«Ելք»-«Ժառանգություն» բանակցություններում չի արձանագրվել ավարտ, կա դադար ու չհասկացվածություն. Է. Մարուքյան

10/02/2017

«Ելք» դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) ղեկավար Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է կուսակցության համամասնական ցուցակի առաջին 3 հորիզոնականների հերթականությանը, նախընտրական շտաբերի կազմավորմանը և այլ հարցերի: Անդրադառնալով ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, որ ՀԱԿ-ը ժամանակին բանակցություններ էր սկսել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ԼՀԿ-ի ու «Հանրապետության» հետ, սակայն նրանք շատ արագ ձևավորվել էին որպես «Ելք» և վիժեցրել գաղափարը:

-Ճի՞շտ է տեղեկությունը, որ «Ելքի» և «Ժառանգության» առաջիկա ընտրություններին ընդառաջ դաշինք կազմելու բանակցությունները տապալվել են:

– Դե, ճիշտն ասած, չեն էլ ավարտվել, չի արձանագրվել ավարտ։ Ուղղակի դադար կա և չհասկացվածություն կա, մենք ամեն բան արել ենք, որ այդ դաշինքը լինի` «Ժառանգությունը» միանա «Ելք» դաշինքին: Բայց երբ վերջնական չկայանա, այդ ժամանակ կմեկնաբանեմ: Եվ այս պահին դեռ շանս կա, որ կարող է լինել:

– Իսկ մեղավորը «Ե՞լք»–ը չի:

–Գիտեք` պետք չէ մեղավորներ փնտրել, իրար մեղադրել, հիմա, իրենք, հնարավոր է` Հայաստանի զարգացման ու ապագայի վերաբերյալ այլ մոտեցում ունենք, այլ մարդկանց հետ ենք ուզում ճանապարհ անցնել: Հիմա դա յուրաքանչյուր քաղաքական ուժի գործն է, ով կարող է ում պարտադրել` մեկը մեկի հետ դաշինք կազմի: Եվ իրականում նման պարտադիր միություններն են, որ միշտ քանդվում են: Հիմա կստացվի՞, լավ, չէ՝ չէ։

-Այսինքն` «Ժառանգությունից» ինչ-որ նախապայմաններ են դրվում, թե ինչ-որ այլ քաղաքական ուժերի միավորելու առաջարկներ:

-Այո, կան նաև նման քննարկումներ, դրա համար, ես բանակցությունները չեմ կարող բացել, քանի դեռ բանակցություններն ավարտված չեն:

-Այսինքն` իրենք «Ելքն» ուզում են ընդգրկել ավելի լա՞յն դաշինքով:

– Իրենք մեզ հետ բանակցում են իրենց պայմաններով, ոչ թե որ մեզ տանեն ինչ-որ լայն կոնսոլիդացիայի:

-Լևոն Զուրաբյանը, մեկնաբանելով, թե ինչու ՀԱԿ-ը չգնաց ավելի լայն դաշինքի հայտնել էր, որ սկզբում, ավելի լայն միավորման նպատակով բանակցություններ են սկսել ՔՊ-ի, ԼՀԿ-ի ու «Հանրապետության» հետ, սակայն Դուք շատ արագ ձևավորվել էիք որպես «Ելք» և վիժեցրել գաղափարը:

– Ես ուղղակի ապշած եմ Լևոն Զուրաբյանի այդ հայտարարությունից: Նախ, չի եղել հարց, որ մենք քննարկենք միացման կամ լայն կոնսոլիդացիայի հարց: Երկրորդ՝ «Հայ ազգային կոնգրեսն» իր ունեցած ծրագրային հենքով, մոտեցումներով ամբողջությամբ հակադրության մեջ է «Ելք» դաշինքի մոտեցումներին: Մենք հո չենք միավորվում միավորվելու համար: Եվ երբ ՀԱԿ-ը իշխանությանը պաշտպանում էր, ամեն բան անում էր, որ իշխանությունը Հայաստանն ինտեգրի ԵՏՄ-ին, մեկը ես, մեկը` Նիկոլ Փաշինյանը դեմ ենք քվեարկել խորհրդարանում: Արամ Զավենի Սարգսյանը դեմ է եղել այդ ինետգրացիային:

-Ինչպե՞ս է որոշվելու «Ելքի» եռյակը:

-Ցուցակի առաջին երեք համարների հերթականության կազմման մեթոդաբանությունը օրերս կհրապարակվի և բոլոր լրատվամիջոցները կհրավիրվեն եռյակի որոշման կայացմանը: Իսկ նախընտրական շտաբերի պետերի անունները կհրապարակվեն եռյակի հերթականությունը որոշելու հետո: Կազմակերպչական տիպը`կլինի «Ելք» դաշինքի կենտրոնական շտաբ և կլինեն 13 զոնալ շտաբեր:

-Մեթոդաբանությունը` վիճակահանությու՞ն:

-Քվեարկության նման մի բան, որով կորոշվի դաշինքի առաջին երեք համարների հերթականությունը: Թե ովքեր են առաջին 3 համարները պարզ է, բայց հերթականությունը կորոշվի քվեարկությամբ:

-Զարուհի Փոստանջյանի հետ ունե՞ք պայմանավորվածություն:

– Մենք ունենք առաջարկություն Զարուհի Փոստանջյանին, որ եթե ցանկանա միանա դաշինքին, «Ելք» դաշինքի դռները բաց են, դրանից ավել որևէ քննարկում չկա:

-Ինքը չի՞ արձագանքել:

-Դե հիմա, կարող է արձագանքել, կարող է` ոչ:

-Ռեյտինգային թեկնածուների հետ կապված Ձեր կուսակցությունից հայտնել էին, որ գրեթե բոլոր հայտնի դեմքերն առաջադրվելու են: Կա՞ն որոշումներ, թե որտեղ` ովքեր

-Տարածքների հետ կապված քննարկումները դեռ ընթացքի մեջ են: Բայց մոտեցումն այն է, որ բոլորը լինեն:

-Ազատամարտիկների ինչ-որ դաշինքների հետ կապված` հնարավո՞ր է, որ «Ելքում» նոր համալրումներ լինեն:

-Բազմաթիվ ազատամարտիկներ, որոնք Սասուն Միքայելյանի, Վազգեն Սարգսյանի, Արամ Սարգսյանի մարտական ընկերներն են, բնականաբար, նրանք «Ելք» դաշինքի կողքին են:
Անուշ Դաշտենց

Աղբյուր՝ tert.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ, Նախընտրական նյութեր