Գազային տեռորը Արցախի՞ դեմ է, թե՞ ռուս խաղաղապահների

22/03/2022
Գազային տեռորը Արցախի՞ դեմ է, թե՞ ռուս խաղաղապահների. երեկվանից այս հարցի պատասխանն եմ փնտրում, որովհետև Արցախում կրկին գազ չկա:
Սա հումանիտար ահաբեկչություն է, և Ադրբեջանն ամեն բան անում է, որ Արցախում ապրող մարդկանց կյանքը դժվարացնի: Առաջին հայացքից սպասելի է, որ Ադրբեջանն ամեն բան անում է, որ Արցախի ժողովրդի իրավունքները ոտնահարի, լավ, բա Արցախում անվտանգությունն ապահովող ռուս խաղաղապահների գազն էլ է չէ՞ կտրել: Ի՞նչ է ուզում Ադրբեջանը ՌԴ-ից, և արդյո՞ք ՌԴ-ի ռազմական գործողությունների մեջ լինելու հանգամանքն Ադրբեջանին առիթ է տալիս, որ այստեղ սադրանքներ հրահրի:
Միջազգային հանրությունը պետք է խստիվ դատապարտի ադրբեջանական այս վարքն ընդդեմ խաղաղ բնակչության, իսկ Ռուսաստանը, որի խաղաղապահների հեղինակության հետ են խաղում և առանց գազ թողնում, հստակ հետևություններ անի` Ադրբեջանի հետ վերջերս կնքած 43 կետանոց «դաշնակցային» հռչակագրի համատեքստում:
Ադրբեջանն ինքն իր դեմ է աշխատում, որովհետև ամեն բան անում է, որ միջազգային հանրությանն ապացուցի, որ իր կողմից երբեք չեն կարող հարգվել կամ առավել ևս ապահովվել Արցախի բնակչության անգամ տարրական իրավունքները։

Բաժին: featured