Էդմոն Մարուքյան. «Լավ է ուշ, քան երբեք»

25/04/2013

ՍԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դեմ չէ այլընտրանքային զինծառայության մասին օրինագծին: Պատգամավորը առաջարկվող փոփոխությունները դեռ մի բան էլ համարում է ուշացած: «Լավ է ուշ, քան երբեք: Նախագիծն ուշացած է, որովհետև, եթե մենք ժամանակին անեինք դրանք, կարող էինք տարբեր խնդիրներից խուսափել»,- այսօր «Այլընտրանքային ծառայության օրենսդրական եւ իրավակիրառական հիմնախնդիրները» թեմայով  խորհրդարանական լսումների ժամանակ իր մոտեցումը բարձրաձայնեց պատգամավորը: Մասնավորապես, ըստ նրա, եթե այդ օրենսդրական հարցերը ՀՀ-ում կարգավորված լինեին, ՄԻԵԴ հայցեր չէին ներկայացվի, իսկ ամենակարևորը` մեր քաղաքացու իրավունքները կպաշտպանվեին:

Օրենսդրական այդ բացթողումներից, ըստ պատգամավորի, Հայաստանը բավականին վնասներ է կրել`քրեական հետապնդումների են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ, որոնցից 440 անձ դատապարտվել է: «Պատկերացրեք այս քաղաքացիները ինչ ներդրում կարող էին ունենալ, եթե պաշտպանվեր նրանց իրավունքը: Ներուժը չենք օգտագործել այս քաղաքացիների: Նախագիծը թեև ուշացած, բայց շատ կարևոր է, որ մենք ընդունենք: Ազգային անվտանգության խնդիր կունենանք այն դեպքում, երբ նրանց ձեռքը ստիպողաբար զենք տանք ու հանենք դիրքեր: Եթե չընդունենք այս նախագիծը, կունենանք ազգային անվտանգության խնդիր»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Ըստ պատգամավորի, առաջին տեղում մեզ համար պետք է լինեն քաղաքացիների իրավունքները և հետո միայն պետք է հաշվի առնել միջազգային կազմակերպությունների կարծիքը, իսկ մարդու իրավունքների խնդիր չունենալու համար այս նախագիծը պետք է ընդունել:

Աղբյուրը՝ http://www.aravot.am/2013/04/25/235664/

Բաժին: Մամուլ