Էդմոն Մարուքյանը՝ Հրաչյա Հարությունյանին վանդակի մեջ պահելու և խալաթով դատարան բերելու մասին
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, անկուսակցական Էդմոն Մարուքյանն 168.am-ի հետ զրույցում` անդրադառնալով ՌԴ-ում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին դատարան կանացի խալաթով ներկայացնելու հանգամանքին, ասաց. «Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններում, բացի Ռուսաստանից, ես չգիտեմ մեկ այլ պետություն, որը մարդուն դատարանում վանդակի մեջ կպահի: Արդեն Եվրոպական դատարանի կողմից ճանաչվել է, որ մարդուն վանդակում պահելը մարդուն նվաստացնելուն է միտվում: Սրան էլ գումարվում է կանացի խալաթը: Ակնհայտ է, որ մարդու իրավունքների կոպիտ խախտում կա»:
Է. Մարուքյանը նշեց, որ ինքը Հրաչյա Հարությունյանի պաշտպանի փոխարեն առաջնահերթ պատասխաններ կպահանջեր, թե որտե՞ղ են գործով կասկածյալի հագուստները, ինչո՞ւ է զրկվել նա հագուստներից, որ կարիք է առաջացել մարդուն այլ հագուստ տրամադրել:
«Միանշանակ սա խախտում է: Բայց պաշտպանը պետք է բարձրացնի այս հարցերը: Եթե ինքը այս հարցը չբարձրացնի, էական ոչինչ չի լինի»,- ասաց նա` ավելացնելով, որ տվյալ պարագայում Հարությունյանը ձերբակալված անձանց համար սահմանված կալանավայրում է եղել, ոչ թե բանտում, հակառակ դեպքում՝ նրան դատարանը պարտավոր էր բանտային հագուստ տրամադրել:
«Դատավորի առջև արժանապատիվ կեցվածքով կանգնելը մեծ նշանակություն ունի: Դատավորի մոտ կարծիք է ձևավորվում: Արևմուտքում անգամ մարդասպաններին կոստյում-շալվարով, սափրված, արդուկված, շատ գեղեցիկ տեսքով են ներկայացնում դատարան: Ու որևէ մեկը չի կարող նրանց նվաստացնել՝ անկախ նրանից, թե ինչում է անձը մեղադրվում»- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին ուղղված ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրիասյանի պաշտոնական դիմումին, ով խնդրել է ուսումնասիրել Հ. Հարությունյանի նկատմամբ «նվաստացնող վերաբերմունքի ու վերջինիս` նման տեսքով դատարան բերման ենթարկելու պատճառները», հետաքրքրվեցինք, թե բավարա՞ր է արդյոք հայական կողմից պաշտոնական այս մեկ արձագանքը:
Ի պատասխան նա նշեց. «Ես արտգործնախարարը չեմ: Չեմ կարող ասել, թե Հայաստանն ի՞նչ պետք է անի: Քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվելը՝ Հայաստանի սահմաններից դուրս, ԱԳՆ-ի գործն է: Իսկ տվյալ պարագայում խնդիրը նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանն է վերաբերում: Կ. Անդրեասյանը ճիշտ է արել, որ դիմել է ու եթե ադեկվատ պատասխան չստանանք, պետությունը կարող է այդ մասով էլ պատասխան տալ: Շտապելու տեղ չկա»:
Աղբյուրը՝ http://168.am/
Բաժին: Հարցազրույցներ