Պահեստազորի սպաների համար աշխատանքային ստաժ կհաշվեն

04/11/2014

Օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայություն անցած, այնուհետ պահեստազորում ընդգրկված եւ հաշվառված, բարձրագույն կրթություն ունեցող անձանց զինվորական ծառայության ժամկետը նախատեսվում է համարել պետական կառավարման ոլորտի ստաժ: Համենայնդեպս, այսօր ՀՀԿ-ական պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից ներկայացրած նախագիծը`«Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասով, ՀՀ ազգային անվտանգության, պաշտպանության եւ ներքին գործերի հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացավ: Քննարկմանը ներկա, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանն էլ ներկայացրեց կառավարության վերապահումը` նախագիծը կվերաբերի այն անձանց, ովքեր պարտադիր զինվորական ծառայության ժամանակ գոնե կրտսեր հրամանատարական պաշտոն են զբաղեցրել: Նախագիծը դրական եզրակացություն ստացավ`կառավարության վերապահումով հանդերձ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Աղբյուր՝ aravot.am

 

Բաժին: featured, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ