Դաշինքում կա կարծիք, որ արտահերթ ընտրություններին այն պահպանելը կարևոր է. Է. Մարուքյանը՝ մասնակցության ձևաչափի տարբերակների մասին

05/07/2018

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադառնում է արտահերթ ընտրությունների պայմաններին, իրենց՝ դաշինքով կամ այլ կերպ հանդես գալու հնարավորությանը, Ընտրական օրենսգրքին և այլ ընտրություններին առնչվող հարցերին:

-Պարոն Մարուքյան, մամուլում տևական ժամանակ գրվում է, որ «Ելք» դաշինքում, արդեն մեկ ամսից ավելի է, քննարկվում է արտահերթ ընտրություններին մասնակցության ձևաչափի հարցը: Եթե ոչ որոշում, ապա հստակեցում գոնե եղե՞լ է:

-Ո՛չ: Այն, ինչ գրվել է, այս մասին տեղեկությունն այս պահին այդքանն է, և դրա մասին խոսել է և՛ վարչապետը, և՛մենք են մեկնաբանել, և՛պարոն Սարգսյանն է խոսել: Բանակցություններն ընթացքի մեջ են: Դաշինքի բոլոր բաժանումները համապատասխանաբար, գործում են այնպես, ինչպես գործում էին, և երբ կլինի որևէ որոշակիություն, բնականաբար, կփոխանցենք:

-Բայց կա՞ն սկզբունքային անհամաձայնություններ, կամ, օրինակ, առանձին, ոչ թե դաշինքով գնալու կողմնակիցներ:

-Կան նման կողմնակիցներ, նաև հակառակի, տարբեր կարծիքներ կան: Եվ նաև բազմաթիվ տարբերակներ. և՛«Ելք» դաշինքը, այնպես պահպանել, ինչպես կա, և՛ դաշինքում ավելի լայն շերտեր ներգրավվելու ուղղությամբ գործողութուններ կատարել: Եվ, բնականաբար, միշտ էլ կա տարբերակը՝ առանձին-առանձին գնալու: Բոլոր տարբերակներն էլ կան: Բայց դաշինքում կա կարծիք, որ դաշինքը պահպանելը կարևոր է: Մասնավորապես, ես կարծում եմ, որ դաշինքը պետք է պահպանել: Եվ ինչպես արդեն ասացի՝ երբ կլինի որոշակիություն, կհայտնենք:

-Եթե դաշինքն ավելի լայն լինի, ոչ միայն «Հանրապետությունը», «Լուսավոր Հայաստանն» ու «Քաղաքացիական պայմանագիրը». կան քաղաքական ուժեր, որ օրինակ՝ նորաստեղծ «Հայաստանի պահպանողական կուսակցությունը», ցանկութուն են հայտնել ՔՊ-ի հետ միավորվելու՝ ասելով, որ «ով, եթե ոչ մենք», նաև ՀԱԿ-ից նման ցանկություն ենք լսել, այսինքն՝ այդ ավելի լայն ֆորմատով հարցի մասին ի՞նչ կասեք:

-Ես կարող եմ միայն դաշինքի վերաբերյալ բան ասել, և դաշինքից դուրս այս պահին որևէ քննարկման մասին տեղեկություն չունեմ: Եվ դաշինքի ներսում էլ դեռևս ավելի լայն ֆորմատի մասին քննարկում չկա: Մենք, կրկնում եմ, դեռևս քննարկում ենք մեր երեք ուժերի միջև ապագա հնարավոր համագործակցության հնարավորությունները, որից հետո, երբ կարող է լինի որոշակիություն, կարող ենք քննարկել նաև այլ ուժերի հետ համագործակցությունը:

-Իսկ դուք սկզբունքորեն դե՞մ չեք, որ այլ քաղաքական ուժեր միանան:

-Ես կարծում եմ, որ «Ելք» դաշինքի հնարավորություններն ավելի լայնացնելու ուղղությամբ մենք կարող ենք մտածել: Եվ նման հնարավորություններ կան:

– Ընտրական օրենսգրքում քաղաքական ուժերի անցողիկության շեմի իջեցման հետ կապված, որքան ինձ է հայտնի, Դուք, ԼՀԿ-ն որևէ առարկություն չունեիք:

-Քանի որ կառավարությունը նաև մեր կողմից ձևավորված կառավարություն է, առաջարկություն է եղել ընտրական շեմը կուսակցությունների համար դարձնել 4 դաշինքների համար՝ 7-ից 6 տոկոս, և, մենք ըստ էության, այո, առարկություն չունենք: Եվ այո, կողմ ենք, որ փոքր ռեսուրսներ ունեցող ուժերը հնարավորություն ունենան՝ խորհրդարանում հայտնվելու, իրենց գաղափարները տարածելու:

-Նշեցիք, որ դաշինքի կողմից ԼՀԿ-ն ևս ներկայացված է կառավարությունում: Դա մեկ պորտֆել է մի կողմից, և այս ընթացքում փոխմարզպետների, խորհրդականների պաշտոնում բազում երիտասարդ աղջիկների ու տղաների մի քանի տասնյակ նշանակումներ եղան, նրանց թվում կա՞ն «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները:

-Կոնկրետ կուսակցության կողմից ներկայացվել է միայն Մանե Թանդիլյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, և եթե հաշվի առնեք, որ դաշինքը ունի 9 պատգամավորից բաղկացած ֆրակցիա, և, եթե նայեք, խմբակցությունների կողմից ներկայացված նախարարների քանակը, ապա, ըստ էության, մեր նախարարների քվոտան խմբակցությունից է: Ինչ վերաբերում է Ձեր ասած նշանակումներին, ապա, ոչ, չկան, եթե լինեն, կլինի տեղեկություն:

-Նաև պարոն Մարուքյան, համառորեն շրջանառվում է տեղեկությունը, որ Դուք հավակնում եք Գլխավոր դատախազի պաշտոնին, մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը դեմ է: Առհասարակ, Դուք այդ հարցը քննարկե՞լ եք: Սա՞ է այն հանելուկի պատճառը, թե ինչու է մինչև հիմա պաշտոնավարում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

-Նախ, այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, որ ես հավակնում եմ ինչ-որ պաշտոնին, որին վարչապետը դեմ է: Չկա որևէ բան, որին ես հավակնեմ, և չկա նման խնդիր, որ վարչապետը դեմ լինի: Անընդհատ շահարկվում է տարբեր պաշտոններում նաև իմ անունը, բայց, հաշվի առնելով, որ քաղաքական տարաբնույթ պրոցեսներ են ընթանում՝ նման շահարկումներ կլինեն:

-Շատ, լավ, Ընտրական օրենսգիրքը մշակվում է երկու տարբեր ձևաչափերով. Կառավարության՝ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը և ԱԺ-ի՝ 4-ի ձևաչափով: Նախ, Ձեր համար հասկանալի՞ է, թե ինչու այս անգամ ընտրվեց 2 ֆորմատ, և ՀՀԿ-ից, օրինակ, պնդում էին, որ ԱԺ-ն է, որ պետք մշակի ընտրական օրենսգիրք: Եվ մյուս կողմից, արդեն իսկ հնչում են կարծիքներ, որ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը հնարավոր է՝ չընդունի խորհրդարանականի առաջարկները:

-Կա երկու ֆորմատ, բայց դրանք ինչ-որ պահի միասին են աշխատելու, նորմալ է, այստեղ որևէ խնդիր չկա՝ որքան շատ գլուխ, այնքան շատ բանավեճ, այնքան շատ քննարկում, այնքան շատ ճշմարտություն:

-Մյուս կողմից, Վենետիկի հանձնաժողովի զեկույցից երևաց, որ ընտրությունների անցկացման հարցում տարաձայնություն կա Նիկոլ Փաշինյանի և կառավարության անդամների միջև: Մինչ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ հնարավորինս շուտ, Արտակ Զեյնալյանը ընտրությունների անցկացման ժամկետի հետ կապված՝ կարծիք է հայտնել՝ ասելով, որ ամենաշուտ ժամկետը կարող է լինել 2019-ի գարունը, այն էլ այն դեպքում, եթե մինչև ամառ ԸՕ-ն ընդունվի: Կա՞ն ժամկետի հետ կապված տարաձայնություններ:

-Որևէ տարաձայնության մասին տեղյակ չեմ: Ես կարող եմ ասել, որ կառավարության ծրագրում գրված է՝ մեկ տարվա մեջ պետք է կազմակերպվեն: Այդ մեկ տարին, գիտեք, ծրագիրը սկսվելու ժամկետից է հաշվվում, և ըստ էության, բոլորի կարծիքները դրա մեջ տեղավորվում են:

-Համաձայնության ժամանակավոր կառավարության կուսակցություններից՝ «Ծառուկյան դաշինքի»՝ ներկայացուցիչներից Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, որ իրենք հավակնում են 50+1-ի: Քաղաքական մրցունակության առումով ինչպե՞ս եք դիտարկում նման հայտարարությունը:

-Բազմաթիվ ուժեր են մասնակցելու ընտրություններին, և հնարավոր է, որ նրանցից յուրաքանչյուրն ասում է, որ մենք ուզում ենք մեծամասնություն ձևավորել: Դա նորմալ է, դրանք նախընտրական հայտարարություններ են, բայց դա չի նշանակում, որ այդ հայտարարությունները իրականություն կդառնան: Գոյություն ունեն հարցումներ, և ըստ դրանց՝ ակնհայտ է, որ գործող իշխանությունը և այն ուժերը, որոնք ներկայացված են կառավարությունում, ունեն ամենաբարձր ռեյտինգը: Ըստ այդ հարցումների՝ «Ելք» դաշինքը 70 տոկոս ձայն ուներ:

-Իսկ վստահո՞ւմ եք այդ կազմակերպության հարցումներին, որովհետև նրանք նախքան հեղափոխությունը նույնքան բարձր տոկոսներ «տալիս էին» Կարեն Կարապետյանին և այլն:

-Երբ Կարեն Կարապետյանը նոր էր եկել, բնական է, որ նրանից սպասումները շատ բարձր էին: Ամեն դեպքում, կարծում եմ, այդ հարցումը հեռու չէ այսօրվա հասարակական տրամադրություններից:

-«Հիմնադիր խորհրդարանն» էլ պատրաստվում է կուսակցություն դառնալուց հետո մասնակցել« ընտրություններին: Նրանց հետ, որպես ընդդիմության, մրցակցություն տեսնո՞ւմ եք:

– Ես դեռ չգիտեմ՝ ով է լինելու ընդդիմություն, ով՝ ոչ: Դրա մասին վաղ է խոսելը: Բայց, ընդհանրապես, այդ հեղափոխական իրադրության մեջ, կարծում եմ, դժվար է հիմա խոսել ընդդիմության մասին: Ընդդիմությունը լինելու է արդեն ձևավորված խորհրդարանում: Որ ուժերը չեն լինի կառավարության մեջ, նրանք էլ կլինեն ընդդիմությունը:

-Իսկ այս կոռուպցիոն բացահայտումները, Ձեր կարծիքով, Նիկոլ Փաշինյանի, իհարկե, եթե դաշնակից լինեք, ապա «Ելք» դաշինքի վարկանիշի վրա դրական առումով անդրառանալո՞ւ են: Ձեզ դիվիդենտներ բերելո՞ւ են:

-Կապ չունի՝ ում հետ ենք դաշնակից, ում հետ՝ ոչ: Դրանք երկար տարիներ սպասված բացահայտումներ են՝ երկար տարիներ գրված եղելությունների և, բնականաբար, չարաշահումների: Եվ կարծում եմ՝ այդ պրոցեսը շարունակվելու է, և դեռ բազմաթիվ բացահայտումներ են լինելու:

Ինչ վերաբերում է, որ մեր վրա կանդրադառնա, դրական իմաստով, կարծում եմ, այո, որովհետև սա համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սպասումներին:

-Ասում եք՝ համընկնում են սպասումներին: Մինչդեռ, շատերին դուր չի գալիս «ազդարարի ինստիտուտի չարաշահումը, մատնագրերը, կան կարծիքներ, որ ամենից 37 թվականի հոտ է գալիս: Կամ մարդիկ 12 տարի լռել են, հիմա խոսում են: Արդյո՞ք, չեն արթնացել հասարակության վատ բնազդներն ու մղումները:

-Չեմ կարծում, որ այդ բացահայտումները 37 թվականի հետ համեմատելը տեղի են: Եվ վարչապետը հայտարարություն է արել՝ կապված օրենքի, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության հետ, և մենք գիտենք, որ պետք է ամեն ինչ անել, և այդպես էլ արվում է, որ բոլոր այդ պրոցեսների ընթացքում մարդու իրավունքները պաշտպանված լինեն:

-«Ելքի» հավակնությունները 70 տոկոս են, իսկ ի՞նչ եք կարծում՝ «Հանրապետական» կուսակցությունն ինչ տոկոսների կարող է ձգտել: Ձեր անձնական կարծիքը:

– Այս պահի դրությամբ եղած մոտեցումների, ուսումնասիրոթյունը ցույց է տալիս, որ շատ բարդ վիճակում է լինելու ՀՀԿ-ն: Մանավանդ, որ լինելու է բրենդների պայքար՝ համամասնական ընտրակարգի պարագայում: Իսկ ՀՀԿ բրենդն այս պահին ուղղակի շատ վատ վիճակում է գտնվում:

Անուշ Դաշտենց

tert.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ