Էդմոն Մարուքյան. Ուրախ եմ ու սպասում եմ, որ դատախազները պատժվեն

02/11/2012

Փաստաբանների պալատին նախկին փաստաբան, այժմ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշում է` մի ժամանակ դատապարտյալներից մեկը մեխել էր ոտքերը: Հետո, ժամանակի ընթացքում ինքնավնասման տեսակները քրեակատարողական հիմնարկներում փոխվեցին, և դատապարտյալներն ու կալանավորները սկսեցին բերանները կամ աչքերը կարել, համատարած հացադուլ հայտարարել:

«Նման բաներ շատ են եղել քրեակատարողական հիմնարկներում, ուղղակի շատ փոքր մասն է, որ տարածվում է մամուլով, դրա համար ձեզ համար հազվագյուտ բան է թվում: Մեր փորձից եմ ասում` շատ-շատ են նման դեպքերը», Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման դեպքերի մասին ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով, դատապարտյալներն իրենց վնասում են հիմնականում քրեական գործերի կամ պահման պայմանների վերաբերյալ բողոքներ ներկայացնելով:

«Հացադուլ են անում, որ սխալ են դատել, բերանը կարում են ու պահանջում, որ ասենք դատախազի հետ հանդիպեն: Մի բան այնքան շատ է լինում, որ դա դառնում է սովորական: Պետք է հասկանանք` ինչու են այդ քայլին դիմում, պետք է խորամուխ լինենք խնդրի մեջ: Եթե քրեական գործերին է վերաբերում պետք է վերանայել գործերը, եթե արվում են գերբեռնվածություն, որ մարդիկ հերթափոխով են քնում, հասկանանք` ինչու է գերբեռնվածության խնդիր առաջանում», -ասաց Մարուքյանը:

Նախկին փաստաբանը մատնանշում է քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության պատճառը. «Դատարաններն անընդհատ մարդկանց կալանավորում եմ: Երբ դատախազներն իրենց ճղում են, թե գրավ կիրառեք, երաշխավորություն ու այլ միջոցներ, իրենք ասում են չէ` կալանավորել, կալանավորել, կալանավորել: Դրա համար էլ իմ տվյալներով գերբեռնվածությունը հիմնականում կապված է նախնական կալանքի հետ»: Բացի այդ, չի աշխատում նաև պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը:

Իրավական ոլորտի ղեկավար կազմի հետ խորհրդակցության ու դրա արդյունքների մասին խոսելիս, Մարուքյանն ասաց. «Նախագահը եթե հանձնարարել է, անպայման քայլեր կձեռնարկեն փոփոխություններ անելու համար: Հանձնարարությունները, որ տրվում են, չեն կարող չկատարվել»:

Նույն խորհրդակցության ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազության հասցեին հնչած քննադատությունները պատգամավորը ողջունում է, բայց նաև անհրաժեշտ է համարում, որ դրանք արդյունքներ ունենան: «Ես ուրախանում եմ և սպասում եմ, որ պատժվեն: Եթե կամայականություններ են անում, ապա պետք է պարտադիր պատժվեն», -հավելեց նախկին փաստաբան պատգամավորը:

Աղբյուրը` http://www.panorama.am/

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ