Ես ցույց կտամ, թե որտեղից է հնարավոր կրճատել գումարներ և ուղղել հիմնադրամին
Մեր զրուցակիցն է Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն ՄարուքյանըՊարոն Մարուքյան, ԱԺ պաշտպանության հանձնաժողովում պաշպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է զինծառայողների օգնության հիմնադրամին աշխատող յուրաքանչյուր քաղաքացուց ամսական 1000 դրամ գանձելու օրինագիծը, որը բուռն քննարկումների առիթ է տվել։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կընկալվի այս նախաձեռնությունը հասարակության կողմից և հնարավո՞ր է, որ այն փոփոխության ենթարկվի։Հանրային ընդվզում դժվար թե առաջացնի, որովհետև բանակին առնչվող խնդիրներին մեր քաղաքացիներն ըմբռնումով են մոտենում, բայց դա չի նշանակում, որ ցանկացած հարց, որ բանակին է վերաբերում, պետք է առանց քննարկումների, առանց հանրային լսումների իրականացվի։ Այս պարագայում բազմաթիվ մտահոգություններ կան, որոնք նաև սոցիալական ցանցերում շատ բուռն քննարկման առարկա են դարձել, դրա համար լավ կլիներ, որ հանրային լսումներ կազմակերպվեին, քննարկվեր նախագիծը, որ դրվեր շրջանառության մեջ։ Բայց այն շատ արագ է արվել։ Մենք նաև նախարարին առաջարկեցինք, որ պետք են լսումներ, բայց նա ասաց, որ ժամկետների մասով փոփոխություն չի լինի։ Նախարարը գտնում է, որ այն, ինչ տեղի է ունենում սոցիալական ցանցերում, ևս քննարկում է։Այսինքն՝ այս նախաձեռնությունը «ազգ-բանակ» կոնցեպտի իրականացման սկի՞զբն է։ Այն գաղափարը, որ դրված է այդ կոնցեպտի հիմքում, հենց այսպե՞ս պիտի իրագործվեր։Ես, ճիշտն ասած, «ազգ-բանակ» կոնցեպտին ծանոթ չեմ, կարող եմ ասել հետևյալը. այն խնդիրը, որ ներկայացվում է, երկար տարիներ եղել է և այն պետք էր ինչ-որ կերպ լուծել։ Հիմա դժգոհությունն այն է, որ խնդիրը կրկին լուծվում է մեր քաղաքացիների հաշվին՝ հավելյալ հարկատեսակ սահմանելով։ Այսինքն՝ հարցեր կան առաջացած, որոնց պատասխանները չենք կարողանում գտնել. նախ՝ մենք բավական լուրջ խնդիր ունենք Հայաստանում, երբ հարկերի հաշվին պահվում է շատ մեծ պետական ապարատ, լուրջ ծախսեր են թույլ տրվում, և ապրիլյան պատերազմն այս առումով որևէ սթափեցնող ազդեցություն չի ունեցել։ Այդ ամենը շարունակվում է, հիմա էլ ասում ենք դեռ մի 1000 դրամ էլ տվեք, որ եկող տարվանից կյանքի կոչենք հիմնադրամի գաղափարը։ Ես կարծում եմ, որ այդ գաղափարը շատ լավն է, բայց ես առաջարկում եմ, որ մենք այդ գումարները հավաքենք ոչ թե մեր քաղաքացիներից, աշխատող և 70 հազար դրամ ստացող քաղաքացուց, այլ՝ այն օպտիմալացված միջոցներից, որոնք ուզում ենք իրականացնել։ Տեղերը բոլորս գիտենք, ասենք, երբ որոշվեց, որ կարմիր գծանշանների վճարներն ու ճանապարհային տուգանքների գումարներն ուղղվեն պետական բյուջե, կարելի է դրանք ուղղել հենց պաշտպանության ոլորտին։ Ավելին՝ ՊԵԿ-ը կառուցել է հզոր, 5-աստղանի կրթական կենտրոն, որն, ըստ էության, հյուրանոց է։ Հիմա էլ խոսակցություններ կան, որ դա պետք է վաճառվի։ Կարող են այդ վաճառքից ստացված միլիոնավոր դոլարները փոխանցել նշված հաշվեհամարին։Նախագծի թերություններից մեկն այն է, որ այն չունի հետադարձ ուժ, այսինքն՝ հիմա տարբեր ՀԿ-ներից, որոնք զբաղվում են հաշմանդամների խնդիրներով, լուրջ դժգոհություն կա, որ այդ հիմնադրամով փորձում են լուծել բանակում հաշմանդամ դարձածների խնդիրները, բա մեր խնդիրներն ո՞վ է լուծելու։ Ես նախարարին նաև առաջարկել եմ՝ տարբերակ գտնել, որպեսզի այդ հիմնադրամի միջոցներով լուծվի նաև մինչ այսօր եղած հաշմանդամների, անհետ կորածների, զոհվածների հարազատներին գումարներ վճարելու խնդիրը։ Երբ ասում են, թե բյուջեի միջոցներով այդ խնդիրները լուծել հնարավոր չէ, ուզում եմ արձագանքել, որ այնքան տեղ կա, այնքան ծախս կա, որ կարելի է կրճատել։ Օրինակ՝ երկու տարի է՝ ես բարձրաձայնում եմ, որ փոխմարզպետների ինստիտուտը պետք է կրճատել։ Պետական կառավարման համակարգում կան բազմաթիվ գերատեսչություններ, պաշտոններ, ծառայողական մեքենաներ, որոնք կարելի է կրճատել ու այդ գումարներն ուղղել այդ հիմնադրամին։ Այդ գումարները հավաքագրում են էլի քաղաքացիների վճարած հարկերից։ Այսինքն՝ այդ վճարած հարկերի արդյունավետ կառավարման արդյունքում, կարծում եմ, որ հնարավոր էր այս խնդիրը լուծել։Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մեր քաղաքացիները որևէ կերպ չեն տնտեսում իրենց գումարները բանակի համար։ Խնդիրը այստեղ հավաքագրված գումարները արդյունավետ ծախսելու մեջ է։ Ավելին, մինչև այս հիմնադրամի ստեղծումը եղել է Մարտիկ հիմնադրամ, այլ հիմնադրամներ ևս, որոնց վերաբերյալ նույնպես տեղեկություններ չկան, որևէ մեկը չգիտի՝ այդ գումարներն ինչ են եղել։ Դրանք քննարկվում են սոցցանցերում, տիկին Բախշյանն է դիմում ներկայացնում Մարտիկ հիմնադրամի հետ կապված, դարձյալ որևէ տեղեկություն չկա։ Ես պատրաստվում եմ գրավոր առաջարկ ներկայացնել՝ իմ կողմից առաջարկված խնդրիների հետ կապված, օրինակ՝ բյուջե գնացող գումարները տուգանքների և այլնի հետ կապված, այդ գումարներն ուղղվեն հիմնադրամ։ Եվ ոչ միայն տարածվի 2017-ին Աստված մի արասցե տեղի ունենալիք դեպքերի վրա, այլ նաև մինչև այսօր եղած։ Ես ցույց կտամ, թե որտեղից է հնարավոր կրճատել գումարներ և ուղղել հիմնադրամին։ Բազմաթիվ տեղեր կան, որ կարող եմ ցույց տալ։Եթե նախագիծն այս տեսքով ընդունվի, կարելի՞ է ասել՝ այս կառավարության առաջին ձախողումն է։Չեմ կարող նման ինդիկատորներ դնել, բայց այն, որ կառավարությունից սպասելիքներն այլ են, քան հավելյալ գումարներ քաղաքացիներից հավաքելը, միանշանակ է։ Ավելին, Հայաստան հիմնադրամի հետ կապված խնդիր կար. պարտադիր չէր գումար հավաքելը, բայց պետական հիմնարկներում կամավոր պարտադիր սկզբունքով հավաքում էին։ Էլի փոքր գումարներ էին հավաքում, բայց մարդիկ դարձյալ դժգոհություն էին արտահայտում։ Միգուցե հանրային քննարկումներ կազմակերպեին և այդ քննարկումների արդյունքում այլ կերպ լիներ ընկալումը։Հապճեպությունն ինչո՞վ է պայմանավորված։Նախարարը պայմանավորում է նրանով, որ խորհրդարանն ավարտում է ժամկետը, պետք է գնա ձմեռային արձակուրդի, իսկ հետո լինելու է նախընտրական շրջան և բարդ կլինի։ Ես պնդում էի, որ խորհրդարանը բանակի խնդիրների համար ցանկացած օր կարող է արտահերթ նիստ գումարել։ Կարելի էր ուղղակի քննարկումներ անել, ավելի լավ աշխատել նախագծի վրա։ Կարծում եմ՝ հիմնադրամի գաղափարը շատ լավն է, բայց այն այս ձևով իրականացնելը հնարավոր է վնասի այդ լավ գաղափարին, ինչպես որ միշտ մեզանում լինում է։ Վերցնում ենք լավ գաղափար, և այդ գաղափարի վատ կիրառության արդյունքում հասնում ենք նրան, որ մարդիկ ճիշտ չեն ընկալում կամ դժգոհ են մնում այդ գաղափարից։
Աղբյուր՝ lragir.am
Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ