Գիտության զարգացում ԿԲ ծախսերի կրճատման հաշվին
Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր 2013թ. բյուջեի քննարկման ժամանակ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանին առաջարկեց կրճատել ԿԲ-ի որոշ ծախսեր և մոտ 200 մլն դրամ ուղղել գիտության զարգացմանը:
«ԿԲ-ն ունի 810 աշխատող, նախատեսված է, որ 390 մլն դրամ պետք է վճարվի առողջության ապահովման ծախսերի համար, գործուղումների համար՝ 432 մլն դրամ, լրատվական և տեղեկատվական նյութերի համար՝ 64 մլն դրամ, ներկայացուցչական ծախսերի համար՝ 54 մլն: Կարծում եմ կարելի է կրճատումներ անել ներկայացուցչական և գործուղումների ծախսերից»,-ասաց նա և ավելացրեց, որ իր կարծիքով ԿԲ-ի գործունեությունը չի թուլանա, եթե նախատեսված 170 հոգուց ավելի քիչ աշխատակից մեկնի վերապատրաստման:
ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը ի պատասխան ասաց, որ միշտ էլ կարելի է որոշում կայացնել ու տարբեր տեղերից կրճատումներ անել: Սակայն, ըստ նրա, վերապատրաստման մեկնող աշխատակիցների քանակը կրճատելով, ԿԲ-ն չի կարողանում բավարար բանակցային թիմ ապահովել միջազգային կառույցներում հանդես գալու համար:
«Այդ ծախսերը նվազագույնն են: Այն գիտելիքը, որ մեր մասնագետները ստանում են, տեղափոխում են Հայաստան: Ոչ միայն ԿԲ-ի աշխատակիցներին, այլ նաև ամբողջ ֆինանսական ոլորտին նրանք կարող են օգտակար լինել: Բայց մարդիկ ամբողջ ծախսերը իրենց վրա են վերցնում, բայց ասում են ճանապարհի ծախսերը գոնե դուք հոգացեք»,-ասաց նա:
Տեքստը վերցված է http://www.tert.am/-ից
Բաժին: Ելույթներ ԱԺ-ում, Տեսանյութեր