Ոստիկանության, ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի՝ կառավարության կառուցվածք վերադարձնելու մասին.

30/01/2019

Բոլոր նորընծա պաշտոնյաներին, ովքեր սկսել են կրծքով պաշտպանել խորհրդարանական Հայաստանում սուպերվարչապետական կառավարումը չեմ ուզում նույնիսկ հորդորել, որ հիշեն իրենց մեկամյա վաղեմության սրտաճմլիկ ելույթներն ու ահասարսուռ հիշեցումները Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիների ողբերգական իրադարձությունների մասին։

Սուպերվարչապետական համակարգի պաշտպաններին ուզում եմ խորհուրդ տալ տեղափոխվել այն Հայաստան, որտեղ հնարավոր եղավ մեծագույն ոճրի հետևանքով այնքան թուլացնել մեր պետական կարգը, այնպես այլանդակել պետական ինստիտուտներն ու դրանց հիմքերը, որ այդ ամենը պետք է ավարտվեր մեկ մարդու ձեռքում ենթարկված Ներքին գործերի, Ազգային անվտանգութան և պետեկամուտների նախարարություններով։ Սա եղել է քաղաքական որոշում։

Այդ կառուցվածքային փոփոխության (երբ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն և Քննչական կոմիտեն ենթարկվել են մեկ անձի) հետևանքներին մենք առերեսվել ենք տարիներ շարունակ։ Հենց դրա արդյունքում են մեր երկրում եղել մարդու իրավունքների շարունակական, համակարգված և զանգվածային խախտումները։ Ավելին, հենց այդպիսի համակարգային աղճատումն ու այլասերումն է եղել դատական իշխանության կախվածության հիմնական պատճառը գործադիրից՝ հիմք դնելով Հայաստանում ավտորիտար կառավարման վայրի ձևին։

Համոզված եմ, որ նոր Հայաստանի առջև դրված խնդիրները հնարավոր չէ լուծել Ռոբերտ Քոչարյանի հաստատած հակապետական համակարգի միջոցով։ Ավելին, խորը կասկածներ ունեմ, որ հին կառավարման գործիքների կիրառումը ցանկացած, նույնիսկ ամենալեգիտիմ, իշխանությանը ժամանակի ընթացքում դարձնելու է ավտորիտոր։

Ոչ վաղ անցյալում սա շատերիս համար տարրական ճշմարտություն էր։ Եվ հիմա երբ մենք խոսում ենք իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովման անհրաժեշտության մասին, նկատի ունենք, որ գործադիր իշխանության որևէ մարմին չպետք է ունենա բացարձակ անվերահսկելի գործառույթներ։ Ուստի ոչ միայն ինքը՝ կառավարությունը, պետք է գտնվի խորհրդարանական վերահսկողության ներքո՝ որպես ամբողջական մարմին, այլև նրա առանձին ինստիտուտները, որոնց միջոցով իրականացնում է իր գործառույթները, նույնպես պետք է անվերապահորեն գտնվեն խորհրդարանական վերահսկողության ներքո։

Ինչ վերաբերվում է այս օրերին շրջանառության մեջ դրված այն պարզունակ թեզին, որ եթե ոստիկանությունը, ԱԱԾ֊ն, ՊԵԿ֊ը դառնան նախարարություններ և հաշվետու լինի ԱԺ-ին, ապա դա ենթադրում է, որ այդ կառույցներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կուսակցականացվելու են, ապա ուղղակիորեն պնդում եմ, որ սուպերվարչապետական այս համակարգն ինքնին ենթադրում է, որ այդ կառույցներում նշանակումները ենթարկվում են օրվա իշխանության քիմքին հարազատ խիստ քաղաքական նպատակահարմարությանը։

Ի հավելումն ասվածի նաև գտնում եմ, որ ԱԱԾ֊ն և ՊԵԿ-ը ոչ միայն պետք է կառավարության կառուցվածք վերադառնան և հաշվետու լինեն խորհրդարանին այլ նաև ԱԱԾ֊ից և ՊԵԿ-իցպետք է դուրս բերվեն քննչական մարմինները, որպեսզի խուսափենք գերատեսչական շահերի բախումից և յուրքանչյուր մարմին զբաղվի իր ուրույն առաքելությամբ։

Հ․Գ․ Սուպերվարչապետական համակարգի նոր պաշտպաններին առաջարկում եմ քննարկել պաշտպանության նախարարությունը ևս դուրս բերել խորհրդարանական վերահսկողությունից և դարձնել վարչապետին ենթակա մարմին, որովհետև ձեր այսօրվա հայտարարություններով թերագնահատում եք Հայաստանի Պաշտպանական գերատեսչությունը, որը մինչդեռ իր նշանակությամբ և կարևորությամբ մի քանի անգամ ետ է թողնում և ոստիկանությանը և ԱԱԾ-ին, բայց այն նախարարություն է և հաշվետու է խորհրդարանին։

Բաժին: featured