Ուժային կառույցները չեն կարող լինել խորհրդարանական վերահսկողության դաշտից դուրս. Մարուքյան

25/12/2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի համոզմամբ, ուժային կառույցները չեն կարող լինել խորհրդարանական վերահսկողության դաշտից դուրս ։

Այս որոշման համար ժամանակին «Ելք» դաշինքը քննադատել է Սերժ Սարգսյանին, այսօր էլ քննադատության թիրախում է հայտնվել Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարի կառավարության հեղինակած կառավարության կառուցվածքի մասին նախագծով ուժային կառույցները և ՊԵԿ-ը մնում են վարչապետի ենթակայության տակ։

«Այն գերատեսչությունները, որոնք որ խորհրդարանական վերահսկողությունից դուրս էին և դուրս են դրվել Ռոբերտ Քոչարյանի օրոք և պահպանվել են մինչև այսօր, նրանք շարունակում են մնալ դուրս։ Դա Ոստիկանությունն է, Ազգային անվտանգության ծառայությունն է և Պետական եկամուտների կոմիտեն, որ անընդհատ բերվել է ֆիննախ, հետ է տարվել։ Երկիրը խորհրդարանական չի դառնում, մնում է որպես «սուպերվարչապետական», որը մենք քննադատել ենք Սերժ Սարգսյանի օրոք: Եվ էստեղ անձերի խնդիր չէ։ Այսինքն կապ չունի, որ հիմա Սերժ Սարգսյանը չի վարչապետը, այլ կապ ունի համակարգը, ինստիտուտը և ինստիտուցիոնալ առումով սա շատ սխալ է, խայտառակ սխալ է։ Չկան աշխարհում խորհրդարանական երկրներ, որտեղ ուժային մարմինների ղեկավարները խորհրդարանական վերահսկողությունից դուրս կարող են լինել», – նշեց Էդմոն Մարուքյանը։

2018 թվականի մարտին, երբ իշխող մեծամասնություն էր ՀՀԿ-ն, խորհրդարանի ընդունած կառավարության կառուցվածքի մասին գործող օրենքի փոփոխություններին դեմ քվեարկեց «Ելք» խմբակցությունը, այդ թվում Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագրի» անդամ մյուս պատգամավորները։

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը այդ նախագիծը անվանել էր «վարչապետի միահեծան իշխանության ամրագրում». – «Վերցնում եք չորս էական կառույցներ՝ Ազգային անվտանգություն, Ոստիկանություն, վերահսկողություն և պետական պահպանություն, և հանում ենք կառավարության կոլեգիալ պատասխանատվությունից, դնում ենք վարչապետին միայն ենթակա մարմին։ Էստեղ Ոստիկանության վրա ազդեցություն գործելու, Ազգային անվտանգության ծառայությունները սեփական անձի շահերի համար ծառայեցնելու հավանականությունը քիչ է, երբ որ դրա մասին որոշում կարող է կայացնել կոլեգիալ մարմինը: Դիցուք կառավարությունը, ավելի քիչ է ենթակայացման հավանականությունը, քան երբ որ մի անձի դեպքում է։ Էնտեղ ինստիտուցիոնալ գրած է՝ վարչապետի ենթակա։ Մեխն էլ է ձեր ձեռքը, չագուչն էլ, խփեք, բայց մի օր կամ մեխը կջարդվի կամ չագուչը։ Էդ ժամանակ չգիտեմ ինչ կլինի»։

Առաջին փոխվարչապետի գրասենյակից չեն մեկնաբանում, թե ինչու կառավարության ներկայացրած նոր նախագծում տեղ չեն գտել ժամանակին ՀՀԿ-ին ներկայացրած «Ելք» խմբակցության առաջարկները ուժային կառույցների ենթակայության մասով, միայն պնդում են՝ դեռ ժամանակ կա, և իրենք պատրաստ են քննարկել ընդդիմության առաջարկները:

Մարուքյանն ասաց, որ եթե կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակում պահպանվի «սուպերավարչապետական» համակարգը, ապա նոր խորհրդարանում մեծությամբ ամենափոքր ուժ «Լուսավոր Հայաստանը» դեմ կքվեարկի նախագծին:

Իշխող մեծամասնություն «Իմ քայլը» դաշինքից և մեծությամբ երկրորդ ուժ ԲՀԿ-ից հրաժարվում են մեկնաբանել այս նախագիծը՝ պատճառաբանությամբ, թե սպասում են կառավարության պաշտոնական մեկնաբանությանը։

Կառավարության տեսլականին է սպասում նաև «Լուսավոր Հայաստան» կուսկացությունը, քանի որ իրենց համար անհասկանալի են մյուս փոփոխությունները, մասնավորապես՝ նախարարությունների թվի կրճատումը:

«Էդ որ ասում էն սուպերնախարարություն, բան, նկատի ունեն, որ շատ ոլորտներ է տրվում հսկողության տակ և գործադիր լիազորությունների իրականացման։ Բայց ակնհայտ է, որ այսօրվա նախարարները, ում անունները որ շրջանառվում է, նրանք անգամ իրենց ոլորտները չեն կարող նորմալ, պատշաճ ղեկավարել, ինչ մնաց մի հատ էլ ոլորտները ավելացվում են։ Վերջին հաշվով էստեղ մարդկային գործոնի հարց կա, կադրերի հարց կա, և ես չեմ կարծում, թե այսօրվա եղած կադրերը կարող են էդ բեռը իրենց վրա վերցնել՝ խորը հարգանք ունենալով բոլորի նկատմամբ», – ընդգծեց Մարուքյանը։

Եթե մյուս չորս՝ Սպորտի և երիտասարդութան հարցերի, Մշակույթի, Էներգետիկայի և բնական պաշարների ու Գյուղատնտեսության նախարարությունների վերախմբավորվում են, ապա նախագծով Սփյուռքի նախարարությունը լուծարվում է, ինչին դեմ են արտահայտվում նախարարության մի խումբ աշխատակիցներ և հայրենադարձներ, ովքեր այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հասցեագրված նամակ փոխանցեցին, որտեղ շարադրել էին իրենց մտահոգությունները։

«Ազատության» հարցին՝ եթե դրական պատասխան չստանան, շարունակելո՞ւ են բողոքի ակցիաները, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ փոխնախագահ Ալեքսան Գարատանայանը պատասխանեց. – «Ոչ, մենք բողոքի ակցիա չենք անում, մենք չենք ուզում քաղաքականացնել։ Սպասելու ենք պատասխանին, պատասխանն էլ արդեն մենք լրատվամիջոցներով կլսենք, կիմանանք մանրամասնությունները»։

azatutyun.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ