Օրենսդրական նախաձեռնություն` մշակութային հուշարձանների տեղափոխման նախադեպը կանխելու նպատակով

04/12/2012

Խորհրդարանում իր ելույթի ժամանակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին Կառավարության որոշմանը և հայտարարեց, որ հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնությամբ: Մինչ նախաձեռնությունը ներկայացնելը` նա հայտնեց, որ հոկտեմբերի 29-ին գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին` որոշումն անվավեր ճանաչելու, իսկ տեղափոխված հուշարձաններնիրենց նախնական վայրեր տեղափոխելու վերաբերյալ: Դիմումը մակագրվել է ՀՀ մշակույթի նախարարին, և պատգամավորը ստացել է բավականին երկար, իր բարձրացրած խնդիրները շրջանցող պատասխան, որի հիմնական իմաստն այն է, որ կառավարությունը չի պատրաստվում վերանայել իր որոշումը. «Անգամ ինձ սիրով հրավիրում են մասնակցել ժամանակավոր ցուցադրության բացման արարողությանը»,-ասաց Մարուքյանը:

Օրենքում սահմանվում է, որ հանրապետական նշանակության հուշարձանների տեղափոխումն ու փոփոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում` ՀՀ կառավարության թույլտվությամբ, իսկ տեղական նշանակության փոփոխումը` տարածքային մարմինների  թույլտվությամբ: Ինչ է առաջարկում Էդմոն Մարուքյանը. «Առաջարկում եմ  օրենքում սահմանել բացառիկ դեպք հասկացությունը` նշելով, որ հոդվածի իմաստով բացառիկ դեպք է համարվում հուշարձանի ոչնչացման սպառնալիքը, ինչպես նաև սահմանել, որ պետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի հետ կապված որևէ գործողություն  իրականացնելուց կամ դրանք տեղափոխելուց առաջ լիազոր մարմինը պարտավոր է կազմակերպել հանրային քննարկումներ` ներգրավելով անկախ մասնագետների, շահագրգիռ անձանց և հուշարձանի գտնվելու վայրի բնակիչների»:

Մարուքյանը կոչ արեց բոլոր պատգամավորներին` հատկապես խորհրդարանակն մեծամասնությանը, միանալ իր առաջարկին, աջակցել, որպեսզի հետագայում կանխվեն նման նախադեպերը. «Եթե հանրային լսումների ինստիտուտը ներդրվի, հետագայում հանրային ընդվզման առիթ չի լինի»,-ասաց նա:

Աղբյուրը` http://ankakh.com

Բաժին: Մամուլ