Ես օպտիմալացում չեմ տեսնում, 1-2 ԾԻԳ կրճատելով չի. Էդմոն Մարուքյան
4 տարվա ընթացքում սա առաջին անգամն է, որ իմ որևէ առաջարկ կառավարությունը չի ընդունել: ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ պետական բյուջեի լրամշակված տարբերակի քննարկման ժամանակ:
«Մենք մի խումբ պատգամավորներով պաշտպանական ծախսերի ավելացման մասին առաջարկներ ենք արել, որին դուք պատասխանել եք, թե կքննարկենք: Երևի գեղեցիկ չի եղել մերժել, գրել եք՝ կքննարկենք: Մեր առաջարկներից մեկը եղել է պաշտպանական ծախսերի բյուջեն ավելացնել, ավելացրե՞լ եք, թե ոչ»,- հարցրեց Էդմոն Մարուքյանը:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց, թե Հայաստանը կիսապատերազմող երկիր է, ինչը նշանակում է, որ պաշտպանական ծախսերի մեծացման համար միշտ էլ տեղ կա:
«Ձեր առաջարկների մասով մենք արդեն իսկ ունենք ծրագրեր: Մեծացման համար աղբյուր է պետք, այսինքն՝ կամ պակասուրդը ավելացնենք, կամ եկամուտները: Դրա համար ծախսերը նույնն են մնացել»,- ասաց Վարդան Արամյանը:
Էդմոն Մարուքյանը նաև հարցրեց կառավարության օպտիմալացման մասին: «Գործով չենք տեսնում, որ ցանկություն կա: Կառավարությունն անգամ ռիսկ չի անում փոխմարզպետներին կրճատել: Մի-երկու ԾԻԳ կրճատելով չի… Դուք ասում եք, թե գումարներ որտեղի՞ց՝ տնտեսումներից, կառավարության ուռճացված ծախսերից: Էնքան բան կա, բայց օպտիմալացում ես չեմ տեսնում, միայն հռետորաբանության մեջ է մնացել»,- նշեց պատգամավորը:
Վարդան Արամյանը չհամաձայնեց, որ կրճատումներ անելու քաջություն կառավարությունը չունի, հակառակը, հավաստիացրեց, որ «չափից ավելի ամբիցիոզ են ծախսերը կրճատում»:
Աղբյուր՝ tert.am