Սա ուղերձ է, որ ԱԺ շենքում կարող եք հարձակվել տարբեր պատգամավորների վրա

01/02/2018

Մեր զրուցակիցն է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը
Պարոն Մարուքյան, ԱԺ պետաիրավական հանձնաժողովը նախօրեին մերժեց Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը։
Սա շատ վատ ավանդույթի ձևավորում է, որովհետև Հանրապետականները վախենում են հանձնաժողով ձևավորել, որը կքննի իրենց անդամի կողմից էթիկայի կանոնների խախտումը։ Դրա հետ կապված ցանկացած հիմնավորում նրանք բերեցին, ինչ ասես ասացին, որն, ըստ էության, ոչ մի կապ չուներ խնդրի հետ։ Սա, ըստ էության, ուղերձ է, որ ԱԺ շենքում կարող եք բռունցքներով հարձակվել տարբեր պատգամավորների վրա, փորձել նրանց լռեցնել, ճնշել, ու դրա համար ձեզ ոչինչ չի սպառնա։
Նախկինում գոյություն ուներ էթիկայի հանձնաժողով, որտեղ նման հարցերը գոնե որոշակի ընթացակարգ էին անցնում, իսկ հիմա հանձնաժողով էլ չի ձևավորվում, որտեղ կարող է հարցը քննարկվել։ Սա փաստորեն ավելի վա՞տ տարբերակ է։
Բնականաբար, ավելի վատ տարբերակ է, և ընդհանրապես այն նոր կանոնակարգումներով, որ իշխանությունները հայտարարում են, թե սա խորհրդարանական մի ընտիր համակարգ է, բոլոր իրենց կանոնակարգերն ավելի վատն են, քան կար նախկինում։ Ես այդ մասին խոսել եմ և ասել, որ դա հետընթաց է, ռեգրես։
Այդ միջադեպի գործը փակվե՞ց, թե կան այլ տարբերակներ։
Մենք հնարավորություն ունենք այդ հարցի վերաբերյալ ԱԺ դահլիճում ելույթներ ունենալ, երբ սկսվի նիստը ու վերջ։ Այլ հնարավորություն չունենք։
Սա քայլ էր ուղղված Արտաշես Գեղամյանին «փրկելո՞ւ»։
Այստեղ խնդիրը Արտաշես Գեղամյանը չի, այլ ՀՀԿ-ի կորպորատիվ շահն է։ Նրանք պաշտպանում են իրենց կորպորատիվ շահը։ Գեղամյանի տեղն ուրիշ մարդ էլ լիներ, իրենք նույն ձևով էին վարվելու և թույլ չէին տալու, որ նման հարց քննվի։
Գլխավոր վկան՝ Նապոլեոն Ազիզյանը, ով տեսել էր միջադեպը, փաստորեն, չկար։ Այստեղ միտում կա՞։
Վկան կարող էր պետք գալ, եթե հանձնաժողով ստեղծվեր, բայց հանձնաժողով չի ստեղծվել, հարցը չի քննարկվել։ Հարցը գլխավոր վկային չի հասել, կհասներ, եթե իրենք ստեղծեին հանձնաժողով։
Սերժ Սարգսյանը, սակայն, ընդարձակ համաձայնություն է ակնկալում նախագահի թեկնածուի ընտրությանը։
Չեմ կարծում, թե դա Ելքին է ուղղված, երևի այդ կոչն ուղղված է Ծառուկյան դաշինքին։ Միակ համաձայնությունը, որ պատկերացնում եմ՝ որ իրենք ընդդիմություն են, իսկ մենք՝ իշխանություն։ Այդ դեպքում համերաշխ կլինենք։
Այսինքն՝ ԱԺ-ում ձեր ցանկացած նախաձեռնություն մերժվո՞ւմ է իշխանության կողմից։
Իրենք ինչպես կային, այդպես էլ մնացել են, ոչինչ չի փոխվել։
Դուք դիմել էիք ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արտաշես Գեղամյանին՝ քննարկելու Ռուսաստանի՝ Ադրբեջանին տրամադրած զենքի խմբաքանակի հարցը։ Գեղամյանը դեմ չէ, որպեսզի այդ հարցը քննարկվի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում։ Ինչպե՞ս եք գնահատում, որ առաջին անգամ նման պատրաստակամություն է ցուցաբերվում։
Այդ հարցը դեռ չի ընդունվել, պետք է ընդունվի ռուսական կողմի հետ քննարկումից հետո։ Գեղամյանն ասել է, որ կքննարկենք ռուսական կողմի հետ, և եթե նրանք համաձայնվեն, դա կդառնա օրակարգի մաս, եթե ոչ, ապա ոչ։
Կարծում եք՝ ռուսական կողմը պատրա՞ստ է այս հարցը քննարկել։
Չեմ կարող ասել։ Ես ակնկալում եմ, որ հայկական կողմը դա օրակարգի մաս դարձնի։ Մնացածը կքննարկենք, կերևա։ Բայց քանի որ սա ռուսական կողմի համար անհարմար հարց է, հնարավոր է, որ նրանք ասեն՝ չենք ուզում, որ այդ հարցը հնչի օրակարգում։

lragir.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ