Էդմոն Մարուքյանը շոտլանդացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-Շոտլանդիա բարեկամական խումբ ստեղծելու հարցը
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Մեծ Բրիտանիայի Արդարադատության նախարարության հրավերով գտնվում է Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում, որտեղ պաշտոնական հանդիպումներ է ունեցել Շոտլանդիայի Առաջին նախարար (կառավարության ղեկավար) «Շոտլանդիայի Ազգային Կուսակցության» առաջնորդ Ալեքս Սալմոնդի, Արտաքին հարաբերությունների և միջազգային զարգացման նախարար Հումզա Յուսաֆի, Շոտլանդիայի խորհրդարանի փոխխոսնակ Ջոն Սքոթի, խորհրդարանի պատգամավոր Քեզիա Դուգդալի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել է Հայաստան-Շոտլանդիա բարեկամական խումբ ստեղծելու և խորհրդարանական վերահսկողության փորձի փոխանակման հնարավորությունները:
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը բոլոր հանդիպումների ընթացքում իր երախտիքի խոսքն է ասել Շոտլանդիայի խորհրդարանում Հայոց Ցեղասպանության բանաձևի ներկայացման և աջակցության կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Շոտլանդիայի խորհրդարանի մեծամասնությունը ճանաչել է հայերի ցեղասպանությունը՝ ընդունելով համապատասխան բանաձև (միջնորդական փաստաթուղթ): Փաստաթուղթն ընդունվել է ապրիլի 24-ին ընդառաջ: Փաստաթղթի տակ ստորագրել է խորհրդարանի 64 ներկայացուցիչ, ինչը կազմում է խորհրդարանի մեծամասնությունը: Բանաձևը ներկայացրել է Էդինբուրգից ընտրված «Շոտլանդիայի Ազգային Կուսակցության» ներկայացուցիչ Մարկո Բիաջին:
Շոտլանդիայի խորհրդարանի պաշտոնական կայքում նշված է, որ բանաձևում խորհրդարանն ամրագրում է, թե ապրիլի 24-ը 1915թ. Օսմանյան կայսրության կառավարության կողմից հայ մտավորականների ձերբակալության օրն է, որը համարվում է բռնի տեղահանությունների և արտաքսումների սկիզբը, ինչը ութ տարի շարունակ իրականացված ցեղասպանության ժամանակ հանգեցրեց հարյուր հազարավոր հայերի մահվան: Հայոց ցեղասպանության ողբերգությունը բոլոր ազգերի ներկայացուցիչներին դադար առնելու և մտորելու առիթ է տալիս: Խորհրդարանը որոշում է հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը, ճանաչել այս և մյուս ցեղասպանությունները. ողբերգություններ, որոնք երբեք չպետք է կրկնվեն աշխարհի ցանկացած կետում:
Աղբյուրը՝ http://www.1in.am/
Բաժին: Հարցազրույցներ