Որևէ բան չի կարող խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուն

24/04/2018

Ապրիլի 25-ին մեկնարկում են Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան բանակցությունները՝ թավշյա հեղափոխությունն ամբողջությամբ իրականացնելու օրակարգով։ Փաշինյանը, հիշեցնենք, ներկայացրեց ապագա իշխանության ձեւավորման իր տեսլականը, ըստ որի՝ ՀՀԿ-ն չի կարող պահպանել իր ունեցած իշխանությունը, եւ խորհրդարանը պետք է ընտրի ժողովրդի՝ հրապարակի, առաջադրած թեկնածուին, ապա պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, այնուհետ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ ՀՀԿ-ն, սակայն, չի պատրաստվում հանձնել իշխանությունը եւ ամեն ինչ անելու է, որպեսզի Սահմանադրությամբ նախատեսված վարչապետի նոր ընտրության ժամանակ գոնե Կարեն Կարապետյանն ստանա խորհրդարանի մեծամասնության քվեն։ Այսօր՝ ցեղասպանության հիշատակի օրը, երկու ճամբարներում որոշել են լռություն պահպանել եւ չեն ցանկանում կարծիքներ հայտնել ապագա գործընթացների մասին։ Մենք զրուցեցինք «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ, ով չէր հավատում իշխանափոխությանը եւ դեմ էր Նիկոլ Փաշինյանի մարտավարությանը։ Հիշեցնենք, որ ԱԺ բոլոր խմբակցություններն իրավունք ունեն վարչապետի թեկնածուներ առաջադրել, եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարած համաժողովրդական թեկնածուն պետք է առաջադրվի «Ելք» խմբակցության կողմից, որտեղ «ՔՊ»-ն ունի 4 պատգամավոր, մյուս 5-ը «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից են։

– Պարոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ապագա իշխանության ձեւավորման իր տեսլականը, ըստ որի՝ խորհրդարանը ժողովրդի՝ հրապարակի առաջադրած թեկնածուին է վարչապետ ընտրում, ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն, այնուհետ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են կազմակերպվում։ Թե ինչ իրավական լուծումներ է սահմանում Սահմանադրությունը, դա էլ է հայտնի՝ վարչապետի նոր ընտրություն, նոր կառավարության ձեւավորում։ Ուզում էի իմանալ՝ «Ելք» խմբակցությունը կառաջադրի՞ Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու։

-Ես կարող եմ Ձեզ փոխանցել մեր եւ «Հանրապետություն» կուսակցության դիրքորոշումը, որը որ մենք քննարկել ենք ոչ թե այսօր, այլ երեկ եւ նախորդ օրը։ Այդ դիրքորոշումը հետեւյալն է՝ Սահմանադրությամբ մայիսի 2-ին, գիտեք, որ լրանում է վարչապետի ընտրության օրը, եւ մեզ համար վարչապետի այլ ընդունելի թեկնածու չի կարող լինել, քան Նիկոլ Փաշինյանը, որը պետք է ստանձնի ՀՀ վարչապետի պաշտոնը։ Բնականաբար, մենք պետք է առաջադրենք նրա թեկնածությունը, նա ընտրվի վարչապետ, որից հետո նոր կարելի է քննարկել մնացած հարցերը։ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալն այլընտրանք չունի, ժողովրդակայն այս ակնկալիքները, այս մեծ հույսերը, աջակցությունը պետք է կապիտալիզացվի․ Նիկոլ Փաշինյանին մանդատ է տրվել, եւ նա պետք է ստանձնի պատասխանատվություն, եւ այդ ժամանակահատվածում, բնականաբար, Ընտրական օրենսգիրք պետք է փոխվի, պետք է հազար ու մի օրենքներ փոխվեն։ Ուրիշ որեւէ մեկի վարչապետ դառնալը կլինի այս հեղափոխության անկումը։

– Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, բայց խորհրդարանի ՀՀԿ-ական մեծամասնությունը մնաց, եւ զուտ իրավական առումով հենց այդ մեծամասնությունը պետք է լուծի ապագա իշխանության հարցը, քանի որ խորհրդարանում մեծամասնություն է կազմում։ Կարծում եք ՀՀԿ-ն կքվեարկի՞ Փաշինյանի թեկնածության օգտին եւ եթե չքվեարկի, ի՞նչ կլինի։

-Միանշանակ կարծում եմ՝ կընտրեն, որովհետեւ իրողություններ են փոխվել, ու Սերժ Սարգսյանի հրաժարականը հենց այնպես չի եղել։ Ես կրկնում եմ՝ որեւէ հարց չի կարող խոչընդոտել Նիկոլ Փաշինյանին վարչապետ դառնալու հարցում։ Ե՛վ մենք, ե՛ւ ՀՅԴ-ն, ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ ՀՀԿ շատ պատգամավորներ կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին, քանի որ այսպիսին է իրողությունը։ Միայն ընդդիմադիր վարչապետը, այս պարագայում՝ Նիկոլ Փաշինյանը կարող է երաշխավորել, որ կլինի ԸՕ-ում փոփոխություն, արտահերթ ընտրություններ եւ այլն։

-Մենք տեղեկություն ունենք, որ իշխանության ներսում հակված են փոխզիջումային հետեւյալ տարբերակին՝ առաջարկել Փաշինյանին ԱԺ նախագահի պաշտոնը, խորհրդարանում մի քանի մշտական հանձնաժողովի ղեկավարում, քանզի Սահմանադրությամբ խորհրդարանն է համարվում գործադիրին հակակշռող մարմին։ Սա կարո՞ղ է արդյոք լինել Փաշինյանի առաջարկած ծրագրի այլընտրանքը։

-Ես չգիտեմ, թե ՀՀԿ-ում ինչ է քննարկվում, բայց ես քաղաքական իրողությունները հասկացող մարդ եմ եւ հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանին այս պահին որեւէ բան չի խանգարում՝ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ, ստանձնել պատասխանատվություն թե՛ ներկա, թե՛ ապագա պրոցեսների վերաբերյալ, եւ մենք քվեարկելու ենք նրան կողմ։ Մենք երկու ուժերով պատրաստ կանգնած ենք եւ օգնելու ենք նրան՝ ժողովրդի առջեւ ստանձնած պարտավորությունն ի կատար ածելու։ Մենք իրավունք չունենք մարդկանց հիասթափեցնելու։

– Դուք կարծում եք՝ խորհրդարանական իշխանությունը կկտրի՞ այն ճյուղը, որի վրա նստած է, ինչո՞ւ պետք է քվեարկեն ոչ թե Կարեն Կարապետյանի օգտին, որն իրենց կուսակիցն է, այլ Նիկոլ Փաշինյանի։

-Այո, կքվեարկեն, ինչո՞ւ եք զարմանում։ Իշխանությունն արդեն փոփոխությունների մեջ է, եւ Փաշինյանն էլ հանրահավաքի իր ելույթում երաշխիքներ է տվել՝ որեւէ խնդիր չկա, վենդետա չի լինելու, կուլակաթափություն չի լինելու, Փաշինյանը պետք է ստանձնի պատասխանատվություն։

– Պարոն Մարուքյան, եթե ՀՀԿ-ում չհամաձայնեն կողմ քվեարկել Փաշինյանին, նրան կհաջողվի՞ փողոցում նույն համաժողովրդական շարժումն առաջացնել, ինչը մենք տեսանք անցած օրերի ընթացքում։

-Ես կարծում եմ՝ այո, որովհետեւ մեր ժողովուրդը չի հանդուրժի ՀՀԿ-ի համակարգը իշխանության մեջ, նրանք պետք է բոլորն անխտիր հեռանան։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

hraparak.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ