ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՎՊՀ-ՈՒՄ

26/05/2014

Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը մայիսի 23-ին հանդիպում ունեցավ Վանաձորի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, աշխատակիցների և ուսանողների հետ:

ՎՊՀ աշխատակազմի ղեկավար Վանո Եղիազարյանը ողջունեց պատգամավորին և բոլոր ներկաներին՝ ակնկալելով  հետաքրքիր զրույց:

Է. Մարուքյանը նախ շնորհավորեց բուհին համալսարան դառնալու կապակցությամբ  և մաղթեց գիտակրթական նորանոր հաջողություններ:

Այնուհետ նա հակիրճ ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման 3-րդ և 4-րդ նստաշրջաններում իր գործունեությունը: Նաև հիշեցրեց, որ Վանաձորում գործում է իր պատգամավորական գրասենյակը, որտեղ քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման հետ մեկտեղ ընդունվում են նաև դիմումներ և առաջարկություններ ամենատարբեր հարցերի շուրջ: Դրանց մի մասին պատգամավորը պատասխանում է գրավոր, իսկ անհրաժեշտության դեպքում հարցը լսեցի դարձնում նաև Ազգային ժողովում: Բացի այդ՝ պատգամավորը հաճախ է կազմակերպում  հետընտրական հանդիպումները քաղաքացիների հետ: «Այս ճանապարհով փորձում եմ մշտապես իրազեկված լինել քաղաքացիներին հուզող խնդիրների, հարցերի վերաբերյալ և փնտրել դրանց լուծման հնարավոր տարբերակները»,- ասաց Է. Մարուքյանը:

Այնուհետ պատգամավորը խոսեց ՀՀ ԱԺ-ում այս տարիներին իր կողմից բարձրացված և քննարկման առարկա դարձած և արդեն իսկ դրական լուծումներ գտած հարցերի մասին:

Հանդիպման ներկաները հնարավորություն ունեցան բարձրաձայնել իրենց հուզող հարցերը և դրանց շուրջ լսել ԱԺ պատգամավորի տեսակետը:

Ակտիվ և անկաշկանդ քննարկումից հետո Է. Մարուքյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ նման հանդիպումներ հաճախակի են կազմակերպվելու: Նա միշտ պատրաստ է լսել վանաձորցիներին հուզող  խնդիրները և հնարավորինս հարթել դրանց լուծման ճանապարհը:

Նարինե Ներսեսյան

Աղբյուր՝ vspi.am

Բաժին: Հետընտրական հանդիպումներ, Մամուլ