«Տոնածառ դնելու համար ՀՀ-ում մարդիկ են ազատազրկվում, բայց ատոմակայանից 783 միլիոն դրամ հափշտակելու գործով պատիժ չի կիրառվում». Էդմոն Մարուքյանը ցույց է տալիս փողի տեղը
«Երեկ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է Հայաստանի ատոմակայանից 783 միլիոն դրամ հափշտակելու գործով դատավճիռը, և դատարանն ընկերության տնօրենին մեղավոր է ճանաչել և դատապարտել 5 տարի 9 ամիս 7 օրվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման։ Առաջին ատյանի դատարանը, սակայն, որոշել է նշանակված պատիժը չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով, և նույն բանը որոշել են մնացած բոլոր մեղադրյալների համար»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ քանի որ Հայաստանում դատարաններն անկախ են, և մենք չենք կարող միջամտել իրենց գործերին, սա ուղղակի տեղեկատվություն է՝ հասկանալու համար, թե Հայաստանում վստահության մթնոլորտի վերականգնման համար ինչ գործողություններ են անում իշխանության երեք ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական:
«Ասենք՝ տոնածառ դնելու համար մարդիկ այս պահին ազատազրկման մեջ են, բայց 783 միլիոն դրամ հափշտակելը նորմալ է»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։
Է. Մարուքյանը նշեց, որ իր ասածը կապ ունի քննարկվող նախագծի հետ.
«Այն կապ ունի ընդհանրապես Հայաստանում պետականաշինության ճանապարհի հետ։ Այս նախագիծը և այն, ինչ արվում է, ինձ տալիս է հետևյալ ուղերձը, որ կառավարության փոփոխություն լինի, ինչ-որ պայծառ դեմքեր ներգրավվեն, ինչ ուզում է լինի՝ համակարգային փոփոխություն տեղի չի ունենում»։
Պատգամավորը երկու առաջարկ արեց, որը նաև գրավոր է ներկայացրել։ Նա ցույց տվեց առաջիկա երկու կամ երեք տարիների գումարների տեղը, որը կարող են ուղղել այդ հիմնադրամին։
«Առաջարկում եմ այդ երեք տարիները հիմնադրամը գործի այդ միջոցներով, եթե այդ երեք տարիների ընթացքում երկրում բան տեղի չունենա, այն ժամանակ պետք է նորից այս 1000 դրամների նախագիծը քննարկենք։ Պետեկամուտների կոմիտեն պաշտոնապես ընդունել է, որ աննպատակահարմար է Դիլիջանի «Ուսումնական կենտրոնի» այդ շենքն օգտագործել, ու շենքն անցել է Գույքի կառավարման վարչությանը։ Դա նշանակում է, որ այն կարելի է վաճառել, ու դրա վրա ծախսված 33 միլիոն ԱՄՆ դոլարը հետ վերադարձվի։ Եթե դա արվի, ապա այդ գումարները կարող են ուղղվել այս հիմնադրամին։ 2013 թվականի Ոստիկանության արտաբյուջետային հաշվին տույժերից, տուգանքներից գոյացած գումարները կազմել են 8 միլիարդ 616 միլիոն դրամ, 2014 թվականին՝ 10 միլիարդ 782 միլիոն դրամ, 2015 թվականին՝ 11 միլիարդ 257 միլիարդ դրամ։ Գոնե իմանանք՝ այս գումարներն ո՞ւր են գնում։ Այս գումարներն ուղղենք նշված հիմնադրամին»,- նշեց Է. Մարուքյանը։
Աղբյուր՝ 168.am
Բաժին: featured, Ելույթներ ԱԺ-ում, Մամուլ, Տեսանյութեր