«Քրգործը ասենք կհարուցվի, իսկ ՀՀ քաղաքացիներին հայտնի դարձած տեղեկության հետ ի՞նչ պետք է արվի». Էդմոն Մարուքյան

16/12/2012

ՀՀ ԱԺ անկուսակցական պատգամավոր, փաստաբան-իրավապաշտպան Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի՝ այսօր համացանցում հայտնված գաղտնի ձայնագրությանը դրան հետևած հայտարարություններին և արձագանքներին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ համաձայն է իր գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ, որ պետք է քրեական գործ հարուցվի ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի հատկանիշներով, որի համաձայն` «Քաղաքացիների նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունն ապօրինի խախտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով: Այս հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով»:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ եթե պատկերացնենք, որ համապատասխան մարմինները, հիմք ընդունելով ԶԼՄ-ներով արված հայտարարությունը, քրեական գործ են հարուցում նշված հոդվածով, հայտնաբերում են ոմն չգիտեմ ում, և դատարանն այդ անձին մեղավոր է ճանաչում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածով արգելված արարք կատարելու մեջ և տուգանում է նրան 100 հազար կամ 300 հազար դրամի չափով, հարց է առաջանում, թե գաղտնալսման արդյունքում ՀՀ քաղաքացիներին հայտնի դարձած տեղեկության հետ ի՞նչ պետք է արվի, կամ արդյո՞ք քրեական գործ հարուցելով և ոմն չգիտեմ ում պատասխանատվության ենթարկելով` պատասխան կտրվի այս տեղեկատվության տարածման արդյունքում ՀՀ քաղաքացիների մոտ առաջացած հարցերին:

Աղբյուրը` http://www.1in.am/

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ