Պետք է ամեն ինչ անենք, որ հաջորդ ընտրությունները տեղի չունենան ռեյտինգային ընտրակարգով. Է. Մարուքյան

21/02/2018

Այն ուժերը, որոնք կոնսենսուսով ընդունել են ընտրական օրենսգիրքը կա՛մ չեն անցել խորհրդարան, կա՛մ դեմ են այս օրենսգրքին, ինչը պարզվեց նախորդ նիստից: Այս մասին Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Այսինքն՝ ԲՀԿ-ը, որ կոնսենսուսի մեջ է եղել, հիմա ուզում է, որ փոխվի, դեմ է, ՀՅԴ-ն ուզում է, որ փոխվի, դեմ է, և միայն ՀՀԿ-ն է կոնսենսուսի ուժերից, որ ասում է՝ սա լավ օրենք է : Ուրեմն ես չգիտեմ մեկ այլ քաղաքական գործիչ կամ պատգամավոր, որ այդքան շատ դեմ արտահայտված լինի այս ռեյտինգային համակարգի վերաբերյալ, որքան որ ես եմ խոսել՝ մանրամասն դետալներով: Ես ասում էի, որ ցուցակների հրապարակումը և տեսանկարահանումը որևէ էֆեկտ չի տալու, որովհետև այս ընտրակարգով մի հրեշավոր բան է արվում»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ մեծամասնական ընտրակարգից ավելի վատ ընտրակարգ դրվեց:

Ըստ պատգամավորի՝ եթե մեծամասնական ընտրակարգի դեպքում 131-ից 41-ն էին մեծամասնականով ընդունվում, 90-ը համամասնականով, ապա հիմա 105 պատգամավորների կեսն ընտրվում է ռեյտինգային ընտրակարգով:

«Ինչի մասին է ռեյտինգային ընտրակարգը. դա մի ընտրակարգ է, որտեղ ոչ թե քաղաքական ուժերի բրենդերն են մրցակցում, որտեղ ոչ թե քաղաքական ուժերի գաղափարները, պլատֆորմը, տեսլականներն են մրցակցում, այլ մրցակցում են տարածքներում ինչ-որ մարդիկ, ովքեր ով ինչքան փող ուներ, ինչքան հնարավորություն ուներ մարդկանց դուրս հանելու տարբեր ահաբեկչական մեթոդաբանությամբ կամ վարչական տարբեր մեթոդներով, դա իրականացրեց, և դրա արդյունքում ունենք հիմա այս վիճակը»,- ասաց Մարուքյանը:

Նա նշեց, որ խորհրդարան անցած ուժերից ամենից շատ համամասնական ձայներ ստացած ուժը «Ելք»-ն է, մնացած ուժերը ռեյտինգայինից են ձայներ ստացել:

«Մեր Փիլիպոսին կընտրես, ասում է՝ հա, ես զզվում եմ ձեր քաղաքական միավորից, հա բայց դու Փիլիպոսի հետ լավ ես չէ, լավ տղա ա Փիլիպոսը, դե գնա դու Փիլիպոսին ընտրի, ախպե՛ր, ու տենց ձայները հավաքվում են»,- ասաց պատգամավորը:

Նա հիշեցրեց, որ ԸՕ-ի շուրջ կոնսենսուսի մեջ, դեռ այն ժամանակ էլ, երբ «Ելք» դաշինքը ձևավորված չէր, չեն մտել ո՛չ ինքը, ո՛չ Նիկոլ Փաշինյանը՝ ի սկզբանե դեմ արտահայտվելով այդ համակարգին, որին մինչև հիմա էլ դեմ են:

Մարուքյանի խոսքով՝ ընտրական օրենսգրքի ներկայիս համակարգը քաղաքական համակարգ չէ:

Նա նշեց, որ պարզ է՝ այսօր բերված փոփոխությունները չեն ընդունվի, իսկ եթե հետագայում սկսվեն քննարկումներ ԸՕ-ի շուրջ, «Ելք»-ը ակտիվորեն կներգրավվի:

«Եթե մի օր պահը գա, որ սկսվեն քաղաքական բանակցություններ, մենք անպայման դրա մեջ կլինենք, մեր ներդրումը կունենանք և, բնականաբար, պետք է ամեն ինչ անենք, որ հաջորդ ընտրություններն այս ռեյտինգային համակարգով տեղի չունենան»,- եզրափակեց Մարուքյանը:

tert.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ