Իշխանությունները ետ են շպրտում Հայաստանը առնվազն 8 տարով

03/08/2016

Վերջին դեպքերի առնչությամբ, իշխանությունների պատասխան քայլերի արդյունքում՝ Հայաստանը առնվազն 8 տարով ետ ընկավ իր ներկայիս վիճակից, և դեռ մեծ հարց է, թե ուրիշ ինչ մարտահրավերների ենք դիմագրավելու, և արդյոք այդ 8 տարիներով կպրծնե՞նք։
Կարող է հարց առաջանալ, թե ինչպես եմ հաշվել, որ Հայաստանը 8 տարով ետ ընկավ։
Պատասխանեմ. հուլիսի 29֊ի երթից և Սարի թաղում տեղի ունեցած ոստիկանության հատուկ միջոցների կիրառումից և «անհայտ» քաղաքացիական հագուստով անձանց կողմից կիրառված բռնություններից հետո, ձերբակալվել, այնուհետև երկու ամսով կալանավորվել են քաղաքական և հասարակական ակտիվ գործիչներ՝ Արմեն Մարտիրոսյանը (մեղադրանք է առաջադրվե ՀՀ քրեական օրենսգրքի 225֊րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով), Դավիթ Սանասարյանը (մեղադրանք է առաջադրվե ՀՀ քրեական օրենսգրքի 225֊րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով), Անդրիաս Ղուկասյանը (մեղադրանք է առաջադրվե ՀՀ քրեական օրենսգրքի 225֊րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով), Հովսեփ Խուրշուդյանը (մեղադրանք է առաջադրվե ՀՀ քրեական օրենսգրքի 225֊րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելու կասկածանքով)։ Իսկ Եղիշե Պետրոսյանը մինչ այժմ անհասկանալի կարգավիճակով, բայց փաստացի անազատության մեջ է, և նույնպես ենթարկվում է հետապնդման։
Իմ ունեցած հավաստի տեղեկություններով՝ դատարանները Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Անդրիաս Ղուկասյանին առաջադրված մեղադրանքի հիմնավոր կասկածի հիմքում դրել են բացառապես ոստիկանների ցուցմունքները։
Մարտի 1-ից հետո հարուցված քրեական գործերը այդ նույն քրեական օրնսգրքի 225-րդ հոդվածով էին, որից հետո Հայաստանը հայտնվեց ԵԽԽՎ հատուկ մոնիթորինգի տակ և Հայաստանի դեմ հերթով ընդունվեցին մի շարք բանաձևեր։
ԵԽԽՎ կողմից ընդունված 1609, 1620 և 1643 բանաձևերում կարմիր թելով անցնում էր միտքը, որ զանգվածային անկարգությունների կազմակերպման հոդվածով ներկայացված մեղադրանքները և բացառապես ոստիկանական ցուցմունքի վրա հիմնված մեղադրանքը, նման պայմաններում կարող են քաղաքական շարժառիթներ ունենալ: Բանաձևում նաև ասվում էր, որ վեհաժողովը լրջորեն մտահոգված է այս իրավիճակի հետևանքներով, եթե դրանք չշտկվեն: Մեջբերում ԵԽԽՎ 1043 բանաձևից. «5. Վեհաժողովը նշում է, որ բարձրաձայնվել են կասկածներ, այդ թվում` Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից, Քրեական օրենսգրքի 225 և 300 հոդվածների հիման վրա առաջադրված մեղադրանքի բնույթի, ինչպես նաև 2008 թ. մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների կապակցությամբ դատապարտվածների նկատմամբ իրականացված դատական վարույթների վերաբերյալ: Ուստի, Վեհաժողովը գտնում է, որ զգալի թվով անձանց, հատկապես` Քրեական օրենսգրքի 225 և 300 հոդվածների հիման վրա ներկայացված մեղադրանքները և բացառապես ոստիկանական ցուցմունքի վրա հիմնված մեղադրանքը նման պայմաններում կարող են քաղաքական շարժառիթներ ունենալ: Վեհաժողովը լրջորեն մտահոգված է այս իրավիճակի հետևանքներով, եթե դրանք չշտկվեն»:
Այս ամենը կարծես դեժավյու լինի. մենք հայտնվել ենք մի փակ շրջանի մեջ, որով ետ ենք գլորվում 8 տարի առաջվա արատավոր պրակտիկայի կիրառմանը: Վստահաբար կարող եմ ասել, որ նշված քաղաքական և հասարակական գործիչները, քրեական հետապնդման են ենթարկվում զուտ քաղաքական դրդապատճառներով։ Այս քրեական գործերը պետք է անհապաղ կարճվեն, իսկ քաղաքական ու հասարակական գործիչներն ազատ արձակվեն: Մնացած բոլոր տարբերակները ետ են շպրտելու Հայաստանի զարգացումը։
Մենք հետևողական կերպով զբաղվելու ենք վերջին օրերին Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային խախտումների, ձերբակալությունների և կալանավորումների գործերով` մշտապես ուշադրության կենտրոնում պահելով դրանց իրավական ու քաղաքական պատասխանատվության հարցի լուծումը:
Մնացած քրեական գործերով ուսումնասիրություններն ու գնահատականները՝ հաջորդիվ։

Բաժին: featured