Ի՞նչ փոփոխություններ կլինեն Հայաստանի եւ ՌԴ նախագահների հանդիպումից հետո

03/09/2013

Որոշ փորձագետներ ենթադրում էին, որ Մոսկվա այցելության ընթացքում Հայաստանի նախագահը պետք է հստակ պատասխանի այն հարցին, թե ո՞ր ուղղությունն է Հայաստանը ընտրում Եվրամիություն-Մաքսային միություն դիլեմայում։ Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը այցի ընթացքում ստիպված է լինելու համոզել Պուտինին, որ «և–և»–ն ավելի արդյունավետ է Հայաստանի համար։ Այսպիսով, ի՞նչ սպասել այս հանդիպման ավարտից, հնարավո՞ր է որոշակի ակնհայտ փոփոխություններ լինեն ինտեգրացիոն առումով։ Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ որեւէ փոփոխություն հանդիպումից հետո չի նկատվելու, եւ որ մենք անպայման Վիլնյուսում նախաստորագրելու ենք համաձայնագիրը։ «Այս այցը ես որեւէ կերպ չեմ կապում Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու կամ այլ հարցերի հետ։ ես չեմ կարծում, որ մեր պետության զարգացման համար քայլեր կատարելը պետք է համաձայնեցնենք այլ պետությունների հետ։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի նախագահը պետք է թույլտվություն ստանա որեւէ երկրի նախագահից, կապ չունի դա Ռուսաստանն է, թե այլ պետություն, որպեսզի Հայաստանի շահերից բխող քայլեր կատարի միջազգային հարաբերություններում։ Տվյալ պարագայում ես կարծում եմ, որ այդ այցը հերթական այցերից մեկն է, այսինքն, Հայաստանը եւ Ռուսաստանը շատ խորը համագործակցության մեջ են որպես ռազմավարական գործընկերներ եւ անընդհատ երկկողմ պատասխան այցեր են լինում»,- ասաց պատգամավորը։ Նախկին ԱԳ նախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ վստահ է, որ այս այցի ընթացքում քննարկվելու են Մաքսային միության հետ հնարավոր համագործակցությունը, եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանի անելիք քայլերը, իսկ թե ինչ արդյունքներ կլինեն, կտեսնենք։ ԱԺ պատգամավորը փաստեց, որ վերջին ամիսներին հայ– ռուսական հարաբերություններում որոշակի շեղումներ են տեղի ունեցել եւ նկատվել է բալանսի որոշակի խախտում տարածաշրջանում։ «Մասնավորապես Վլադիմիր Պուտինի այցը Ադրբեջան եւ մինչ այդ զենքի հատկացումը Ադրբեջանին, մանավանդ այնպիսի հարձակվողական զինատեսակի, ինչպիսին «Սմերչ»–ն է, լուրջ արձագանք էր ստացել Հայաստանում»,- հայտնեց նա եւ հավելեց, որ ճիշտ է ունենալ աշխատանքային հանդիպումներ եւ բոլոր այն կնճիռները, որոնք առաջացել կամ կարող են առաջանալ, հարթել երկկողմ բանակցությունների, խորհրդակցությունների միջոցով։ «Հայաստանը գտնվելով այս տարածաշրջանում, դատապարտված է վարելու բալանսավորված քաղաքականություն եւ հաշվի առնելու նաեւ Ռուսաստանի Դաշնության շահերը այս տարածաշրջանում, կարծում եմ, որ եթե մեր իշխանությունները կարողանան ճեղքել այն ստեղծված իրավիճակը եւ Ռուսաստանի մեր գործընկերներին առաջարկեն, որ երկուստեք շահերով պետք է առաջնորդվել, ապա բոլոր կնճիռները կհարթվեն»,- եզրափակեց Ալեքսանդր Արզումանյանը։ Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Աղբյուր՝  http://www.aravot.am/

Բաժին: Հարցազրույցներ