Էդմոն Մարուքյանի առաջարկը զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծի վերաբերյալ. բացառել քաղաքացիներից գումարի հավաքագրումը

17/11/2016

Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Կարապետյան, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածի համաձայն՝ ներկայացնում եմ հետևյալ առաջարկությունները «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ, կոդ՝ Կ-1115-11.11.2016-ՊԱ-010/0) վերաբերյալ.

1. Առաջարկում եմ Նախագծից հանել դրոշմանիշային վճարներին և դրանք վճարող անձանց վերաբերող դրույթները, քանի որ Նախագծի 11-րդ հոդվածով սահմանվող անձիք այժմ էլ իրենց ուղղակի և անուղղակի հարկերի միջոցով վճարում են թե՛ բանակի, թե՛ պետական, այդ թվում նաև՝ զինվորական կենսաթոշակների համար: Նախագծով առաջարկվող հատուկ հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) միջոցների հավաքագրման համար գոյություն ունեն այլ աղբյուրներ, որոնք կլինեն անհամեմատ ավելի եկամտաբեր և արդարացի: Մասնավորապես.

1) Պետական եկամուտների կոմիտեի կողմից հիմնադրված Դիլիջանի ուսումնական կենտրոնը, որի կառավարումն այժմ փոխանցվել է Պետական գույքի կառավարման վարչությանը, կառուցվել է 33 մլն ԱՄՆ դոլար պետական միջոցներով: Դրա կառուցումն ու գույքի ձեռքբերումն իսկզբանե հարուցել է հասարակության արդարացի դժգոհությունը, քանի որ կենտրոնի համար ձեռքբերված գույքը եղել է չափազանց թանկ և ճոխ, հաճախ նաև անհարկի: Կենտրոնի միայն կադաստրային արժեքը 12 մլրդ ՀՀ դրամ է: Առաջարկում եմ վաճառել ուսումնական կենտրոնն ամբողջությամբ կամ դրա անշարժ և շարժական գույքը, իսկ վաճառքից գոյացած միջոցները փոխանցել Հիմնադրամին: Այլ դեպքում կենտրոնի շենքը կարող է տրվել վարձակալության, իսկ վարձավճարն ուղղվել Հիմնադրամի միջոցների համալրմանը:

2) Ընթացիկ տարվա նոյեմբերի 02-ին Հանրապետության Նախագահը հանձնարարել է «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ, «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների միջոցով սեղմ ժամկետներում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին: Այսինքն, այսուհետ ճանապարհային երթևեկության կանոնների և մեքենայի կայանման կարմիր գծանշումների խախտման տուգանքները մասնավոր սեկտոր չեն գնալու, այլ ամբողջությամբ ուղղվելու են պետական/համայնքային բյուջե: Ընդ որում, բազմիցս նշվել է, որ այդ խախտումների դիմաց գանձվող գումարները չեն կրում ֆինանսական հոսքերի հավաքագրման միջոց, այլ նպատակ ունեն ապահովելու և բարձրացնելու երթևեկության անվտանգությունը : Այսպիսով, առաջարկում եմ ճանապարհային երթևեկության կանոնների և կարմիր գծերի խախտման տուգանքներն ամբողջությամբ փոխանցել Հիմնադրամին, այլ ոչ թե ոստիկանության արտաբյուջետային հաշիվ, Երևանի քաղաքապետարան կամ այլուր: Այսպես, ոստիկանության արտաբյուջետային հաշվի տույժերից, տուգանքներից գոյացած եկամուտները կազմել են. -2013 թվականին՝ 8,616,882.71 ՀՀ դրամ, -2014 թվականին՝ 10,782,612.50 ՀՀ դրամ, -2015 թվականին՝ 11,257,671.09 ՀՀ դրամ, -2016 թվականի տարեկան ճշտված նախահաշվով՝ 11,100,000.00 ՀՀ դրամ, -2016 թվականի 1-ին կիսամյակին փաստացի՝ 4,457,058.40 ՀՀ դրամ: Կարմիր գծերի խախտման տուգանքներից 2013 թվականին հավաքագրվել է 280 մլն ՀՀ դրամ: 2014 թվականի միայն 1-ին կիսամյակի դրությամբ հավաքագրվել է մոտ 400 մլն ՀՀ դրամ : Ընդ որում, ոստիկանության և առհասարակ կառավարության ու կառավարությանն առընթեր ուռճացված կառույցները կրճատելու հաշվին ևս կգոյանան հավելյալ միջոցներ, որոնք կարող են ուղղվել պաշտպանության ոլորտին: Մինչդեռ, Նախագծով առաջարկվող լուծմամբ՝ տարեկան հավաքագրվելու է 4.5-5 մլրդ ՀՀ դրամ:

2. Առաջարկում եմ Նախագծի անցումային դրույթներում սահմանել, որ օրենքն ունի հետադարձ ուժ՝ մինչև 1994 թվականը ներառյալ, քանի որ մենք ունենք զոհված զինծառայողների բազմաթիվ ընտանիքներ և հազարավոր զինհաշմանդամներ, և որևէ կերպ չի կարող արդարացի համարվել խտրականությունը նրանց հանդեպ:

3. Հիմնվելով պետության պոզիտիվ պարտականության վրա՝ առաջարկում եմ Նախագծի 2-րդ հոդվածում բացի այն զինծառայողներից, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մարտական գործողությունների հետևանքով, շահառուների կազմում ներառել նաև այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է հասցվել խաղաղ պայմաններում և ոչ իրենց կողմից կատարված հանցագործության հետևանքով:

Շնորհակալություն համագործակցության համար:

Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ
Աղբյուր՝ aravot.am

Բաժին: featured, Մամուլ