Անցած մեկ տարվա ընթացքում հազար բարեփոխում կարելի էր ձեռնարկել, որից մեկն էլ հենց Vetting է

19/05/2019

Սա էլ փորձագիտական ուսումնասիրություն է հենց հիմա իրականացվող բարեփոխման մասին Ալբանիայի փորձից:

Ալբանիան այս օրերին իրականացնում է դատական իշխանության բարեփոխում, մասնավորապես` դատավորների ու դատախազների վեթինգ (vetting). Vetting անգլերենում նշանակում է զտում, ֆիլտրացիա, վերագնահատում, իսկ ավելի հաճախ օգտագործվում է այն ժամանակ, երբ կոնկրետ ոլորտում իրականացվում են պաշտոնական ստուգումներ, քննություններ` պարզելու համար պաշտոնատար անձանց համապատասխանությունն իրենց զբաղեցրած պաշտոններին:

Կարևոր է շեշտել, որ վեթինգն իրականացվում է ժողովրդավարական մարմնի, օրենսդիրի ընդունած համապատասխան օրենքի հիման վրա և օրենքի համաձայն: Ալբանիայի կողմից դատավորների/դատախազների վեթինգի իրականացումը մասամբ պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ ԵՄ Եվրոպական հանձնաժողովը խիստ քննադատության էր ենթարկել Ալբանական իշխանություններին այն բանի համար, որ դատական իշխանության խորքային ռեֆորմը և այնտեղ տիրող կոռուպցիայի դեմ պայքարը հապաղում է, և պահանջել էր կոնկրետ և անհապաղ քայլեր ձեռնարկել դատական բարեփոխման ուղղությամբ, ներառյալ` սահմանադրական փոփոխություններ: Ընդունված վեթինգի օրենքի վերջնանպատակը դատական իշխանության հանդեպ հանրության վստահության վերականգնումն ու դատական իշխանության անկախության ապահովումն է:

Ալբանիայում վեթինգն իրականացվում է երեք հիմնական չափանիշներով`

1. Ունեցվածք: Վեթինգի ենթարկվողները, նրանց հարազատները հայտարարագրում են իրենց ողջ գույքը: Նրանք պետք է ցոււց տան գույքի ծագման աղբյուրները: Հայտարարագրման է ենթակա այն գույքը, որը ձեռք է բերվել պաշտոն ստանձնելուց հետո:

2. Կասկածելի կապերի ստուգում (background check): Այս չափանիշի վերջնանպատակն է հավաստիանալ, որ դատավորը/դատախազը կապված չեն կազմակերպված հանցավոր խմբերի (մաֆիա) հետ:

3. Գիտելիքների/հմտությունների վերագնահատում: Ուսումնասիրվում են նախկինում դատավորի/դատախազի կողմից էթիկայի նորմերի, օրենքների խախտումների դեպքերը և արդյունքում դրանց տրվում է գնահատական:

Օրենքով ստեղծվել են նաև վեթինգի անկախ մարմիններ, որոնք որոշումներ են կայացնում վերագնահատման արդյունքներով, ինչպես նաև բողոքարկման հնարավորություններ են ստեղծված վերագնահատումը չանցած դատավորների/դատախազների համար: Ողջ պրոցեսը գտնվում է միջազգային հանրության անմիջական ուսումնասիրության ներքո, ով հաճախ դիտարկումներ է անում ընթացքի վերաբերյալ:

Բաժին: featured