«Հարց է առաջանում, թե ո՞ր արտգործնախարարին հավատանք: Ես հավատում եմ մեր ՀՀ արտգործնախարարին». Մարուքյան

22/04/2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք պատրաստվում էին ՀՀ արտգործնախարարից ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ պարզաբանումներ պահանջել, բայց եղավ նախարարի ասուլիսը: Լավրովը հայտարարել էր, որ Արցախի հարցում ակտիվորեն քննարկում են Մոսկվայի առաջարկած տարբերակը, մինչդեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Զոհրաբ Մնացականյանը պնդում են, որ որեւէ փաստաթուղթ չի քննարկվում: Մարուքյանի խոսքով՝ հարց է առաջանում, թե ո՞ր արտգործնախարարին հավատանք. «Ես հավատում եմ ՀՀ արտգործնախարարին: Ինչ վերաբերում է նրան, թե բա ինչու նման հայտարարություն արեց, հայկական արտգործնախարարությունը պետք է պարզաբանում պահանջի ռուսական ԱԳՆ-ից: Ավելին՝ վարչապետ Փաշինյանը պետք է ինքն անձամբ անդրադառնա այս հարցին, որովհետեւ սա Հայաստանի ներքաղաքական կյանքում շատ շահարկվող հարց է: Ամենահստակ ձեւով պետք է պարզաբանվի, որ որեւէ ձեւով որեւէ շահարկման տեղիք չտա: Հայաստանում ես չգիտեմ իշխանություն, չեմ պատկերացնում, որ կա իշխանություն, որը կարող է գնալ այդպիսի զիջումների, ինչը ներկայացվում է նշված փաստաթղթի շրջանակներում, 2014-ին շրջանառության մեջ դրած փաստաթղթի մասին է խոսքը»: Տեղեկություններ են շրջանառվում, որ ռուսական կողմից այդ հայտարարություններն արվում են ռուս-ադրբեջանական նավթային գործարքների շրջանակներում: Մարուքյանն ասաց, որ ինքը նմանատիպ տեղեկություններ չունի. «Նավթը գիտեք ինչ է դարձել, հետեւաբար այդ ֆոնի վրա խոսել ռուս-ադրբեջանական նավթային չգիտեմ ինչերի մասին, այնքան էլ իրատեսական չէ»:

Աղբյուրը՝ Aravot.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ