Պատգամավորը` դատապարտյալների համար

15/01/2014

-Պարոն Մարուքյան, վերջերս Ձեր հեղինակած նախագծերից մեկը կառավարության նիստում հավանության արժանացավ: Կներկայացնե՞ք, թե ինչ փոփոխություններ եք առաջարկում:

-Նախ հստակեցնեմ, որ նախագիծն ամբողջությամբ դրական եզրակացության չարժանացավ. կառավարության կողմից առաջարկներ են ներկայացվել, որոնք կքննարկվեն պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Առաջարկվող փոփոխությունները հիմնականում պայմանավորված են քրեակատարողական օրենսդրության մեջ հստակեցումներ կատարելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ շատ դրույթներ պետք է կարգավորվեն ոչ թե ենթաօրենսդրական ակտի, այլ օրենքի մակարդակով: Ավելին, նախագծով պատշաճ վարքագիծ դրսևորող դատապարտյալների համար որոշ արտոնություններ են սահմանվում, որոնց ընդունման դեպքում նախագիծը միանշանակ դրական ազդեցություն կունենա:

-Ինչո՞վ էր պայմանավորված նման նախագիծ առաջարկելու Ձեր նախաձեռնությունը: 

-Առաջին հերթին այն բխում է իմ մասնագիտական գործունեությունից : Ինչպես գիտեք, մինչև պատգամավոր դառնալը զբաղվել եմ իրավապաշտպան գործունեությամբ և 2005 թվականից եղել եմ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ: Տեղյակ լինելով քրեակատարողական համակարգի հիմնախնդիրներին՝ ըստ առաջնայնությունների ներկայացնում եմ նախագծեր, որոնք ուղղված են այս կամ այն խնդրի լուծմանը: Կոնկրետ այս նախագիծը համատեղ աշխատանքի արդյունք է: Այն կազմել ենք իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Դավիթ Թումասյանի հետ միասին, որը նույնպես քրեակատարողական համակարգի խնդիրներին լավատեղյակ մասնագետ է:

-Նախագծից տպավորություն է, թե ավելացվում են դատապարտյալների համար սահմանափակումները: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Եթե նախագիծը կարդացողը չիմանա, որ այդ բոլոր սահմանափակումներն այսօր էլ կան, ուղղակի դրանք կառավարության որոշման մակարդակով են կարգավորվում, ապա կարող է այնպիսի տպավորություն ստանալ, որ այն սահմանափակող բնույթ ունի: Իրականում, նախագիծը որևէ նոր սահմանափակում չի նախատեսում: Ժամանակին կառավարության որոշմամբ սահմանվել են այնպիսի նորմեր, որոնք ենթադրում են ֆիզիկական անձնաց իրավունքների սահմանափակումներ. Խոսքը, մասնավորապես, ուղղիչ հիմնարկում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դատապարտյալների որոշակի իրավունքների սահմանափակման, արգելվող գործողությունների ու իրերի սահմանման մասին է: Մինչդեռ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, ի թիվս այլնի, բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները: Տվյալ դեպքում ենթաօրենսդրական ակտով սահմանված են այնպիսի նորմեր, որոնք պետք է կարգավորվեն միայն օրենքով:

-Դատապարտյալ կանանց վերաբերող դրույթներ ևս կան նախագծում, կհստակեցնե՞ք ինչ եք առաջարկում նրանց մասով:

-Կին դատապարտյալների մասով առաջարկվում է սահմանել, որ ուղղիչ հիմնարկի վարչակազմը դատապարտյալ կանանց հղիության, ծննդաբերության և հետծննդյան ժամանակաշրջանում տրամադրում է անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս խմբի անձինք հատկապես խոցելի են, նաև առողջապահության, մայրության և մանկության պաշտպանության նկատառումներից ելնելով: Այլ դրույթներ ևս կան, ուղղակի դրանց հետ կապված կառավարությունը վերապահումներ ունի, և քննարկումները դեռևս ավարտված չեն: Դրանք վերջնական տեսքի կբերվեն առաջին ընթերցման ժամանակ, հետևաբար քննարկումներն առջևում են:

-Սա Ձեր հեղինակած առաջին նախագիծը չէ, որ կառավարությունը հավանության է արժանացնում: Ինչո՞վ եք դա պայմանավորում՝ նկատի ունենալով հատկապես այն հանգամանքը, որ ոչ իշխանական ուժերի օրենսդրական առաջարկները հիմնականում գործադիրի բացասական եզրակացություններն են ստանում: Ձեր հանդեպ ունեցած վերաբերմունքո՞վ, թե՞…

-Դուք իրավացի եք, այս նախագիծն առաջինը չէ, որ վերապահումներով, բայց դրական արձագանք է ստանում: Բայց հիշեցնեմ նաև, որ մի շարք նախագծեր ունեմ, որոնք հետաձգել եմ միայն այն պատճառով, որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել, հակառակ դեպքում դրանք պետք է մերժվեին և դուրս գային շրջանառությունից: Ավելին, ես նախագծեր ունեմ, որոնք ընդունվել են հանձնաժողովում, այնուհետև ընդհանուր քվեարկությամբ, բայց դրանց ընդունումը կառավարությունն աննպատակահարմար էր համարել: Հետևաբար՝ ասել, որ իմ նախագծերը միշտ հավանության են արժանանում, այնքան էլ ճիշտ չէ: Բայց երկարատև բանակցությունների ու տքնաջան աշխատանքի արդյունքում հնարավոր է լինում նախագծեր անցկացնել, դրա վառ ապացույցը իմ համեստ պատգամավորական գործունեությունն է:

Աղբյուր՝ parliamentmonitoring

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ