«Աշխատավարձերի նվազումը՝ լուրջ դժգոհությունների առիթ». Էդմոն Մարուքյան
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ Առողջապահության նախարարից հետաքրքրվեց, թե ինչու են Վանաձորի պոլիկլինիկայի աշխատակիցների աշխատավարձերը նվազել, ինչն էլ արտագաղթի է բերել: Պատասխանելով պատգամավորի հարցին` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ կառավարության նոր ծրագրում իրենք ունեն դրույթներ, ըստ որոնց՝ առաջնային բուժօղակը լինելու է գերակա: «Ավելի մանրամասն ուսումնասիրելուց հետո հստակ կարող ենք նշել, թե ինչու է այդպես,- ասաց նորանշանակ նախարարն ու հավելեց,- ըստ էության, պակասում է բնակչության թիվը: Նրանք կարող են դիմել ընտանեկան բժիշկների գրասենյակները: Պետք է նաև ասեմ, որ պոլիկլինիկական ծառայություններում որոշակի խնդիրներ կան գրասենյակներ ձևավորելու հետ կապված, և մենք նպաստելու ենք, որ երկուսն էլ հավասարապես զարգանան: Ես խորապես կուսումնասիրեմ այդ հարցը. շուտով լինելու եմ Վանաձորում, և կհասկանանք, թե ինչու է այնտեղից մասնագետների արտագաղթ լինում»: Ըստ Էդմոն Մարուքյանի՝ դրա միակ լուծումը կառավարության կողմից գումարների ավելացումն է: «Հակառակ դեպքում՝ այո, կարող են ասել, որ քանի որ բնակչության թիվը նվազել է, հետևաբար՝ ֆինանսավարումը նվազել է, ու էդ մարդկանց ասե՞նք՝ գնացեք տուն: 35-40 հազարով նրանք չեն կարող աշխատել. սա լուրջ դժգոհությունների առիթ է դառնալու»,- ավելացրեց պատգամավորը:
Արևիկ Իսաջանյան
Աղբյուր՝ PressIdent.am