Իշխանությունում ներգրավվածները որսո՞րդ են, որ զենքով են ման գալիս. Է. Մարուքյանն առաջարկում է զենք կրելու հավասար իրավունքներ սահմանել

30/11/2016

ԱԺ անկախ պատգամավոր էդմոն Մարուքյանը շարունակում է պնդել, որ Հայաստանում կամ պետք է բոլորը զենք կրելու իրավունք ունենան, կամ անխտիր չպետք է ունենան: Նա մատնացույց է անում իշխանական պատգամավորերին, որոնք հիմնականում զինված են և օրինական  զենք կրելու իրավունք են ստացել կա՛մ նվիրատվության, կա՛մ Որսորդ միության անդամ դառնալով:

«Չի կարելի Հայաստանը բաժանել կաստաների, ազնվականների և ոչ ազնվականների, որտեղ կան արտոնյալներ, որոնք ավելի կապույտ արյուն ունեն, քան սովորական կարմիր արյունով մարդիկ: Եթե խոսում ենք, ուրեմն բոլորին պետք է արգելել զենք կրել, կամ էլ պետք է բոլորն էլ հնարավորություն ունենան»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ իշխանության ներկայացուցիչները և հարուստները՝ գրանցվելով Որսորդ միությունում, զենք կրելու ստաժ են ստանում և զենք գնում, իբրև թե որպես որսորդ:

«Ի՞նչ է, սաղ իշխանական պատգամավորները որսո՞րդ են, կամ՝ իշխանությունում, ով ներգրավված է որսո՞րդ է, հա՞, որ զենքով են ման գալիս, էտ ինչքան որսորդ ունենք Հայաստանում: Ավելի լավ չէ՞ հավասար հնարավորություն տրվի, ոչ թե ստիպված որսորդ դառնան»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Մարուքյանը «ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը հայտարարել էր, թե ՀՀ-ում պետք է շատ վերահսկելի՝ զենք կրելու իրավունք ունենան բոլորը և առաջարկել, որ օրինագծում լինի այն դրույթը, որ պատգամավորն ու նրա ընտանիքը լինեն պետության պաշտպանության ներքո և պատգամավորի դիմումի հիման վրա պետությունը համապատասխան միջոցներ ձեռնարկի:

Հարցին, թե արդյոք զենք կրելու իրավունք ստանալու անհրաժեշտությունը նա զգացել է հատկապես վերջին շրջանում ավելի խիստ ընդդիմադիր կեցվածք դրսևորելուց հետո՞,  Էդմոն Մարուքյանը պատասխանեց, թե այդ կարծիքին է եղել, երբ փաստաբան է եղել:

«Այնպես չի, որ ինձ համար եմ ուզել, որ ինձ պաշտպանեմ, նման վտանգ չեմ զգացել, եթե զգամ, բնականաբար, համապատասխան միջոցառումներ կձեռնարկեմ: Ես ընդհանրապես եմ ասում, որպես գաղափար՝ մարդկանց հավասար հնարավորությունների մասին: Եվ հետո էլ, նախագիծը եթե ընդունվի, այս խորհրդարանի վրա չի տարածվի»,-ասաց նա:

Մարուքյանն օրինակ բերեց սահմանամերձ շրջանների խնդիրը, որն, ըստ նրա, մինչ այս պահը գոյություն ունի: «Մենք անընդհատ ասում ենք, որ սահմանապահ գյուղերի բնակիչներին պետք է զինել, որովհետև եթե Աստված մի արասցե դիվերսիոն խումբ մտնի գյուղ, մինչև բանակը հասնի այդ տարածք՝ մարդիկ կարողանան ինքնապաշտպանություն իրականացնել: Միակ փաստարկը, որ բերում են, ասում են՝ գիտե՞ք, մարդիկ կվիճեն, կսպանեն:  Բայց պարզ է, որ Հայաստանում գրեթե ամեն օր, կամ օր ու մեջ ինչ-որ սպանություններ են լինում, որը լինում է անօրինական զենքերով, բայց հիմնականը որսորդական զենքերով, կամ նվիրած զենքով։ Հիմա ով ում ուզում է՝ կարողանում է չէ՞ զենք գտնի ու վնասի: Իսկ բոլորի ունենալու դեպքում նաև զսպող հանգամանք կլինի, որ մտածի՝ եթե ինքը զենք հանի, մյուսն էլ կարող է»,- ասաց նա:

Ի դեպ, ԱԺ պատգամավորը նշեց, թե ժամանակին ԱԺ կանոնակարգ օրենքով պատգամավորներն իրավունք են ունեցել զենք կրելու, բայց դա հանել են: 

Նելլի Լազարյան

Աղբյուր՝ tert.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ