետք է հայտնաբերել ու քրեական գործ հարուցել ու նշված անձանց պատասխանատվության հարցը լուծել, որպեսզի այդ ստվերը չընկնի»,-ասաց նա:

Նշենք, որ Հայկ Խանումյանը հայտարարել էր, որ ստորագրահավաք է սկսել Սամվել Բաբայանին Արցախի Պաշտպանության նախարար նշանակելու պահանջով: Նախաձեռնող խումբը գրասենյակ է վարձակալել «Օկեան» հյուրանոցի տարածքում եւ այսօրվանից պետք է ակտիվ աշխատանքներ ծավալեին:

Աղբյուր՝ news.am

 

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ