«Լռելու իրավունքը լինելու է պաշտպանության հիմնական միջոցը, այն զենքը, որով մեղադրյալը պետք է պաշտպանվի»
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը, որն արդեն ուղարկվել է Ազգային ժողով, մի շարք նոր կարգավորումներ է նախատեսում: Նախագծի որոշ կարգավորումների առնչությամբ փաստաբաններն այս ընթացքում արդեն իսկ արտահայտել են իրենց մտահոգությունները: «168 Ժամը» Քրեական դատավարության նոր օրենսգրքի մասին զրուցել է ԱԺ պատգամավոր, նախկին փաստաբան Էդմոն Մարուքյանի հետ: – Պարո՛ն Մարուքյան, Ձեր գնահատմամբ` ի՞նչ թերություններ և առավելություններ ունի Քրեական դատավարության օրենսգրքի նոր նախագիծը: – Այս պահին չէի ցանկանա անդրադառնալ դետալներին: Կարծում եմ` օրենսգիրքն ավելի շատ առավելություններ ունի, քան թերություններ: Ավելին, օրենսգիրքն` իր համակարգով, ըստ էության, շատ լավ փաստաթուղթ է, շատ լուրջ աշխատանք է կատարվել նախագծի վրա և դեռևս շարունակում է կատարվել արդեն ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Մենք հանձնաժողովում հոդված առ հոդված քննարկում ենք այն: Այս առումով, կարծում եմ` այո՛, կան որոշ հոդվածներ, ուղղություններ, որոնց հետ կապված մտահոգություններ կան, բայց ընդհանուր առմամբ` օրենսգիրքը, միանշանակ, նոր դրական փոփոխությունների է հանգեցնելու մեր քրեական արդարադատության բնագավառում: – Նախագծի ամենաշատ քննադատված կարգավորումը մեղադրյալի ցուցմունքների դեպոնացումն է: Որքանո՞վ է հաջողված այդ կարգավորումը: – Ես անձամբ ծանոթ եմ դեպոնացման հետ կապված բոլոր մտահոգություններին: Որպես նախկին փաստաբան` ինքս էլ մտահոգություններ ունեմ: Այս մասը Պետաիրավական հանձնաժողովում քննարկելիս մենք արդեն իսկ մի շարք առաջարկներ ենք ներկայացրել, որոնք երաշխիքների ավելի բարձր մակարդակ են ապահովելու, որպեսզի եղած մտահոգությունները իրավակիրառ պրակտիկայում պարզապես հնարավոր չլինի կյանքի կոչել, հնարավոր չլինի չարաշահումներ անել: Մենք փորձել ենք այդ ուղղությամբ մի շարք նոր երաշխիքներ առաջարկել և սահմանել: Քանի որ դրանք վերջնական չեն, և քննարկումներն ընթացքի մեջ են, այս պահին չէի ցանկանա մանրամասներին անդրադառնալ: Այո՛, տեղյակ ենք մտահոգություններին, իմ փորձով էլ ես մի շարք մտահոգություններ կարող եմ ավելացնել, բայց մենք այս պահին փորձում ենք երաշխիքներ ավելացնել, նոր հիմքեր մտցնել, որ դրանք իրապես կյանքի չկոչվեն: – Նախագծի հեղինակները դեպոնացման ինստիտուտի ներդրումը բացատրում են նաև այն հանգամանքով, որ այն հնարավորություն կտա նվազեցնել ոչ իրավաչափ եղանակներով ինքնախոստովանական ցուցմունքների ստացման հնարավորությունը: Ձեր կարծիքով՝ դա կարո՞ղ է ծառայել այդ նպատակին: – Այն նոր երաշխիքները, որոնք մենք առաջարկել ենք, իրապես կնվազեցնեն այն հնարավորությունները, որոնք թե՛ այսօր, թե՛ Քրեական դատավարության նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո հնարավորություն են տալիս չարաշահել դեպոնացման ինստիտուտն ընդհանրապես: Ես արդեն ասացի, որ մենք ամեն բան անելու ենք, որ դեպոնացման ինստիտուտը կիրառվի և օգտագործվի այնպես, որ որևէ խնդիր չառաջացնի հետագայում: Սա ասում եմ մարդու իրավունքների պաշտպանության առումով, այսինքն՝ որ ամբաստանյալը չզրկվի արդյունավետ պաշտպանության իրավական միջոցներից: Ավելին, մենք ցանկանում ենք այնպիսի երաշխիքներ ամրագրել, որոնցով մեղադրյալը հնարավորություն կունենա իր նկատմամբ բռնությունների հարցը շատ արագ բարձրացնել և արագ արձագանք ստանալ, անգամ, եթե եղել են բռնությունների դեպքեր, և փորձ է արվում դրան հաջորդել դեպոնացումը: Այսօրվա իրավակիրառ պրակտիկայում, ինչպես նաև Քրեական դատավարության օրենսգրքում նման հնարավորություններ չկան: Այսինքն՝ դու հնարավորություն ունես հայտարարելու, որ քո նկատմամբ եղել են վատ վերաբերմունքի, խոշտանգման դեպքեր, երբ մեղադրական եզրակացությունն արդեն դատարանում է, դու հասել ես դատարան, և սկսել են դատել քեզ: Այդ ժամանակ միայն դատարանում կարող ես ասել: Դեպոնացման ինստիտուտն ու մեր առաջարկած երաշխիքները միասին ներդնելով՝ մեղադրյալը ստանալու է նոր հնարավորություններ` կանխարգելելու այն ապօրինությունները, որոնք տեղի են ունենում, այն արատավոր պրակտիկան, որ մենք գիտենք, և որոնց մասին խոսվում է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային տարբեր զեկույցներում: – Որոշ անձինք մտահոգություն են հայտնել նաև, որ դեպոնացված խոստովանական ցուցմունքը կարող է «ապացույցների թագուհի» դառնալգ – Նման մտահոգություն կա: Ես նույնպես որոշակի առումով կիսում եմ այդ մտահոգությունը, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ դա այդպես չլինի: Այսինքն՝ այն չի կարող միակ և վերջնական ապացույց լինել, որով մարդուն կարող են ուղղակի դատել: Դա պետք է դիտել համակարգի մեջ և ոչ առանձին վերցված, չդարձնել մի բան, որն անբեկանելի ու անփոփոխելի է, անհնար է այլևս որևէ բան անել: Մտահոգությունն այն է, որ եթե ցուցմունքը դեպոնացրին՝ դառնում է անվիճարկելի ապացույց, դառնում է ապացույցների թագուհի, հետևաբար` մենք այլևս ոչ մի բան չենք կարող անել: Սա պաշտպանական մտահոգություն է: – Նախագծի հեղինակները լավագույն կարգավորումներից են համարում նաև այլընտրանքային խափանման միջոցների ներմուծումը: Օրենսգրքի նոր նախագիծը թույլ է տալիս, բացի կալանավորումից՝ մյուս խափանման միջոցներից մի քանիսը համակցությամբ կիրառել: Կարո՞ղ է արդյոք այս կարգավորումը լուծել կալանքը որպես հիմնական խափանման միջոց կիրառման խնդիրը: – Կալանավորումը՝ որպես բացառիկ խափանման միջոց, այսօրվա Քրեական դատավարության օրենսգրքով դարձել է ամենապրակտիկ խափանման միջոցը, ամենօրյա և ամեն գործով կիրառվող խափանման միջոց: Ներկայիս քննարկումները տանում են նրան, որ Քրեական դատավարության օրենսգիրքը հնարավորինս լուծելու է այն չարաշահումների խնդիրը, որը կա անձանց ազատությունից զրկելու հետ կապված` խափանման միջոցը կալանք կիրառման պրակտիկայում: Այսինքն՝ թե այն, որ այլընտրանքային խափանման միջոցները կարելի է համակցությամբ կիրառել, թե այն, որ մենք Քրեական դատավարության օրենսգրքով նոր այլընտրանքային խափանման միջոցներ ենք ներմուծում, հնարավորինս լուծելու են այն մտահոգությունները, որոնք մենք ունենք այսօր` կապված կալանքի՝ որպես խափանման միջոցի հետ: Խնդիրը նաև այն է, որ դա ազդում է քրեական արդարադատության վրա: Այսօրվա պրակտիկան ցույց է տալիս, որ եթե նախաքննության ժամանակ անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է եղել կալանքը, եթե անգամ նրան մեղսագրվող արարքի սանկցիայում կա տուգանք, դատարանը նրան անպայման ազատազրկման ձևով է պատժելու: Ինչո՞ւ: Որովհետև նա արդեն կալանքի տակ է եղել: Մենք պետք է ամեն բան անենք, որ Քրեական դատավարության նոր օրենսգրքով տրվի այս պրակտիկայի վերջը: Նոր մոտեցումներ կան նաև կալանքի ժամկետների հետ կապված: – Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի՝ խափանման միջոցի կիրառման իրավաչափությանը վերաբերող հոդվածում նշված է, որ խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե բացակայում է հիմնավոր կասկածն այն մասին, որ մեղադրյալը կատարել է իրեն վերագրվող հանցանքը: Նույն հոդվածի մյուս կետում նշվում է, որ խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է մեղադրյալի փախուստը կանխելու համար, մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար, մեղադրյալի կողմից իր վրա օրենքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար: Հոդվածի հաջորդ կետում էլ նշված է, որ թվարկված երեք հանգամանքների հիմնավորում չի պահանջվում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձի սկզբնական կալանքի դեպքում: Ստացվում է, որ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձին սկզբնական կալանավորելու համար բավական է միայն հիմնավոր կասկածն այն մասին, որ մեղադրյալը կատարել է իրեն վերագրվող հանցանքը: Ձեր գնահատմամբ՝ այդ մի պայմանը բավարա՞ր է սկզբնական կալանքի համար: – Մենք լուրջ առաջարկներ ենք արել այս հոդվածի հետ կապված: Բնականաբար, տեղյակ ենք այդ մտահոգություններին, որ հնչեցնում է փաստաբանական համայնքը: Մենք էլ ունենք այդ մտահոգությունները: Այն դեպքում, երբ այն երեք ինստիտուտները չեն գործելու, և պարտադիր չէ, որ գործեն, մենք ունենք առաջարկներ, որ դատարանը նոր պահանջներ կարողանա ներկայացնել, և մեծանա ստուգման հնարավորությունը դատարանի համար ծանր և առանձնապես ծանր մեղադրանք ներկայացված գործերով, և միայն ձեր կողմից նշված հիմնավոր կասկածը և այն երեք ինստիտուտների պարտադիր չլինելը հիմք չլինեն անձին ուղղակի կալանավորելու: Ավելին, ես՝ որպես փաստաբան, մտահոգություն եմ ներկայացրել, որ ժամանակին բախվել ենք հետևյալ խնդրի հետ. բավական է սխալ որակել մարդու արարքը՝ նրան առաջադրելով ծանր մեղադրանք և բերել նրան դատարան՝ կալանավորելու: Հետագայում` նախաքննության ընթացքում ինչ-ինչ հանգամանքներում, այստեղ նաև կոռուպցիոն ռիսկեր կան, վերաորակել արարքը և անձին ազատ արձակել: Այս արատավոր պրակտիկայի վերջը պետք է տրվի, և հենց այդ մտահոգությունից ելնելով էլ՝ մենք առաջարկել ենք, որ միայն մեղսագրվող արարքի ծանրությունը և դրա հիմնավոր կասկածը չլինի այն միակ հիմքը, որն անձին կարող է տանել կալանքի, թեկուզև մեկ ամսով: – Պարո՛ն Մարուքյան, Քրեական դատավարության օրենսգրքի նախագծով՝ մեղադրյալն այլևս սուտ խոսելու իրավունք չունի, իրավունք ունի լռություն պահպանելու: Ձեր կարծիքով՝ սա հաջողվա՞ծ կարգավորում է: – Այո՛, հաջողված կարգավորում է: Դա Ամերիկայի Միացյալ Նահանգներում և մի շարք այլ երկրներում այսօր գործող կարգավորում է: Լռելու իրավունքը լինելու է պաշտպանության հիմնական միջոցը, այն զենքը, որով մեղադրյալը պետք է պաշտպանվի: Մյուս կողմից` այսօրվա վիճակն աբսուրդի է տանում: Պատկերացրեք` դուք դատավորն եք, մի կողմից` ունեք մեղադրյալ, որը կարող է ցանկացած հարցում եղելությունը սուտ պատմել և դրա համար չկրել պատասխանատվություն, մյուս կողմից` ունեք վկաներ, տուժողներ, որոնք իրավունք չունեն սուտ խոսելու և դրա դեպքում կարող են քրեորեն հետապնդվել: Այս իրավիճակում ո՞ւմ կհավատաք դուք: Մեղադրյալի՞ն, որը միշտ կարող է ստել, թե՞ վկաներին կամ տուժողներին, որոնք նախազգուշացվում են սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Այս առումով լրջագույն խնդիր է, որ մեղադրյալի խոսքն արժեք ունենա, մեղադրյալը կարողանա իր խոսքով, իր ցուցմունքով պաշտպանել ինքն իրեն: Մարդիկ, բնականաբար, կսկսեն իրազեկվել մինչև Քրեական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելը և կիմանան, որ իրենք պետք է օգտվեն իրենց՝ լռելու սահմանադրական իրավունքից, հակառակ դեպքում՝ այն, ինչ իրենք ասում են, կարող է օգտագործվել իրենց դեմ: Սա կարևորագույն փոփոխություն է, որը պաշտպանության համար նոր հնարավորություններ է բացելու: Այսօրվա ստելու ինստիտուտը որևէ նոր զենք չի տալիս պաշտպանությանը, քան այն, որ երբ փաստաբանը ստանձնում է պաշտպանությունը, գա, պաշտպանյալին ասի՝ ասա, որ մինչև իմ ներգրավվելը տրված բոլոր ցուցմունքները սուտ են: Բայց դրանից հետո տրված ցուցմունքներն ի՞նչ արժեք են ունենում դատարանի համար: Սա լուրջ հարց է: Ես կարող եմ ասել, որ ոչ մի արժեք չեն ունենում: Շատ կարևոր է, որ մարդու խոսքը, էական չէ՝ ինչում է նա մեղադրվում, դարձնենք արժեքավոր, այդ մարդու խոսքը դատարանի համար հավասար արժեք ունենա, ինչ ունի վկայի, տուժողի խոսքը: – Որքանո՞վ է հաջողվել թեթևացնել նախաքննության բեռը: – Ներդրվել են նոր ինստիտուտներ, և կարծում եմ՝ բավական հաջողված կարգավորումներ կան: Բնական է, որ կարելի է ցանկացած լավ գաղափար փչացնել իմպլեմենտացիայի ժամանակ, նենգափոխել ամբողջ միտքը, գաղափարն ու առաքելությունը: Միանշանակ, ունենք լավ կարգավորումներ, որոնք լավագույն միջազգային փորձի ուսումնասիրության արդյունք են, և պարզապես հույս ունեմ, որ իրավակիրառ մարմինները դրանք կկիրառեն այնպես, ինչպես օրենսդիրը հասկացել և պատկերացրել է այդ ինստիտուտները: Այս պահին` այսքանը: Ակնհայտ է, որ օրենսգիրքը պետք է սկսի կիրառվել իրական կյանքում, որպեսզի ի հայտ գան խնդիրները, որոնք մինչև վերջ վերացված չեն, և դրանք նույնպես վերացվեն: Այո՛, կան լավ ինստիտուտներ՝ կապված ապացույցների հավաքման, հավասար հնարավորություն տալու և այլնի հետ: Բայց այդ ամենը դեռ թեորիապես է սահմանված, թե որքանով դրանք արդյունավետ կլինեն իրական կյանքում, ցույց կտա կյանքը: – Փաստաբանների լիազորությունների հետ կապված ի՞նչ նոր կարգավորումներ ունի Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը: – Ես պետք է ընդհանուր ասեմ: Երբ հրապարակվեց Քրեական դատավարության օրենսգրքի հայեցակարգը, կարծիքները հետևյալն էին, որ այն ավելի շատ պաշտպանական ուղղություն ունի: Կարծում եմ՝ որոշ շեղումներ եղել են, բայց ամբողջությամբ չի շեղվել այդ ուղղությունից: Միանշանակ, պրոֆեսիոնալ պաշտպանությունը, լավ փաստաբան ունենալը լուրջ ազդեցություն է ունենալու քրեական արդարադատության հետագա ընթացքի վրա: Պաշտպան ունենալու դերը, ըստ էության, գնալով մեծանում է, մեծացել է նաև այսօր գործող օրենսդրությամբ:
Աղբյուր՝ 168 Ժամ
Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ