Գործող կարգն ուզուրպացնում է ՏԻՄ համակարգը

17/01/2013

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել այն մասին, որ նույն անձը համայնքի ղեկավարի պաշտոնում անընդմեջ կարող է ընտրվել երկու անգամ և ոչ ավելի: Այնպես, ինչպես գործող օրենսդրության և Սահմանադրության համաձայն՝ անընդմեջ երկու անգամից ավելի չեն կարող ընտրվել նախագահ: Իսկ համայնքապետերի դեպքում այժմ այդ առումով որևէ սահմանափակում չկա, և նույն անձը բազում անգամներ կարող է առաջադրվել և ընտրվել գյուղապետ կամ քաղաքապետ: Յուրաքանչյուր պաշտոնավարման ժամկետը 4 տարի է:

Է. Մարուքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին Տեղական ինքնակառավարման ընտրությունները ցույց տվեցին, որ նույն մարդը նույն համայնքում վերընտրվում է ոչ միայն երրորդ, այլև չորրորդ կամ հինգերորդ անգամ: «Ըստ էության դրանով փակում են այն մարդկանց ճանապարհը, ովքեր նոր գաղափարներ ու մոտեցումներ ունեն, և տեղական մակարդակով ուզում են նոր քաղաքականություն վարել: Սակայն տեղական իշխանությունն այնքան է ինչ-որ մեկի ձեռքում կենտրոնացվել, որ հնարավորություն չկա ընտրությունների միջոցով հաղթել երեք-չորս անգամ քաղաքապետ կամ գյուղապետ եղած թեկնածուին»,- ասում է պատգամավորը:

Նախկինում հենց այդպես էլ կար՝ նույն անձը անընդմեջ ընդամենը 2 անգամ կարող էր առաջադրվել և ընտրվել համայնքապետ: Բայց 2006թ. Տեղական ինքնակառավարման մարմիններ մասին օրենքում փոփոխություն կատարվեց և այդ սահմանափակումը հանվեց: Արդյունքում Հայաստանի մոտ 900 համայնքներից ավելի քան 500-ում գյուղապետերը կամ քաղաքապետերը պաշտոնավարում են երրորդ, չորրորդ և նույնիսկ ավելի անգամ: «Նախկին իրավակարգավորումը, որ մենք ունեինք, շատ ճիշտ ձև էր տեղական ժողովրդավարությունը պահպանելու և զարգացնելու առումով: Եվ իմ միակ նպատակն այն է, որ տեղական ժողովրդավարությունն այս վիճակից քայլ առաջ կատարի ու սկսի զարգանալ գոնե 8 տարի անց: Նախագծի ընդունումը ուժի մեջ է մտնելու ընդունվելուց հետո: Սա հեռահար ռազմավարական նպատակ ունի, որ հետագայում՝ թեկուզ 8 տարի հետո, ՏԻՄ մակարդակում մենք ունենանք մի իրավիճակ, որ նույն անձը երկու անգամից ավելի չկարողանա առաջադրվել համայնքի ղեկավարի պաշտոնում»,- ասաց Է. Մարուքյանը:

Մարուքյանի այս նախագիծն ԱԺ-ում դրված է շրջանառության մեջ, և այն առաջիկայում քննարկվելու է նախ համապատասխան գլխադասային հանձնաժողովում, այնուհետև՝ եթե դրական եզրակացություն ստանա, լիագումար նիստում:

Պատգամավորն իր այս առաջարկության եզրակացության մեջ ներկայացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների օրինակը, որտեղ տարբեր նահանգներ տարբեր սահմանափակումներ են սահմանել ՏԻՄ ղեկավարների ընտրություններում: Դեպքեր կան, երբ նույն անձը կարող է մի քանի անգամ ընտրվել, բայց այս դեպքում շատ կարճ է նրանց պաշտոնավարման ժամկետը: Եվ տարբեր սահմանափակումներով կրճատել են համայնքի ղեկավար աշխատելու տարիները: Օրինակ՝ «Նյու Յորք քաղաքում (համարվում է ԱՄՆ ամենամեծ մունիցիպալիտետը՝ 50 մլրդ դոլար տարեկան բյուջեով) 2010թ. նոյեմբերի 2-ի հանրաքվեով որոշվեց նախկինում ընդունված 3 անգամ անընդմեջ ընտրվելու՝ քաղաքապետի (Mayor) իրավունքի փոխարեն սահմանել 2-ը: Ֆիլադելֆիայում նույն անձը չի կարող քաղաքապետ ընտրվել 3 անգամ անընդմեջ: Հյուսթընում այդ ժամկետը 2 տարի է, կարելի է անընդմեջ առաջադրվել 3 անգամ: Ցինցինատիում նույն քաղաքապետը կարող է պաշտոնավարել 2 անգամ անընդմեջ՝ յուրաքանչյուր անգամ 4 տարով: Նույն կարգն է գործում Ֆրեդերիկում» և այդպես շարունակ:

Պատգամավորը հասկանում է, որ Հայաստանում կան փոքր համայնքներ, որտեղ խնդիր է նույնիսկ համայնքապետի թեկնածու ունենալը: Որոշ դեպքերում առաջադրվելիս թեկնածուն մրցակից չունի: Իսկ ՀՀ ընտրական օրենսդրությունը պահանջում է, որ գոնե առաջադրվելու ժամանակ լինեն նվազագույնը երկու մրցակիցներ, հակառակ դեպքում ընտրությունները տեղի չեն ունենա: Եվ այս պարագայում շատ են եղել դեպքերը, որ գործող համայնքապետերը առաջադրվելու ժամանակ իրենց մրցակից ապահովելու համար զուգահեռ առաջադրել են իրենց ընկերոջը, բարեկամին, անգամ՝ կնոջը: Է. Մարուքյանն այս պարագայում էլ ասաց, որ կարելի է իր առաջարկած սահմանափակումը կիրառել որոշակի թվով, օրինակ՝ 10.000 և ավելի բնակչություն ունեցող համայնքներում: «Հակառակ դեպքում տեղական իշխանությունն ուզուրպացվում է ըստ էության: Մի մարդ եթե մի քանի անգամ է ընտրվում, դրա մեջ լավ բան չեմ տեսնում: Հնարավոր է, որ այդ մարդը շատ նվիրված աշխատի, բայց ՏԻ բնագավառում նոր գաղափարներ ու մոտեցումներ բերելու հնարավորություն չի մնում: Ես չեմ կարծում, որ դա ժողովրդավարության հետ աղերս ունի: Եվ գտնում եմ, որ տեղական ժողովրդավարությունը զարգացնելու առումով սա կարևոր քայլ է»,- եզրափակեց Է. Մարուքյանը:

 

Աղբյուրը` http://www.1in.am/arm/armenia_politics_150836.html

Բաժին: Մամուլ