Մենք պետք է մեր անկախ ՀՕՊ-ը զարգացնենք. Էդմոն Մարուքյան
Մենք մեր անկախ Հակաօդային պաշտպանության համակարգը կարող ենք զարգացնել: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին,NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն` անդրադառնալով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված հակաօդային պաշտպանության վեաբերյալ համատեղ համաձայնագրին:
«Ես այդ համաձայնագրին դեմ եմ քվեարկել, ամենաշատը Ադրբեջանին զենք մատակարարելու խնդրի համար, որովհետեւ այդ հարցը սուր կերպով մենք բարձրաձայնել ենք, եւ հիմա ամեն ինչ իր տեղն ընկավ: Փաստորեն, էլի կարող են մատակարարել եւ սպասարկել, ես սպասում եմ այս պատասխանին, որը չկա»,-ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ այս համաձայնագիրը իրեն հավատ չի ներշնչում. «Ես, ըստ էության, էս մակարդակում եղած համագործակցությանը չեմ հավատում: Ես կարծում եմ, որ մենք մեր անկախ ՀՕՊ-ը կարող ենք զարգացնել, եւ պետք է զարգացնենք: Այս համաձայնագրի կնքումը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը խոցելուց հետո, դա նոր բան չէ: Ես չեմ բացառում, որ հայկական կողմը այդ քայլը նախաձեռնած լինի, որ իբր մեր օդային սահմանը պաշտպանեն»,-նշեց պատգամավորը:
Նշենք, որ հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգում՝ վավերացման համար:
Այս համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ սրանով Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաեւ իր օդային տարածքը:
Աղբյուր՝ news.am
Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ