Մարտի 1-ի հարցը Հաագայի դատարանում չի կարող քննվել

11/07/2013

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը որպես իրավապաշտպան մասնակցում է Հաագայում ընթացող Համաշխարհային արդարության ֆորումին (World Justice Forum), որի շրջանակներում նա հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահ` Սոնգ Սանգ Հյունի հետ: Միջազգային քրեական դատարանի հետ կապված հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց իրավապաշտպանի հետ:

– Պարոն Մարուքյան, դեռևս 2010 թվականին  Երևանում գտնվելու օրերին  FIDH-ի նախագահ Սուեր Բելհասենը խոսել էր Միջազգային քրեական դատարանի Հռոմի համաձայնագրին՝ Հայաստանի միանալու անհրաժեշտության մասին, ըստ Ձեզ` ինչո՞ւ Հայաստանը մինչ օրս չի միացել:

– Հայաստանի Հանրապետությունը չի վավերացրել Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը հայտնի պատճառով. քանի որ 2004 թվականի օգոստոսի 13-ի ՍԴՈ 502 որոշման համաձայն` Կանոնադրության մի շարք պարտավորություններ ըստ Սահմանադրական դատարանի չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել… Այսպիսով, համաձայն ՍԴ որոշման` միայն սահմանադրական համապատասխան փոփոխություններից կամ լրացումներից հետո հնարավոր կլինի վավերացնել Կանոնադրությունը և միանալ Միջազգային քրեական դատարանին: Ինչպես գիտեք, նշված որոշումից հետո ՀՀ Սահմանադրությունը փոփոխությունների է ենթարկվել 2005 թվականին, որից հետո Կանոնադրության վավերացման հարցը ՍԴ-ում քննարկման առարկա չի դարձել: Ավելին` քանի որ հիմա ակտիվորեն քննարկվում է սահմանադրական նոր բարեփոխումների անհրաժեշտությունը, կարծում եմ, Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը վավերացնելու հարցը նույնպես քննարկման առարկա կդառնա սպասվող սահմանադրական բարեփոխումների շրջանակներում:

– Կա՞ն  հույսեր, որ կմիանանք Հռոմի ստատուսին:

– Կարծում եմ` այո, քանի որ համաշխարհային իրավական զարգացումներն այդ ուղղությամբ են գնում: Ավելին` որպես ցեղասպանության հարց բարձրացնող պետություն մենք այլընտրանք չունենք, հակառակ դեպքում մեզ կարող են մեղադրել երկակի մոտեցումներ ցուցաբերելու մեջ: Հետևաբար` Սահմանադրության համապատասխանության խնդիրը լուծելուց հետո առաջին հերթին պետք է հանրային քննարկումներ կազմակերպվեն և քննարկվեն դրական ու բացասական կողմերը, թե ինչ կտա կանոնադրության վավերացումը մեզ` որպես պետություն: Անձամբ ես Միջազգային քրեական դատարանին միանալու հետ կապված որևէ մտավախություն չունեմ:

– Տեսակետներ են հնչում, թե կարևոր է, որ տարածաշրջանային մյուս երկրներն էլ միանան, սակայն մինչ այսօր չեն միացել ո՛չ Իրանը , ո՛չ էլ Ադրբեջանը: Իմաստ ունի՞ Հայաստանի միանալը:

– Տարածաշրջանի երկրներից միայն Վրաստանն է միացել դեռևս 2003 թվականին: Հայաստանը վավերացնելով Կանոնադրությունը` Վրաստանի հետ միասին կառանձնանա ողջ տարածաշրջանում և որպես ցեղասպանություն տեսած ժողովուրդ կվերահաստատի իր հետևողականությունը մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտման և կանխարգելման առումով:

– Հայաստանում կա՞ն այնպիսի գործեր, որ պետք է քննվեն Հաագայի դատարանում՝ Մարտի 1-ն, օրինակ, այդպիսի գործ կարելի՞ է համարել:

– Միջազգային քրեական դատարանի Կանոնադրության 5-րդ հոդվածի համաձայն` Դատարանին ընդդատյա հանցագործություններն են` ցեղասպանության հանցագործությունը, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները և պատերազմական հանցագործությունները: Ես արդեն նշեցի, որ Կանոնադրության 11-րդ հոդվածի համաձայն` Դատարանի իրավազորությունը տարածվում է համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո և հետադարձ ուժ չունի: Հետևաբար` մարտի 1-ին տեղի ունեցած հանցագործությունները չեն կարող քննարկման առարկա դառնալ Միջազգային քրեական դատարանում:

– Հաագայի դատարան, ընդհանուր առմամբ, կարող են դիմել ոչ թե քաղաքացիները, այլ պետությունը, կա՞ այնպիսի դրույթ, որի դեպքում կարող է դիմել ոչ թե պետությունը, այլ քաղաքացիները:

– Միջազգային քրեական դատարանի Կանոնադրության 5-րդ հոդվածի համաձայն` իմ կողմից թվարկված հանցագործությունների համար պատասխանատու անձանց նկատմամբ իր իրավազորությունն իրականացնելու առիթ կարող են հանդիսանալ` Կանոնադրության մասնակից պետության կողմից Միջազգային քրեական դատարանի դատախազին այն իրավիճակի ներկայացումը, որի դեպքում ենթադրաբար կատարվել է մեկ կամ մի քանի նման հանցագործություն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից դատախազին այն իրավիճակի ներկայացումը, որի դեպքում ենթադրաբար կատարվել է մեկ կամ մի քանի նման հանցագործություն, ինչպես նաև դատախազի կողմից այդ հանցագործությունների կապակցությամբ քննություն նախաձեռնելը: Տվյալ պարագայում, քաղաքացիների դիմելու հնարավորություն Կանոնադրությամբ նախատեսված չէ, սակայն շահագրգիռ անձինք կամ կազմակերպությունները կարող են Միջազգային քրեական դատարանի դատախազի ուշադրությունը հրավիրել այն հանցագործությունների վրա, որոնք, իրենց կարծիքով, կարող են քննության առարկա դառնալ Միջազգային քրեական դատարանում:

– Միջազգային քրեական դատարանի նախագահ` Սոնգ Սանգ Հյունի հետ Ձեր հանդիպման ընթացքում ի՞նչ եք քննարկել:

– Համաշխարհային արդարադատության ֆորումին հրավիրված էր և ելույթով հանդես եկավ նաև Միջազգային քրեական դատարանի նախագահը, որի ելույթի հիմնական մասը նվիրված էր դատարանի ձեռքբերումներին և այն փաստին, որ գնալով դատարանի նկատմամբ միջազգային հանրության վստահությունը բարձրանում է: Ելույթից հետո հնարավորություն ստացա դատարանի աշխատակազմի միջոցով հանդիպելու պարոն Սոնգ Սանգ Հյունի հետ, որի հետ հիմնականում քննարկեցինք Հայաստանի հնարավոր անդամակցության հարցը: Քանի որ նա շատ էր կարևորում Հայաստանի անդամակցությունը Կանոնադրությանը, մենք պայմանավորվեցինք դատարանի աշխատակազմի հետ համագործակցել և Հայաստանում հնարավորինս լայն շրջանակների ներկայացնել Միջազգային քրեական դատարանին Հայաստանի միանալու կարևորությունը և չեզոքացնել Դատարանի նկատմամբ եղած թյուրընկալումները:

Աղբյուրը՝ http://www.1in.am/

Բաժին: Հարցազրույցներ