Կոչ եմ անում սրբազանին՝ չմիջամտել քաղաքական գործընթացներին. Էդմոն Մարուքյանը հակադարձում է Գուգարքի թեմի առաջնորդին

07/01/2017

Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցում երեկ Սուրբծննդյան պատարագի ժամանակ, որին ներկա են եղել ինչպես ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, այնպես էլ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» ավագանու կազմը՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, Գուգարքի թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը կոչ է արել ավագանու նիստերը բոյկոտող ավագանուն միաբանվել գործող քաղաքապետի հետ և հավաքվել քաղաքապետարանում:

«Ժողովուրդը պահանջում է ձեզանից ծառայություն, քանզի ձեզ վստահել է, ուրեմն այդ վստահությունը ոչ ոք իրավունք չունի ձեզանից մսխելու, սպառելու, մաշեցնելու: Եվ այս տարի ուզում եմ, որ մեր քաղաքի քաղաքապետարանում հավաքվի ավագանին և վճռական քայլերով մեր քաղաքի կառուցման սուրբ գործին նվիրվի՝ թողնելով արտաքին ուժեր, ովքեր փորձում են այս քաղաքի ներքին կյանքին միջամտել: Սա իբրև առաջնորդ կարծում եմ, ես իրավունք ունեմ այս բարի մաղթանքն անելու»,-մասնավորապես ասել է սրբազանը:

Հիշեցնեք, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններից հետո ավագանու նիստեր չեն գումարվել ու քաղաքի բյուջեն չի հաստատվել, քանի որ ընդդիմադիր երեք կուսակցությունները՝ Բարգավաճ Հայաստանը, «Լուսավոր Հայաստանն» ու Հայկական վերածնունդը բոյկոտում են ավագանու նիստերը, իսկ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ հունվարի 10-ին լրանում է ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման ժամկետը, և նա պետք է հրաժարական տա, քանի որ 18 ընդդիմադիր ավագանիները չեն ճանաչում Մամիկոն Ասլանյանի՝ քաղաքապետ լինելու հանգամանքը:

Սուրբծննդյան արարողության ժամանակ Գուգարքի թեմի առաջնորդի հորդորները քննարկման առարկա են դարձել ֆեյսբուքում: «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը գրել է. «Որ էս անգամ էլ նիստ չգումարվեց, Հռոմի պապին միջնորդեք, մեկ էլ տեսար ավագանիները ազդվեցին»:

«Լոռի» հեռուստաընկերության խմբագիր Նարինե Ավետիսյանն էլ գրել է. «Խորին հարգանք տածելով Հայ Առաքելական եկեղեցու և անձամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդեպ` պիտի անկեղծ լինեմ և խոստովանեմ, որ հաճելի չէ, երբ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցվող պատարագն ու խորանը վերածվում են քաղաքական բեմահարթակի և ճառի, առ այն թե ինչպես դրսևորվեն ավագանու ընդդիմադիր անդամները քաղաքական գործընթացներում: Սրբազան Հայրն իր քաղաքական հորդորը կապել է աստվածահաճո քրիստոնեական համամարդկային միաբանության հետ, քանի որ եկեղեցում ներկա են գտնվել ոչ միայն ավագանու ընդդիմադիր անդամները, այլև ՀՀԿ-ական մարզպետն ու ներկա և նախկին քաղաքապետերը` յուրյանց ՀՀԿ-ական «ավագանոց դասի» հետ»:

Tert.am-ին հետ զրույցում «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանն ասաց, որ խորին հարգանք տածելով եկեղեցու հանդեպ՝ անընդունելի է համարում օգտագործել Սուրբ ծնունդը և իրենց ներկայությունը եկեղեցում՝ նման կոչ անելու համար: «Մենք բոլորս Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ ենք, բայց մեր աչքերում սրբազանը կորցրել է իր՝ անաչառ դիտորդ լինելու հանգամանքը: Օբյեկտիվ չէ նրա այդ կոչն ու մոտեցումը: Եվ դա կապված է այն բանի հետ, որ նա որևէ կերպ մեզ չլսեց, որևէ կերպ մեզ հետ քննարկման մեջ չմտավ, երբ որ գնում էր մանդատագողությամբ ընտրված քաղաքապետի երդմնակալությունն օրհնելու: Գնալ օրհնել այդ ամեն ինչը, հետո գալ մեզ կոչ անել, դա ամբողջությամբ տեղավորվում է իշխող կուսակցության տրամաբանության և քարոզի մեջ: Իսկ էս պարագայում ես անաչառություն և օբյեկտիվություն չեմ տեսնում, և սա է պատճառը, որ մենք այն ուղղակի լսում ենք և անցնում առաջ»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ դա, ըստ էության, առաջին հերթին միջամտություն է քաղաքական գործընթացներին: «Սուրբ ծննդյան օրը, ես գտնում եմ, որ պետք չէր նման բան անել: Ես էլ որպես Լոռու մարզից ընտրված պատգամավոր, կոչ եմ անում սրբազանին՝ չմիջամտել քաղաքական գործընթացներին և մնալ եկեղեցական կոչմանը հավատարիմ: Եթե միջամտություն պետք է լինի հոգևորականի կողմից, դա պետք է լինի օբյեկտիվ ու համակողմանի, եթե դա միակողմանի է, բնականաբար դառնում է որպես իշխող կուսակացության քարոզի մաս»: 

Մարինե Խառատյան

Աղբյուր՝ tert.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ